
Lragir 09/11/2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած հերթական այցի արդյունքը թերեւս այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են հերթական հանդիպման առաջարկին, որի տեղն ու օրը դեռ պետք է ճշտվի:
Չի բացառվում, որ Մինսկի խմբի համանախագահների այցը նաեւ ինչ որ կուլիսային արդյունք է ունեցել: Համենայն դեպս, միշտ էլ կարելի է ենթադրել այդպիսի մի բան: Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ նրանց հերթական այցը բավական անաղմուկ եւ հանգիստ անցավ, որեւէ սենսացիոն լավատեսություն կամ հոռետեսություն կարծես թե չեղավ: Ինչպես երեւում է, բոլորը, այդ թվում համանախագահները, վարժվել են այցերին, իսկ ամերիկացի համանախագահի փոփոխությունն էլ թերեւս բավական սահուն է անցել, եւ Ռոբերտ Բրադկեն կարծես թե առայժմ ոչնչով չի խախտում Մինսկի խմբի համանախագահ եռյակի գործունեության սովորականությունը: Ինչ կա այդ սովորականության տակ, կերեւա ժամանակի ընթացքում:
Հայաստանում ոմանք այդ սովորականության տակ տեսնում են բավական լուրջ խութեր, որ սպառնում են Հայաստանին ու Ղարաբաղին, իսկ ոմանք էլ այդ սովորականության տակ տեսնում են Հայաստանի դիվանագիտական հաղթանակ, քանի որ պահպանվում է ստատուս-քվոն եւ քննարկվում է առաջին հերթին Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իրենք` համանախագահները, որեւէ միարժեք հայտարարություն կարծես թե չեն անում եւ ընդամենը ասում են բաներ, որոնք ադրբեջանական կողմը կարող է մեկնաբանել իր հայեցողությամբ, իսկ հայկական կողմը` իր: Թերեւս հենց այդ հաշվարկով էլ Մինսկի խմբի համանախագահներն անում են իրենց հայտարարությունները:
Միարժեքությունից խուսափելը, ինչպես երեւի թե հասկանում են նրանք, հակամարտության կարգավորման թերեւս ամենաարդյունավետ քայլն է, որ կարող են իրենք անել: Բանն այն է, որ բազմիմաստ, տարբեր մեկնաբանությունների ենթակա հայտարարություններ անելը փաստացի հանգեցնում է մի իրավիճակի, երբ հակամարտությունը գրեթե հայտնվում է ինքնակարգավորման ռեժիմում: Կարծես աներկբա է, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը Ղարաբաղի հարցում որդեգրել է հենց այդ մարտավարությունը: Նրանք որոշակի հայտարարություններ են անում, որոշակի փաստաթղթեր են բացում, սակայն չասելով, թե բանակցությանը դրանց որ մասն է համաձայնեցված, իսկ որը՝ դեռ ոչ, իսկ հետո հետեւում են հակամարտ կողմերի մեկնաբանությունների եւ այդ մեկնաբանությունների կապակցությամբ այդ կողմերի ներսում առաջացող արձագանքներին: Այսինքն, փաստացի ձեւավորում են որոշակի հասարակական-քաղաքական միջավայր: Եվ ամեն ինչ կախված է հենց այն բանից, թե որ կողմն առավելագույնը ինչ միջավայր ձեւավորելու ներուժ ունի:
Այսինքն, որեւէ կողմի ներքին արձագանքներից պարզ է դառնում, թե իշխանությունից բացի, հակամարտության կարգավորման ինչ միջավայրի է պատրաստ հասարակությունը: Այդ միջավայրը դառնում է տվյալ կողմի կյանքը, կենսակերպը, մտածողությունը: Օրինակ, եթե մի ամբողջ հասարակություն մտածում է, որ պետք է հակամարտությունը կարգավորել ինչ որ բան զիջելով, որ ադրբեջանցիներն էլ ինչ որ բան մեզ թողնեն, ու աշխարհն էլ մեզ թողնի հանգիստ ապրել ու զարգանալ, ապա դրանից հետո Մինսկի խումբն արդեն անելիք չունի, որովհետեւ այդ մտածողությունն արդեն իսկ ամեն ինչ կանի կվերջացնի, եթե արդեն չի արել ու վերջացրել: Այնպես որ, թերեւս ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խումբը չէ, որ կարգավորելու է, այլ կարգավորելու է կյանքը` այն կյանքը, որով ապրում են հակամարտության կողմերը:
Մինսկի խումբը դա թերեւս վաղուց է հասկացել եւ ընդամենը “վայելում” է կյանքը, հակամարտությունը կարգավորելու անհույս ջանքերի փոխարեն: Մինսկի խումբը թերեւս ընդամենը փորձում է ապահովել կյանքի ընթացքի բնականոնությունը, կամ ստեղծել որոշակի միջավայր, որը հակամարտության կողմերին հնարավորություն կտա բնականոնության որոշակի շրջանակում ապրել: Իսկ թե ով ինչպես կապրի, դրանով էլ թերեւս կորոշվի հակամարտության կարգավորման արդյունքը, որը արձանագրվել եւ արձանագրվում է, ու արձանագրվելու է ոչ թե միանվագ, այլ ամենօրյա, ամենժամյա, այսինքն օնլայն ռեժիմով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment