Monday, November 30, 2009

Եվրոպացի փորձագետ. Արեւմուտքը ԼՂ հարցում չի ցանկանում բռնել ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմը

News.am. 30-11-2009- «ԼՂ խնդրի կարգավորումը ռազմական գործողություններով չի լինի, որովհետեւ միջազգային հանրությունը չի պաշտպանում այդ տարբերակը: Իսկ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու մասին հայտարարությունները ընդամենը փորձ են ճնշում գործադրել միջազգային հանրության վրա»,- նման տեսակետ է հայտնել Էներգետիկ հարցերի եւ ԱՊՀ երկրների հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը` ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Արեւմուտքում կա երկու տեսակետ. «Մեկն այն է, որ Ադրբեջանն իրավացի է՝ ասելով, որ իր տարածքներն օկուպացվել են, որ ԼՂ-ն իրենից խլվել է: Հայկական կողմը սակայն պնդում է ճիշտ հակառակը, որ ԼՂ-ում ապրել են հայեր, որոնց Ադրբեջանը ճնշել ու նեղել է, եւ վերջիններս հայտարարել են իրենց անկախությունը: Դա նույնպես սկզբունք է, որը Արեւմուտքում պաշտպանություն է գտնում: Իհարկե, ոչ այն չափով, որքան տարածքային ամբողջականության սկզբունքը»,- նշել է Ռարն ու հավելել. «Արեւմուտքն, իրականում չի ցանկանում ԼՂ հարցում պաշտպանել ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին: Արեւմուտքը, պարզապես, ցանկանում է, որպեսզի նախկին ԽՍՀՄ տարածքում պատերազմ չլինի: Եթե այնտեղ խաղաղություն լինի, Արեւմուտքը պատրաստ է փողեր ներդնել ու ազդեցություն ունենալ, սակայն նա չունի այն բանալին, որով կկարողանա լուծել հակամարտությունը»: Ինչ վերաբերում է ԼՂ խնդիրը 2009 թվականին լուծելու հավանականությանը, փորձագետն ընդգծել է. "Կլինի այնպես, ինչպես հիմա է: ԵՄ-ն կփորձի ինչ-որ կերպ ճնշել Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի նրանք բացեն իրենց տնտեսությունը արեւմտյան ներդրումների համար: ԵՄ-ն կփորձի ստեղծել ինչ-որ կառույցներ, ընդհանուր տնտեսական նախագծեր, որոնք կկապեն Հարավային Կովկասի երեք պետությունները՝ մեկ շուկայի մեջ: ԵՄ-ն ցանկանում է դրական տրամադրություններ սերմանել երկու երկրներում, որպեսզի հաջորդ սերունդները ավելի քիչ զգացմունքայնորեն քննարկեն ԼՂ խնդիրը եւ կարողանան համաձայնության գալ: Ինչ կանի Ռուսաստանը, ես չգիտեմ: Ռուսաստանը, բնականաբար, մեկ կպաշտպանի Հայաստանին, մեկ` Ադրբեջանին: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ռազմական առումով, որը զսպում է Արեւմուտքին տարածաշրջանում, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի գլխավոր էներգետիկ գործընկերն է Կովկասում, այնպես որ Ռուսաստանն այստեղ պետք է գործի ինչպես ԵՄ-ն, այսինքն «ե՛ւ մեզ, ե՛ւ ձեզ»:

No comments: