
NEWS.am 09.11.2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելին արաբների դեմ գործած շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ, քան Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրն է գործել Դարֆուրում:
Նկատենք, որ Սուդանի նախագահը հրավիրվել է Ստամբուլ՝ մասնակցելու այս շաբաթ կայանալիք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության գագաթնաժողովին: ԵՄ-ն արդեն իսկ բացասական է գնահատել Ալ-Բաշիրինման այցելության հնարավորությունը, որը հեռակա կարգով միջազգային դատարանի կողմից մեղադրվել է Դարֆուրում մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:
Միաժամանակ, Էրդողանը հայտարարել է, որ ինքը նախընտրում է հանդիպել Բաշիրի հետ, քան խաղաղ բնակիչների սպանությունների հարցը քննարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ: Թուրքիայի վարչապետը ասել է նաեւ, որ չի հավատում, թե Ալ-Բաշիրը գործել է իրեն մեղսագրվող հանցագործությունները: «Ես չեմ կարող դա քննարկել Նաթանյահուի հետ, բայց կարող եմ հանգիստ այդ խնդիրները քննարկել Ալ.Բաշիրի հետ: Ես կարող եմ նրա երեսին ասել, որ նա սխալ է անում»,- նշել է Էրդողանը:
«Թուրքիան հարգում է մարդու իրավունքները եւ չի ամաչի ասել Բաշիրի դեմքին, թե որտեղ է խախտում թույլ տվել, բայց Էրդողանը չի հավատում, որ Սուդանի ոստիկանությունը ցեղասպանության գործողություններ է իրականացրել Դարֆուրի աֆրիկացի բնակիչների դեմ»,- ընդգծել է Էրդողանը:
Ինչպես գրում է թուրքական «Զաման»-ը, Թուրքիան չի ճանաչում Հաագայի միջազգային դատարանը, որը այս տարվա մարտին Սուդանի նախագահին ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը մեղադրել է Ալ-Բաշիրին զանգվածային սպանություններ, կտտանքներ, բռնաբարություններ, ինչպես նաեւ բռնի տեղահանություն կազմակերպելու մեջ: Միաժամանակ Սուդանի իշխանությունները նոյեմբերի 8-ին հայտարարել են, որ նախագահ Բաշիրը չի մեկնի Ստամբուլ, հաշվի առնելով ԵՄ-ի բացասական վերաբերմունքը:
No comments:
Post a Comment