Monday, November 30, 2009

Օրհան Փամուկ վերահաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետը

Panorama.am. 30-11-2009- Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը «Եվրոնյուզ» հեուստաընկերությանը տված հարցազրույցում վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանություն է իրագործվել: Այսօր եթեր հեռարձակված նյութում հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Օրհան Փամուկն այս օրերին շրջագայում է ողջ Եվրոպայով` ներկայացնելու համար իր նոր` «Անմեղության թանգարան» վեպը:Այս առիթով վերցված հարցազրույցում համաեվրոպական լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ նույն օրերին Թուրքիայի գերագույն դատարանի կոլեգիան որոշել է կրկին բացել Օրհան Փամուկի նկատմամբ հարուցված գործի քննությունը: Հիշեցնելով, որ գործն առնչվում է Օրհան Փամուկի կողմից Հայոց ցեղասպանության փաստը հրապարակավ ընդունելու հետ, աղբյուրը նշում է, որ խնդրո առարկա հարցազրույցում ևս Օրհան Փամուկը վերահաստատել է իր դիրքորոշումը: Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա հիմնականում գրողն անդրադարձել է իր ստեղծագործական գործունեությանն ու իր առջև դրված խնդիրներին: Թուրքիայի եվրոպական դեմք համարվող գրողն անդրադարձել է նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին հարցին ու եվրոպական և թուրքական նույնացման վերաբերյալ հարցադրմանը: Նրա խոսքով, և Եվրոպան և Թուրքիան այսօր միմյանց միջոցով նույնացման որոնումների մեջ են: «Եթե Եվրոպան քրիստոնեական ակումբ է, որի հիմքում ընկած է ազգայնականությունն ու քրիստոնեությունը, ապա Եվրոպայում Թուրքիան տեղ չունի: Իսկ եթե Եվրոպան հիմնվում է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը, ապա Թուրքիան այնտեղ տեղ ունի: Եվրոպան նույնպես Թուրքիային ընդունելու կամ չընդունելու հարցի պրիզմայով փորձում է հստակեցնել իր նույնությունը: Թուրքիան էլ է փորձում ինքնանույնացման հարց լուծել` կարո՞ղ է ադրյոք իսլամը, ազգայնականությունը կամ մեկ այլ գաղափար դառնալ Թուրքիայի բնորոշ գիծը»,- ասել է Օրհան Փամուկը և նկատել, որ այսօրվա դրությամբ Թուրքիայի առջև Եվրոպան «չմտնել» ցուցանակ է կախել:

No comments: