Monday, November 30, 2009

ԲԵՌԼԻՆԻ ՊԱՏԻ ԱՆԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Երկուշաբթի օրը բազմաթիվ այցելուների կողմից ուշադրության արժանացած և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ԵՊՀ հետ համատեղ ներկայացվող «Բեռլինյան պատի անկման 20-ամյակը» ցուցահանդեսի բացմանը հաջորդեց հանրային քննարկում՝ պատի անկման գործընթացի վրա ազդեցություն ունեցած երկրների դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկմանը, որը վարում էր ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, մասնակցում էին Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպանությունների ներկայացուցիչները։ Նրանց կողմից ներկայացվեց այդ պետությունների դերը Բեռլինյան պատի անկման գործում։ Մասնակիցները համամիտ էին այն հարցում, որ պատի անկումը որոշիչ դեր խաղաց եվրոպական համագործակցության հետագա զարգացման համար։ Դեսպան Հանս-Յոխեն Շմիդթն ընդգծեց, որ ԳԴՀ քաղաքացիների խաղաղ ցույցերը ճանապարհ հարթեցին դեպի Գերմանիայի վերամիավորում։ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները վերհիշեցին այն վերապահումները, որոնք ունեին իրենց երկրները Գերմանիայի վերամիավորման հարցում և որոնց չհիմնավորված լինելը ավելի ուշ պարզ դարձավ։ Կարինե Ղազինյանը շեշտեց, որ Բեռլինյան պատի խաղաղ անկումը կարող է օրինակ ծառայել մեկ այլ անտեսանելի սահմանի՝ Հայաստանի ներկայիս փակ սահմանի համար։ «Բեռլինյան պատի անկման 20-ամյակը» ցուցահանդեսը կգործի մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը Երևանի պետական համալսարանի ճեմասրահում։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն Երևան 30.11.2009

No comments: