Saturday, November 7, 2009

«ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՋԱՎԱԽԱՀԱՅ ԱԿՏԻՎԻՍՏԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՓՆՏՐԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ

ArmenianNow.am 6.11.2009- Վրաստանի վերաքննիչ դատարանի կողմից ջավախահայ հայտնի քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին 10 տարի ազատազրկելու որոշումն անփոփոխ թողնելուց հետո նրա պաշտպանությունը ստանձնած Երևանում գործող «Երկիր» հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների միությունը այսուհետ աջակցություն է փնտրելու միջազգային ատյաններում: Հիշեցնենք, որ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Չախալյանը ձերբակալվել էր 2008 թ. հուլիսին` Ախալքալաքի (Հարավային Վրաստանում գտնվող հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի շրջանի կենտրոն) ոստիկանության պետի տան մոտ կատարված ավտոպայթյունից հետո և մեղադրվում է Վրաստանի քր. օրենսգրքի մի քանի հոդվածներով` «զենք ու զինամթերք ձեռք բերելու և պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության և խուլիգանության»: «Երկիր» միության ծրագրերի պատասխանատու Ռոբերտ Թաթոյանը համոզված է, որ սա իրականում Վրաստանի իշխանությունների հերթական քայլն է վրացահայերի դեմ: «Ընդամենը 10-15 րոպե ձևական խորհրդակցություններից հետո վերաքննիչ դատարանը կայացրեց այդ որոշումը, և դատարանի լսումներն անցկացվեցին նույն սցենարով, ինչ և առաջին ատյանում`անպատշաճ թարգմանություն, միջնորդությունների մերժում, փորձաքննությունների ուշացում…»,- ասաց Թաթոյանը: «Երկիր» միության տարածած հայտարարության համաձայն`Վրաստանի իշխանությունները գիտակցաբար ուզում են ավելացնել ճնշումը հայկական համայնքում և մեծացնել վախի մթնոլորտը: «Վրաստանը չի էլ գիտակցում, որ այդպես գործում է իր իսկ շահերին հակառակ: Այդպես նա կորցրեց Հարավային Օսիան, Աբխազիան, եթե այսպես շարունակվի, մի օր էլ մենք կցանկանանք հետ վերցնել Ջավախքը»,- ասաց «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից սպասվելիք քայլերին, Արծրունին հույս է հայտնում, որ ՀՀ նախագահի կողմից արդեն իսկ բարձրացվել է վիճահարույց հայկական 6 եկեղեցիների հարցը Վրաստանում և հնարավոր է, որ ապագայում Չախալյանի նկատմամբ ևս անտարբեր չլինեն:

No comments: