Monday, November 2, 2009

ՀՀ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՄՆ ԿՈՂՄԻՑ

Հայաստանն իր անկախությունն հռչակել է 1918թ. մայիսի 28-ին: Հայաստանի Հանրապետության անկախությունը Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհրդի անունից (the Supreme Council of the Paris Peace Conference) 1920թ. հունվարի 19-ին ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան. “Համաձայնություն է կայացվել. (1) ճանաչել հայկական պետության կառավարությունը որպես de facto կառավարություն, պայմանով, որ այս ճանաչումը որևէ ձևով չի կանխորոշելու վերջնական սահմանների հարցը; (2) որ դաշնակից կառավարությունները պատրաստ չեն Անդրկովկաս ուղարկել երեք դիվիզիա, ինչի վերաբերյալ մտադրություն էր հայտնել Միջ-դաշնակցային հանձնաժողովը; (3) (ա) որպես սկզբունք ընդունել Կովկասյան պետություններ զինամթերքի և, եթե հնարավոր է, սննդի առաքումը. (բ) հրավիրել մարշալ Ֆոշին և ֆեդմարշալ Վիլսոնին որոշելու, թե ինչի՞ց պետք է բաղկացած լինեն հիշյալ մատակարարումները և նրանց առաքման միջոցները: Ամերիկյան և ճապոնական ներկայացուցիչները սույն որոշումները կփոխանցեն իրենց համապատասխան կառավարություններին”: (Փարիզ, 19 հունվարի 1920թ.) 'It is agreed: (1) that the government of the Armenian State shall be recognized as a de facto government on the condition that this recognition in no way prejudges the question of the eventual frontier. (2), that the allied governments are not prepared to send to the Transcaucasian states the three divisions contemplated by the Inter-Allied committee. (3) (a) to accept the principle of sending to the Caucasian States arms munitions and if possible food. (b) Marshal Foch and Field Marshal Wilson are invited to consider of what these supplies shall consist and the means for their despatch. The American and Japanese representatives will refer these decisions to their respective Governments.' (Paris, 19 January, 1920). Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է 1920թ. ապրիլի 23-ին: Այդ ճանաչումը հետևյալ ձևակերպմամբ արտահայտվել է ԱՄՆ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիի (Bainbridge Colby) Վաշինգտոնում “Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ” դոկ. Գարեգին Պաստրմաճեանին ուղարկված նամակի մեջ. “Պարոն. Ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից Ձեր կառավարության ճանաչումն առաջարկող Ձեր նախկին գրությունների, ես հաճույք ունեմ Ձեզ և Ձեր միջոցով Ձեր կառավարությանը տեղեկացնելու, որ Նախագահի հանձնարարականով, Միացյալ Նահանգների կառավարությունը այսօրվանից ճանաչում է Հայաստանի Հանրապետության de facto կառավարությունը: Այսուհանդերձ, այս քայլն արվել է այն ըմբռնումով, որ սույն ճանաչումը որևէ ձևով չի կանխորոշում տարածքային սահմանները, որոնք, ըստ կայացած փոխհասկացության, հետագայում որոշվելիք հարցեր են: Ընդունեցեք, պարոն, իմ հարգանաց հավաստիքը”: (Վաշինգտոն, 23 ապրիլի 1920թ.) “Sir: Referring to communications heretofore received from you on the subject of the proposed recognition of your Government by the Government of the United States, I am pleased to inform you, and through you, your Government, that, by direction of the President, the Government of the United States recognizes, as of this date, the de facto Government of the Armenian Republic. This action is taken, however, with the understand¬ing that this recognition in no way predetermines the territorial frontiers, which, it is understood, are matters for later delimitation. Accept, Sir, the assurances of my highest consider¬ation” (Washington, April 23, 1920). Ի լրումն Միացյալ Նահանգների գործադիր իշխանության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչման, Հայաստանի ճանաչումն հաստատվել է նաև ԱՄՆ-ի օրենսդիր իշխանության կողմից: Միացյալ Նահանգների Սենատը, հիմք ընդունելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միաձայն որոշումը, խնդրո առարկայի վերաբերյալ 1920թ. մայիսի 13-ին ընդունել է հատուկ նախաբանով բանաձև, որը հեղինակել էր սենատոր, հետագայում ԱՄՆ նախագահ (1921-1923), Ուարրեն Հարդինգը (Warren Harding). Սույն բանաձևի համապատասխան հատվածը արձանագրում է հետևյալը. “Քանզի Հայաստանի Հանրապետության անկախությունը պատշաճորեն ճանաչվել է Խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհրդի և Միացյալ Նահանգների կառավարության կողմից, այդմ եղիցի: Որոշվեց. Այսու Միացյալ Նահանգների Սենատն իր անկեղծ շնորհավորանքն է փոխանցում Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության առիթով, [որը տեղի է ունեցել] առանց խնդրո առարկա տարածքային սահմանների կանխորոշման, և կլինի ապագայում: Որոշվեց. Այսու Միացյալ Նահանգների Սենատը հույս է հայտնում, որ հայ ժողովուրդը շուտով կունենա կայուն կառավարություն, անհատական ազատությունների և իրավունքների պատշաճ պաշտպանվածություն և ազգային ձգտումների ամբողջական իրականացում”: “Whereas the independence of the Republic of Armenia has been duly recognized by the Supreme Council of the Peace Conference and the Government of the United States of America: Therefore be it. Resolved: That the sincere congratulations of the Senate of the United States are hereby extended to the people of Armenia on the recognition of the independence of the Republic of Armenia, without prejudice respecting the territorial boundaries involved; and be it further.Resolved: That the Senate of the United States hereby expresses the hope, that stable government, proper protection of individual liberties and rights, and the full realization of nationalistic aspirations may soon be attained by the Armenian people.” Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչումը տեղի է ունեցել “տարածքային սահմանները … հետագայում որոշվելիք հարցեր են” պայմանով: Եզրակացություն. Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է հետագայում վերջինիս սահմանները ճշտելու պայմանով, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը որոշվել է. ա/. Փարիզի խաղաղության վեհաժողովի պաշտոնական հայցադիմումի (առաջին կոմպրոմի, compromis) /26 ապրիլի 1920թ./ և բ/. Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածի (երկրորդ կոմպրոմի, compromis) /10 օգոստոսի 1920թ./ հիման վրա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից 1920թ. նոյեմբերի 22-ին կայացված Իրավարար վճռով, ուստի, Միացյալ Նահանգների կողմից պաշտոնապես ճանաչված հայ-թուրքական սահմանը վերոհիշյալ վճռով որոշված սահմանն է: Այստեղ անհրաժեշտ է որոշ պարզբանումներ տալ Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ. 'Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն կարգով և այն օրը, որը բխում է պայմանագրից կամ որի շուրջ համաձայնության են եկել բանակցող պետությունները': (Հոդված 24(1), Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիա, 1969)“A treaty enters into force in such manner and upon such date as it may provide or as the negotiating States may agree”. (Article 24(1), Vienna Convention on Law of Treaties, 1969). Այսուհանդերձ. “Պայմանագիրը կամ նրա մի մասը պայմանականորեն ի գործ է դրվում մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը ա/. եթե պայմանագիրը նախատեսում է նման բան; կամ բ/. բանակցող պետությունները մեկ այլ ձևով նման համաձայնության են եկելՙ: (Հոդված 25(1), Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիա, 1969)“ “A treaty or a part of a treaty is applied provisionally pending its entry into force if: (a) the treaty itself so provides; or (b) the negotiating States have in some other manner so agreed.” (Article 25(1), Vienna Convention on Law of Treaties, 1969). Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածն արձանագրում է հետևյալը. “Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև այլ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայն են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի իրավարարությանը ներկայացնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշման հարցը, և ընդունել նրա որոշումն անմիջապես, ինչպես նաև այն պայմանները, որոնք նա կարող է հանձնարարել` ապահովելու համար Հայաստանի ելքը դեպի ծով, այնպես էլ նշյալ սահմանին հարակից թուրքական տարածքի ցանկացած մասի ապառազմականացումըՙ: “Turkey and Armenia as well as the other High Contracting Parties agree to submit to the arbitration of the President of the United States of America the question of the frontier to be fixed between Turkey and Armenia in the vilayets of Erzerum, Trebizond, Van and Bitlis, and to accept his decision thereupon, as well as any stipulations he may prescribe as to access for Armenia to the sea, and as to the demilitarisation of any portion of Turkish territory adjacent to the said frontier.” Ակնհայտ է, որ Սևրի պայմանագիրը հստակորեն ամրագրում է, որ “Բարձր պայմանավորվող կողմերը” համաձայնվում են ընդունել նախագահ Վիլսոնի վճիռն “անմիջապես” և անվերապահորեն: Ավելին, նույն պայմանագրի 90-րդ հոդվածն ամրագրում է, որ Թուրքիան “նշյալ որոշման օրից” հրաժարվում է Հայաստանին փոխանցվելիք տարածքի նկատմամբ “իր բոլոր իրավունքներից և տիտղոսից”. “Այն պարագայում, երբ ըստ 89-րդ հոդվածի սահմանը որոշելիս նշյալ վիլայեթների տարածքն ամբողջությամբ կամ մասամբ կփոխանցվի Հայաստանին, ապա Թուրքիան սրանով իսկ նշյալ որոշման օրից հրաժարվում է փոխանցվող տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից”: “In the event of the determination of the frontier under Article 89 involving the transfer of the whole or any part of the territory of the said Vilayets to Armenia, Turkey hereby renounces as from the date of such decision all rights and title over the territory so transferred.” Եզրակացություն. Սևրի պայմանագրի մի մասը, այն է հոդված 89-ը, ինչպես նաև հոդվածներ 88; 90; 91 և 92, ըստ կողմերի միջև կայացված համաձայնության, ի գործ են դրվել պայմանագրի մնացած մասից անկախաբար և նրանց իրավական կարգավիճակը կապ չունի պայմանագրի մնացած մասի կարգավիճակի հետ: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար, 29 հոկտեմբերի 2009թ.

No comments: