Monday, November 2, 2009

Ինչո՞ւ ստորագրել Արձանագրությունները, եթե դրանք չեն վավերացվելու. Էդվարդ Նալբանդյան

Tert.am. 1-11-2009- Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հերքել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցվող հայտարարությունները, համաձայն որոնց Երևանի և Անկարայի մերձեցման համար հայկական կողմը պետք է հատուցի ղարաբաղյան հիմնախնդրում զիջումներով։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ բանակցությունները Հայաստանի և Թուրքիայի միջև ավարտվել են, և երկու կողմերը պարտավորվել են արագ առաջ շարժվել դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման հարցերում՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունների։ Ինչպես նշում են Reuters գործակալության հոդվածագրերը, Հայաստանը, փաստորեն, մերժել է Թուրքիայի ղեկավար անձանց ցանկությունը, համաձայն որի երկրի խորհրդարանը կվավերացնի Արձանագրությունները միայն այն ժամանակ, երբ առաջընթաց կտեսնի Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններում։ «Ինչո՞ւ մենք ստորագրեցինք Արձանագրությունները, եթե մենք չենք պատրաստվում վավերացնել դրանք», – հարցազրույցի ընթացքում նշել է Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ ողջ միջազգային հանրությունը սպասում է Արձանագրությունների արագ վավերացմանն ու դրանց դրույթների կատարմանը։ «Եթե կողմերից որևէ մեկը ձգձգի կամ խոչընդոտներ ստեղծի Արձանագրությունների վավերացման և կատարման ճանապարհին, ապա տվյալ կողմը պետք է իր վրա ողջ պատասխանատվությունը ստանձնի բացասական հետևանքների համար», – հայտարարել է ՀՀ ԱԳ ղեկավարը։ Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ նշել է, որ հայ–թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունները «երկու առանձին գործընթացներ են»։ «Սա ոչ միայն հայկական կողմի մոտեցումն է, այլ նաև միջազգային հանրության», – ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններն ավարտվել էին փետրվարին։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Հայաստանի ԱԳ նախարարն ասել է, որ բանակցություններում նկատվում է «դրական դինամիկա»։ «Բայց չեմ կարծում, որ շատ լուրջ է ասել, թե վաղը կամ մեկ ամսից կամ շատ կարճ ժամանակում մենք համաձայնության կգանք», – հավելել է Էդվարդ Նալբանդյանը։

No comments: