Sunday, November 29, 2009

Ըստ Եվրախորհրդարանի զեկույցի` Թուրքիայում անազատություն է տիրում

Panorama.am. 28-11-2009- Եվրախորհրդարանը վավերացրել է ընդարձակման մասին զեկույցը: Այդ զեկույցով Թուրքիային զգուշացվել է ապահովել կրոնական ազատությունները և մամուլի ազատությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական գործակալությունը: Եվրախորհրդարանի գլխավոր խորհրդում քվեարկված զեկույցում խոսվել է Թուրքիայի դատական համակարգում պահ առաջ բարեփոխումներ իրականացնելու հրատապության մասին: Ընդգծվել է այն իրողությունը, որ Թուրքիայում ապահովված չեն ոչ-մահմեդականների և ալևիների կրոնական ազատությունները, ինչպես նաև վտանգված է խոսքի, մտքի և մամուլի ազատությունը: Զեկույցում նաև մտահոգություն է հայտնվել թուրքական «Դողան Գրուպ» (Doğan Grubu) խոշոր մեդիաընկերությանը նշանակված հարկային տուգանքի կապակցությամբ: Եվրախորհրդականները դա համարել են «պատմության մեջ չլսված պատիժ»: Հիշեցնենք, որ Թուրքիայի հարկային ծառայությունը «Դողան Մեդիա Գրուպ» ընկերությանը տուգանել է 2.5 մլրդ դոլարով` կապված հարկային պարտավորությունների խախտումների հետ։ Ի դեպ` թուրքական լրատվական այդ հոլդինգը գտնվում է ոչ միայն հարկային ծառայությունների, այլև պետության նշանակետի տակ: Օրինակ` տարեսկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրությանը կոչ էր անում «բոյկոտել» ընկերության թերթերը: Տեղեկացնենք, որ «Դողան Մեդիա Գրուպ»–ի կազմի մեջ մտնում է մոտ 30 լրատվամիջոց, այդ թվում և՝ հանրահայտ«Hurriyet» օրաթերթը։ Հիշյալ զեկույցում տեղ են գտել նաև Անկարային ուղղված քննադատություններ Կիպրոսի հունական նավերի առջև նավահանգիստները չբացելու համար: Թուրքիայի հետ էներգետիկ բանակցությունների մեջ չներգրավվելու համար միևնույն ժամանակ քննադատության թիրախ է դարձել Եվրամիությունը: Եվրախորհրդարանի զեկույցում խրախուսվել է հայ-թուրքական մերձեցման և քրդական հարցի կարգավորման գործընթացները և ընդգծվել դրանք նույն ոգով շարունակելու անհրաժեշտությունը:

No comments: