Saturday, November 21, 2009

Սամվել Նիկոյան. Եթե նույնիսկ Ալիեւը պատերազմի սպառնալիք է ներկայացրել, ՀՀ նախագահն իր դիրքորոշումը պետք է մինչեւ վերջ առաջ տանի

NEWS.am 21.11.2009 - «Այն, որ Ադրբեջանի նախագահը ՀՀ նախագահի հետ հանդիպման նախօրեին ռազմաշունչ հայտարարություններ է անում, դա նշանակում է, որ ինքը հայտնվել է ցայտնոտային իրավիճակում»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական Սամվել Նիկոյանն ու հավելեց. «Ադրբեջանն ու իր ղեկավարությունը շատ լավ հասկանում են, որ միջազգային հանրությունը ԼՂ հարցի լուծումը տեսնում է այլկերպ, որը չի համապատասխանում իրենց պատկերացումներին: Իսկ այդ հոխորտալը առաջին անգամը չէ, մենք տարիներ շարունակ նման հայտարարություններ լսում ենք եւ դա շատ սովարական է նման հանդիպումներից առաջ: Եթե որոշ դեպքերում դա ներքին օգտագործման համար է, ապա այս դեպքում սա ուղղակիորեն փորձ է ճնշում գործադրել Հայաստանի կամ համանախագահների վրա: Բայց քանի որ դա բազմաթիվ անգամ է եղել, ապա կարծում եմ, որ դա որեւէ նշանակություն ունենալ չի կարող»: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իրենք այլեւս համբերություն չունեն եւ եթե այս հանդիպումն էլ անարդյունք լինի, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել: «Եթե Ադրբեջանը պատրաստ է համաձայնության հասնել համանախագահների կողմից առաջարկվող մադրիդյան սկզբունքների հիման վրա, որի մեջ ներառվում է նաեւ ԼՂ ինքնորոշման իրավունքը, ապա, իհարկե, այս հանդիպումը կարող է բեկումնային լինել»,- ասաց Նիկոյանն ու հավելեց. «Հիմա բանակցությունները գնում են ԼՂ ժամանակավոր կարգավիճակի, ինչպես նաեւ ԼՂ հիմնական կարգավիճակի շուրջ: Եթե առաջին մասով, կարելի է ասել, որ գրեթե համաձայնեցված են էլեմենտները, ապա երկրորդ մասով` ոչ: Հայաստանը պատրաստ քննարկել նաեւ այդ խնդիրը, որից հետո միայն կարող է այլ հարցերի մասին խոսել»: Հարցին, թե Ալիեւի նման հայտարարությունից հետո, արդյո՞ք անիմաստ չի դառնում նախագահների հանդիպումը, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահը շատ ճիշտ է վարվել, որ համաձայնել է գնալ այս հանդիպմանը: եթե նույնիսկ Ադրբեջանի նախագահը հոխորտացել է եւ պատերազմի սպառնալիք ներկայացրել, ՀՀ նախագահն իր կառուցողական դիրքորոշումը պետք է մինչեւ վերջ տանի առաջ, որովհետեւ այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլ նաեւ միջազգային հանրության մասին, որոնց աչքում մենք պետք է միշտ երեանք կառուցողական»: Նա նաեւ ընդգծեց, որ առանձնահատուկ սպասելիքներ չունի այս հանդիպումից, քանի որ եթե Ադրբեջանի նախագահը խոսում է միայն տարածքների վերադարձի մասին, ապա ՀՀ նախագահը պնդում ԼՂ կարգավիճակի հարցի հստակեցման հարցը: «Ինչպես տեսնում եք, տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեն նախագահները, ուստի լուրջ առաջընթաց ես չեմ կարծում, որ կարող է տեղի ունենալ: Ադրբեջանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների այս հանգրվանում ինքը կարող է ավելին պոկել Հայաստանից, հաշվի առնելով, որ թուրք որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե սահմանը կբացվի միայն ԼՂ հարցում առաջընթաց լինելու դեպքում: Իրենք էլ ոգեւորվել են դրանից եւ փորձում են իրենց ցանկացածն ստանալ, բայց դա իրականության հետ որեւէ կապ չունի»,- ասաց նա:

No comments: