Wednesday, November 11, 2009

Ի.Բերքան. «Թուրքիայի նախագահը ոտքը կապել է Ադրբեջանին»

Aysor.am 11.11.2009 - «Ես չեմ կարծում, թե առանց Ղարաբաղի հարցի լուծման, հնարավոր է բացել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը կորողանան որևէ հուշագիր ստորագրել, Թուրքիան կարող է մտածել սահմանի բացման մասին: Քանի որ Թուրքիան սահմանը փակել է Ադրբեջանի համար, բլոկադային վերջ կդրվի, եթե համաձայնագիր կնքվի», - նման համոզմունք հայտնեց թուրքական «Ռադիկալ» թերթի խմբագիր Իսմեթ Բերքանը: Հայ լրագրողների հետ զրույցի սկզբում նա նախ խոստացավ հանդիպման վերջում ասել, թե ի՞նչ սերտ կապ ունի հայերի հետ, ապա նշեց, որ ամեն մարդ էլ գիտի, որ արձանագրություններից զատ` հայ-թուրքական հարաբերությունների ծավալման ընթացքում խոսվելու է նաև Ղարաբաղի մասին: «Ես` իբրև խմբագիր, կարծում եմ, որ Թուրքիայի նախագահը ոտքը կապում է Ադրբեջանին իր հայտարարություններով: Արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չկա, որովհետև այն Թուրքիայի հարցը չէ, այլ Ադրբեջանի ու Հայաստանի: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ամեն անգամվա հանդիպմանը մի բան է կատարվում: Կարծում եմ, շուտով համաձայնագիր էլ կկնքվի»,- ասաց Բերքանը: Ըստ նրա, Ռուսաստանն էլ այժմ կողմանկից է տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը, և դա հույս է տալիս թուրք խմբագրին հավատալ, որ մոտ է հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման օրը: Միևնույն ժամանակ Իսմեթ Բերքանն ասաց, որ չի կարծում, թե մինչև 2010-ի ապրիլի 24-ը որևէ փոփոխություն կարող է արձանագրվել հայ-թուրքական հարաբերություններում, և կարծիք հայտնեց, թե ապրիլի 24-ը քաղաքական հարցերի լուծման համար ամենահարմար օրը չէ: Մյուս կողմից թուրք խմբագիրը կոչ արեց. «Դուք պետք է մի բան անեք: Միայն թուրքական կողմի անելով չէ: Կարևորը, որ Թուրքիայի կառավարությունը լավ է տրամադրված խնդիրները լուծելու հարցում, և դա ժողովրդավարացման ճանապարհին կարևոր հարց է»: Թե ավելին ի՞նչ պիտի անի հայկական կողմը, Բերքանը չկարողացավ պատասխանել, ասելով, որ ինքը միայն պատասխանատու է թուրքական կողմի համար: Հետո էլ խմբագիրը շեշտեց, որ հայկական հարցը Թուրքիայի համար կարևորներից չէ. «Այնպես չէ, որ կառավարությունը չի քնում ու միայն մտածում է Հայաստանի հետ հարցերը լուծելու մասին: Բայց դա կարևոր է Թուրքիայի համար, քանի որ մեր երկիրը ցանկանում է հարաբերությունները կարգավորել բոլոր հարևանների հետ»,- հայտարարեց Իսմեթ Բերքանը: Նրա խոսքով, երկու ժողովուրդների միջև շատ տարբեր պատկերացումներ կան, բայց «Ռադիկալի» խմբագիրն առանձնացրեց այն, որ չնայած տարաբնույթ կարծիքներին, հայաստանցիները գնում և «անկաշկանդ» աշխատում են Թուրքիայում: «Չեմ լսել երբևէ, որ հայաստանցիները բողոքեն թուրքերից: Այնպես որ սահմանի բացումն այստեղ զուտ քաղաքական է, իսկ իրական սահմանները վաղուց են բաց»,- համոզմունք հայտնելով` Բերքանը շարունակեց, որ չի հասկանում, թե ինչպե՞ս կարող են մարդիկ դեմ լինել հարաբերությունների կարգավորմանը: Նա նաև զարմացավ, թե ինչո՞ւ է Ցեղասպանության հարց բարձրացվում, երբ խոսվում է սահմանների բացման մասին, հետո էլ ասաց, որ կարող ենք խոսել Ցեղասպանության մասին, բայց նաև կողմ լինել հարաբերությունների կարգավորմանը: Իսկ թուրք խմբագրի ասածներից ամենազավեշտալին այն էր, որ Թուրքիայում մարդիկ չգիտեն, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանները փակ են, կամ էլ, որ Թուրքիան Հայաստան անունով հարևան ունի: Բերքանը նաև խորհուրդ տվեց չմտածել, թե Թուրքիայի ազգայնական կուսակցությունները միայն հայերի դեմ են` նրանք բոլորին են դեմ: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է «Ռադիկալը» լուսաբանում ապրիլի 24-ը, և արդյո՞ք թերթի աշխատակիցները հետևում են հայկական մամուլին, նա պատասխանեց. «Մենք ասում ենք, որ 1915-ի դեպքերի հերթական տարելիցն է: Այսպես կոչված Ցեղասպանության մասին որոշակի բաներ գրում ենք: Շատ քիչ ենք հետևում հայկական մամուլին: Եթե հետևում էլ ենք, ապա հիմնականում սոցիալական թեմաներով: Մենք չենք էլ կարող շատ հետևել հայկական մամուլին, որովհետև հայերեն չգիտենք, իսկ մամուլում հիմնականում հայերեն են գրում, անգլերեն էջեր ունեցող կայքերին հետևելու համար էլ պետք է թարգմանիչ ունենանք, որը ևս մեծ ծախս է»: Նշենք, որ թարգմանիչ ունենալը մեծ ծախս համարող խմբագրությունում 100-ից ավելի թարգմանիչ է աշխատում` տարբեր լեզուների ու մամուլների ուսումնասիրության գծով: Իսկ հանդիպման վերջում, Իսմեթ Բերքանը կատարեց իր խոստումը: Նա բացահայտեց, որ երգահան Արտո Թունջբոյաջյանն իր կնոջ քեռին է. «Նա լավ ու Թուրքիայում հայտնի մարդ է: Ես հիշում եմ, որ երբ մի անգամ «Արմենիան Նեյվի բենդը» ժամանեց Թուրքիա, կառավարությունից ինձ զանգեցին ու ասացին, որ Հայաստանից բանակային խումբ է ժամանել Թուրքիա, և հարցնում էին, թե արդյո՞ք թուրքական մի փոքր զորք պատրաստեն, երբ իմացան, որ ես պետք է դիմավորեմ նրանց: Պարզվում է, կառավարությունում «Արմենիան Նեյվի բենդը» հասկացել էին որպես զինվորական խումբ: Շատ ծիծաղացինք այդ օրը, որ Արտոյին Հայաստանից բանակ բերելու մեջ էին մեղադրում»:

No comments: