Sunday, November 29, 2009

Սերժ Սարգսյան. Արձանագրությունների ստորագրումը Ցեղասպանությունը մոռացության չի մատնում

Panorama.am. 28-11-2009 - «Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ուզում եմ շեշտել. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում: Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում և ողջ աշխարհում»,- ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հիշեցրել է, որ ՀՀԿ-ի վերջին համագումարից հետո անցած երկու տարում ՀՀԿ-ն և նրա ձևավորած իշխանությունը կոնկրետ գործողություններով են ապացուցել, որ առաջ շարժվել կարելի է միայն ցանկության և վճռականության դեպքում, այդ թվում նաև` ամենացավոտ հարցերում: Որպես դրա վկայություն` նախագահ Սերժ Սարգսյանը մատնանշել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն միջպետական հարաբերություններ հաստատելու` Հայաստանի նախաձեռնությունն ու դրան հետևած զարգացումները: «Այսօր, երբ արդեն ստորագրված են հայ-թուրքական արձանագրությունները, կարելի է վստահությամբ հայտարարել, որ թեև մենք դեռևս գտնվում ենք գործընթացի սկզբնամասում, և արձանագրությունները դեռևս պետք է վավերացվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն, միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը և զգալիորեն առաջ անցնել Թուրքիայի հետ հարաբերություններում»,- նշել է նա` վստահեցնելով, որ այդ ձեռնարկը կնպաստի ոչ միայն երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը, այլև` տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու կայունության ամրապնդմանը: Անդրադառնալով գործընթացի ծավալման հետագա ընթացքին` նախագահն ասել է. «Ունենալով արդարացի մտահոգություններ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ` մենք, այնուամենայնիվ, չպետք է վախենանք այդ պետության հետ հարաբերություններից, չպետք է ընկրկենք դժվարությունների առջև, չպետք է հետ կանգնենք համարձակ քայլեր կատարելուց: Հակառակը, մենք պետք է վճռականորեն շարունակենք մեր քաղաքականությունը, հաշվարկված և խելամիտ քայլերի միջոցով հասնելով մեր ազգային և պետական խնդիրների լուծմանը: Համաձայն եմ` մենք երբեք չենք ունեցել Թուրքիայի հետ որպես հավասարը հավասարի հարաբերվելու քաղաքական մշակույթ և դիվանագիտական փորձ: Համաձայն եմ` Թուրքիան հզոր երկիր է` դիվանագիտական ուրույն ձեռագրով: Այս դիտարկումների հետ ես, անշուշտ, համաձայն եմ: Բայց կտրականապես համաձայն չեմ այն եզրակացության հետ, որ ոմանք կատարում են այս դիտարկումների հիման վրա. այն է` պետք է հեռու մնալ Թուրքիայից, որովհետև նա կարող է խաբել: Սխալ եզրակացություն է սա: Այո, մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր պետք է ի վերջո սկսել: Եվ ես հավատացնում եմ ձեզ` մենք արագ ենք սովորում… Եվ մենք այսօր ամենևին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ»:

No comments: