Monday, November 23, 2009

ԿԱՄ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ, ԿԱՄ ԶՈՀ

«Լրագիր» 23-11-2009- Ինչպես միշտ, իշխանական ճամբարում առկա գործընթացներին հակիրճ, բայց սպառիչ պատասխան տվեց Գալուստ Սահակյանը, ով վարչապետ Տիգրան Սարգսյանի Հանրապետական կուսակցության անդամ դառնալու կապակցությամբ պարզ հայտարարեց. “Վարչապետը դարձավ մեզանից մեկը. Սա է խնդիրը”: Պարզ, հստակ, հասկանալի: Մնացյալը կարծես թե դառնում է բացարձակապես անէական: Գալուստ Սահակյանի խոսքը մի քիչ վամպիրական շունչ ունի իր մեջ, բայց այդպիսին է Հայաստանի իշխանական համակարգը՝ կամ “նրանցից մեկն ես”, կամ դառնում ես “նրանց զոհ”: Իսկ ավելի կոնկրետ, դառնում ես “նրանց զոհ”, հետո դառնում “նրանցից մեկը”: Այդքանը, վերջ: Դեռեւս որեւէ մեկին չի հաջողվել լինել համակարգում եւ խուսափել այդ ճակատագրից: “Նրանց զոհը” չդառնալու համար թերեւս կա մի ելք՝ ցույց տալ, որ “նրանցից մեկն ես”: Այլապես, եթե մի փոքր կասկածեցին, կարող են հարձակվել անխնա կերպով: Օրինակ, որեւէ մեկը հիշո՞ւմ է արդյոք, որ որեւէ օլիգարխ ագրեսիվ հարձակման ենթարկի մեկ այլ օլիգարխի, այն էլ կոալիցիոն գործընկեր օլիգարխի: Մինչդեռ այսօր տեսնում ենք, որ ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանը ծաղրում է Գագիկ Ծառուկյանի մկանները եւ նրան մեղադրում ոչ բարոյական կեցվածքի համար: Ինչու: Որովհետեւ Գագիկ Ծառուկյանը վերջերս այնքան էր տարվել իր հեռուստատեսային գովազդով, որ թվում էր, թե նա արդեն սկսել է չնկատել, որ “նրանցից մեկն” է ընդամենը: Ահա եւ Ռուբեն Հայրապետյանը Գագիկ Ծառուկյանին հիշեցնում է հայտնի բանաձեւը՝ կամ “ մեզանից մեկն” ես, կամ կդառնաս “մեր զոհը”: Երրորդ տարբերակ չկա: Ֆուտբոլն ու սպորտը այստեղ փաստացի կապ չունեն: Դրանք առիթ են, իսկ պատճառը հենց այն է, որ Ծառուկյանը կարծես թե փորձում էր “ուրիշ” դառնալ կամ երեւալ: Նրան անմիջապես հիշեցրին, թե ինչ է նշանակում լինել համակարգում բայց “ուրիշ” ձեւանալ: Ծառուկյանն էլ իհարկե Ռուբեն Հայրապետյանին բավական թափանցիկ մեղադրեց մարզասերներին ծեծելու համար, երբ նրանք Հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականի կրած հերթական պարտությունից հետո՝ Բոսնիայի հավաքականի հետ խաղում, պահանջել էին ֆեդերացիայի նախագահի հրաժարական, բայց ըստ երեւույթին ԲՀԿ առաջնորդը դեռեւս տարված է ինքզինքով: Այդպես շարունակելու դեպքում, Գագիկ Ծառուկյանին թերեւս “խելքի կբերեն” ՀՀԿ-ի անդամ դարձնելով: Զարմանալ պետք չէ: Նա փորձել է “ուրիշ” երեւալ, իսկ դա համակարգի սկզբունքներին ու կանոններին դեմ է: Ուզում ես ուրիշ լինել, խնդրեմ, բայց բարի եղիր զիջել քո տեղը համակարգում, քանի որ տեղն այնքան շատ չէ, որ մի բան էլ “ուրիշների” համար տարածք վատնվի: Ամեն ինչ շատ պարզ է, որեւէ նորություն չկա: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչու էին որոշ մարդիկ մտածել, որ կարող են “ուրիշ” ձեւանալ: Օրինակ, ինչու էր Տիգրան Սարգսյանը մտածել, որ կարող էր լինել համակարգի գագաթներից մեկում, բայց ձեւանալ “ուրիշ”: Միթե նա ինքնագլուխ էր այդ ամենն անում, իսկ իշխանությունն էլ հանդուրժում էր նրան: Հազիվ թե: Տիգրան Սարգսյանը հազիվ թե այնքան միամիտ լիներ, որ մտածեր, թե իրեն վարչապետ են նշանակել ինքնագործունեության իրավունքով: Ուրեմն ինչ պատահեց, որ համակարգը որոշեց “բացահայտել” Սարգսյանին: Կամ ինչ պատահեց, որ Գագիկ Ծառուկյանն էլ որոշեց “առանձնանալ” համակարգից: Ու պարզ է նաեւ, որ Ռուբեն Հայրապետյանի մեղադրանքը, թե Գագիկ Ծառուկյանի արածն այնքան էլ բարոյական չէ, ոչ այդքան ֆուտբոլին տված գնահատականին է վերաբերում, որքան վարքին, որ լինելով համակարգի մեջ, սնվելով այդ համակարգից, նա փորձում է “առանձնանալ”, “ուրիշ” երեւալ: Բայց, գուցե Գագիկ Ծառուկյանի հանդեպ էլ համակարգն է խախտել համակարգային բարոյականության նորմերը: Ինչ որ բան կարծես թե իսկապես խախտվել է: Այլապես ինչու պետք է առաջանար “ուրիշ” երեւալու խնդիրը, եւ ինչու պետք է քայլեր ձեռնարկվեին “անառակ որդիներին” վերադարձնելու համար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: