Sunday, November 29, 2009

Հայերին ու ադրբեջանցիներին ոչինչ չի խանգարում պայմանավորվել. վրացի քաղաքագետ

Tert.am. 28-11-2009- «Գրավյալ հողերը» վերադարձնելու փորձը չի վերացնում հակամարտության արմատները, Day.az-ին տված հարցազրույցում հայտնել է վրացի քաղաքագետ, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի հետազոտող Արչիլ Գեգեշիձեն՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։ Գեգեշիձեի խոսքերով՝ «եթե նույնիսկ հաջողվի ուժով վերադարձնել տարածքները, պատմական հիշողությունը կմնա, և հաջորդ սերունդները կփորձեն ռևանշ վերցնել»։«Ամեն անկյունում ոստիկան չես կանգնեցնի, որ 24 ժամ շարունակ ապահովի բռնի ուժով վերադարձված բնակչության հանգիստը։ Միայն ինքնակամ հաշտությունը կարող է ապահովել իրականում խաղաղ համագոյակցությունը և ավելի վաղ պատերազմող համայնքների միջև հարատև խաղաղությունը»,- նշել է Գեգեշիձեն։ Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման ժամկետներին, ապա քաղաքագետը կարծում է, որ հանգուցալուծումը հեռու չէ, «չնայած անհրաժեշտ է քաղաքական գործիչների քաջությունն ու մարդկանց համբերությունը»։ Միևնույն ժամանակ, ըստ Գեգեշիձեի, ղարաբաղյան խնդիրը կարգավորման տեսակետից մեկ մեծ առավելություն ունի՝ «հայկական և ադրբեջանական կողմերին մեծ հաշվով ոչինչ չի խանգարում պայմանավորվել»։

No comments: