Monday, November 23, 2009

«Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք». հայ-թուրքական հաշտեցման կոչ Թուրքիայում

Tert.am 23.11.2009 - Նոյեմբերի 16-17-ին Ստամբուլում ներկայացվել է «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» ներկայացումը, որ բեմադրել է ֆարնսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը մեկ այլ ֆրանսահայի` կոմպոզիտոր Ժերար Թորիկյանի պիեսի հիման վրա, ով էլ մոնոներկայացման միակ դերակատարն է: «Երբեք թույլ մի տուր հային սկսել, բառերը միշտ ձախողում են նրան» (“Never let an Armenian get started, words always fail him”) թուրքական ասացվածքն է հիմք ընդունել Ժերար Թորիկյանը` ստեղծելու համար պիես հայազգի մի կոմպոզիտորի մասին, ով պատրաստվում է առաջիկա համերգին ներկայացնել «Ոդիսական»-ից ներշնչված իր նոր ստեղծագործությունը: «Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից ֆինանսավորված այս ներկայացումը բեմադրվել է 2006թ-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա տոնակատարությունների շրջանակներում և թուրքական պրեմիերան տոնել է Ստամբուլ հասնելուց մի քանի օր առաջ` նոյեմբերի 12-ին, Դիարբեքիրում: «Անցյալի հետ խաղաղ ապրելու համար, պետք է ծիծաղես նրա վրա» կարգախոսով Ժերար Թորիկյանն այս ներկայացման մեջ փորձել է պատասխանել իրեն հուզող այնպիսի հարցերի, ինչպիսիք են. «ինչպե՞ս է անցյալի ողբերգությունը ազդում մեզ վրա, ինչպիսի՞ն կլինեի ես, եթե պատմությունն այլ կերպ դասավորվեր, ի՞նչ կարծիքի եք մոռանալու, ուղղվելու և ներելու մասին» և այլն: Ֆրանսահայ արվեստագետների համատեղ այս ներկայացումը հայ-թուրքական խաղաղ հաշտեցման յուրահատուկ կոչ է: Թուրքական «Huyrriet»-ին տված հարցազրույցում բեմադրիչ Սերժ Ավետիքյանն ասել է. «Մարդ չի կարող ապրել անցյալում: Եթե մենք` հայերս, շարունակենք մեր ինքնությունը կերտել Ցեղասպանության հիման վրա, չենք կարողանա առաջ շարժվել: Մենք հայ ենք, բայց հիշենք, որ նախ և առաջ մարդ ենք»: Ավետիքյանը դրական է գնահատել հայ-թուրքական արձանագրություննեը, բայց նշել, որ «քաղաքական գործիչների ստորագրություններից առավել կարևորում է մարդկանց գիտակցությունը, իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում կոչ է անում խաղաղությունը սահմանել որպես նպատակ»:

No comments: