Aysor.am. 30-11-2009- Եվգենի Պրիմակովի 80-ամյակի կապակցությամբ տոնակատարությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե հոբելյարը, լինելով ծնունդով Վրաստանից, կարող է զբաղվել այդ երկրի «վերամիավորման» գործով, միանշանակ վերաբերմունքի չի արժանացել Ադրբեջանում:
Ինչպես նշում է «Աքսակալ.ինֆո» կայքը, Պուտինի հայտարարությունը ադրբեջանական որոշ շրջանակներում ընդունվել է որպես Խորհրդային Միությունը վերականգնելու մղում:
Ըստ ադրբեջանցի ռազմական մասնագետ Իլդրիմ Մամեդովի, Պուտինը նման ենթատեքստով ելույթներ բազմիցս է հնչեցնում, սակայն Ռուսաստանն ինքն է ժամանակին զգացել կենտրոնախույս մղումների ազդեցությունը և նման պարագայում ԽՍՀՄ վերականգնման մասին չպետք է խոսվի:
Մասնագետը միաժամանակ նշում է նաև, որ Ռուսաստանից կարելի է «ցանկացած անակնկալ» սպասել, ուստի խորհուրդ է տալիս Ադրբեջանին և հետխորհրդային երկրներին «ուշադիր լինել»:
«Ումիդ» կուսակցության փոխնախագահ Էնվեր Ագազադեն ևս ոչ իրական է համարում ԽՍՀՄ վերականգնման մասին խոսակցությունները: Նա նշել է, որ հետելցինյան շրջանում Ռուսաստանի ղեկավարող շրջանակներում, ընդհուպ մինչև Դաշնության նախագահը, բազմիցս են հայտարարություններում ակնարկել Խորհրդային Միության վերականգնման մասին: Մասնագետը հիշեցրել է նաև այն, որ հենց Պուտինի օրոք նախկին ԽՍՀՄ օրհներգի մեղեդին դարձել է Ռուսաստանի Դաշնության օրհներգ: Ըստ Ագազադեի, դա վկայում է այն մասին, որ այսօր Ռուսաստանում կան մարդիք, որոնք կրում են նորացված կայսերապետական ցանկություններ:
«Այնուամենայնիվ, Ռուսաստանն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, և միութենական պետության վերականգնումը զուտ պատրանք է»,- ասել է Էնվեր Ագազադեն, հավելելով, որ միջազգային հանրությունն այսօր դժվար թե հանդուրժի «չարիքի կայսրության» վերականգնումը: Ըստ նրա, դրա վկայությունն են 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները:
«Այն ժամանակ շատերը լրջորեն զգացին Ռուսաստանի ուժեղացման վտանգը, ինչպես նաև հետխորհրդային եկրկների անկախության համար սպառնալիքը», - նշել է նա:
Monday, November 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment