Monday, November 30, 2009

Ովքե՞ր պետք է լինեն Ռուսաստանի դաշնակիցները

Tert.am. 30-11-2009- «Դաշնային խորհրդի առջև ելույթ ունենալիս՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ասել է. «Մեր հարաբերություններն այլ երկրների հետ պետք է ուղղված լինեն մոդեռնիզացիայի խնդիրները լուծելուն: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է բացառապես պրագմատիկ լինի: Դրա արդյունավետությունը պետք է գնահատվի հասարակ ձևով՝ արդյոք այն նպաստում է մեր երկրում կենսամակարդակի բարելավմանը»: Ոսկե խոսքեր են, սակայն ին՞չ է տեղի ունենում իրականում»,- «Ведомости» թերթում հրապարակված հոդվածում գրում է Հետարդյունաբերական հասարակության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ինոզեմցևը: Ռուսաստանը երկակի դրության մեջ է. մի կողմից այն զարգացող տնտեսական պետություն է, մյուս կողմից` պատմական գերկայսրություն, գրում է հոդվածի հեղինակը: Այս փաստը, սակայն, չի բացատրում իր դաշնակիցների հարցում կողմնորոշվելու նրա անհետևողական քայլերը: Միայն 2007-2009թթ Ռուսաստանի ղեկավարներն իրենց երկրի «ռազմավարական գործընկերներ» են հայտարարել 15 պետությունների: Հասկանալի է, որ դրանց շարքում են հայտնվել ԵՄ-ը և Չինաստանը, որոնց համապատասխանաբար «բաժին է ընկնում» Ռուսաստանի արտաքին առևտրի 52,2 և 7,3%-ը և արտասահմանյան ներդրումների 81,2 և 1,9%-ը: Սակայն ինչպե՞ս բացատրել այս ցուցակում Էկվադորի հայտնվելը, որի հետ առևտուրը տարեկան կտրվածքով 760 միլիոն դոլար է, ինչը կազմում է Ռուսատանի արտաքին առևտրի ընդամենը 0,1%-ը: Նման անհասկանալի ձևով ցուցակում հայտնվել են նաև Նիկարագուան և Վենեսուելան: Ինչո՞ւ է ստացվել այնպես, որ Ուկրաինան (նշենք, որ ՌԴ Ուկրաինայի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է 32,9 միլիարդ դոլար) չի հանդիսանում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, իսկ Հայաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը հանդիսանում են: «Ռուսաստանը, ակնհայտորեն, իր արտաքին քաղաքականությունը չի կառուցում՝ հենվելով տնտեսական խնդիրների և նպատակների վրա: Արդյո՞ք նախագահը պատրաստվում է փոխել այդ մոտեցումը: Եթե նա անկեղծ է իր խոսքերում, որոնք արդեն իսկ մեջբերվել են այս հոդվածի սկզբում, ապա որտեղից են առաջանում այդ գրկախառնությունները Օրտեգայի, Չավեսի և Կոռեայի հետ»,- գրում է փորձագետը: Հարկ է նշել նաև, որ ՌԴ արտաքին քաղաքականության «տնտեսական» ուղղվածությունն այս տարի իրականացվում էր վարչապետի կողմից, սակայն, կրկին, բավական յուրահատուկ ձևով: Վլադիմիր Պուտինն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին կատարել է 16 արտասահմանյան ուղևորություն: Դրանցից 14-ում (բացառությամբ Աբխազիայի և Մոնղոլիայի) բանակցությունների գլխավոր թեման եղել է… գազը: «Համարվում է, որ Ռուսաստանի համար գազն ամեն ինչ է: Սակայն արդյո՞ք դա իրականում այդպես է: Ըստ Մաքսային կոմիտեի անկողմնակալ տվյալների` 2009թ. հունվար-սեպտեմբեր ամսիներին ռուսական գազի մատակարարումները կազմել են Ռուսաստանի ընդհանուր արտահանումների 12,6%-ը։ Նույն թեման կազմել է կազմել են պուտինյան արտասահմանյան ուղևորությունների 87,5%-ը»,- գրում է Ինոզեմցևը: Նոր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող նախկինը մնալ, եզրափակում է հոդվածագիրը: Այն պետք է ուղղված լինի այն երկրների հետ կառուցողական հարաբերություններ ստեղծելուն, որոնք հանդիսանում են տեխնալոգիաների և փորձի մատակարարներ: Չինաստանի հետ քաղաքական դաշինք ստեղծելու պատրանքները չպետք է վնասեն Եվրոպայի հետ տնտեսական համագործակցությանը, իսկ Վենեսուելայի և Էկվադորի հետ խաղերը` Բրազիլիայի հետ հարաբերություններ կառուցելուն:

No comments: