Saturday, November 28, 2009

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայհոյել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարին

News.am. 27-11-2009- Թուրքիայի վարչապետը հայհոյել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Interhaber կայքէջը՝ վկայակոչելով ընդդիմադիր Ջիհան Փաչաջըին։ Թուրքական TV 8 հեռուստաալիքին հյուր եկած ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) անդամ Ջիհան Փաչաջը հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում հայհոյել է իրենց կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիին՝ վերջինիս ելույթի ժամանակ։ Ջիհանը նշել է, որ Էրդողանի հայհոյանքը շատ ծանր է եւ ինքը չի կարող այն էկրանին, ժողովրդի առաջ կրկնել։ Ջիհանը ասել է, որ նոյեմբերի 12-ի թուրքական խորհրդարանում քրդական հարցի կարգավորման քննարկումների ժամանակ, երբ ելույթ էր ունենում Դեւլեթ Բահչելին՝ Էրդողանը քթի տակ, ցածրաձայն ծանր հայհոյանք է հասցրել Բահչելիին։ Ջիհանը ասել է, որ իրենք այդ հատվածի տեսագրությունը ուղարկել են մասնագետների, ովքեր կարդում են շրթունքների շարժումով բառերը եւ ստացել պատասխան, որ վարչապետ Էրդողանը հայհոյում է։ «Մեր կուսակցության առաջնորդը այս ամենը իրավաբանների հետ քննարկում է եւ պատրաստվում է լուրջ դատական հայցեր ներկայացնել Թուրքիայի վարչապետի դեմ։ Վարչապետը նման շատ բաներ է արել։ Գիտենք, որ վարչապետի բերանը կեղտոտ է։ Մի՞ թե սազում է վարչապետին, որ իր քաղաքական մրցակիցներին այդ կերպ հայհոյի։ Նա կարող է մեր քաղաքականությունը չհավանել, սակայն պետք է հարգալից լինի»,-ասել է ազգայնական կուսակցության անդամը։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կուրբան բայրամին նվիրված նամազից հետո, դուրս գալով մզկիթից, պատասխանել է լրագրողների հարցերին։ Լրագրողների այն հարցին, թե նա հայհոյել է «Ազգայնական շարժում»-ի ղեկավարին՝ պատասխանել է. «Մեզ մոտ հայհոյել չկա։ Հայհոյանքը „Ազգայնական շարժում“ կուսակցության մակարդակն է։ Մենք այդ մակարդակին չենք իջնի։ Նրանք շատ ընդունակ են, թող շարունակեն շրթունքների շարժումները կարդալ»,-պատասխանել է Էրդողանը։ NEWS.am-ը նշում է, որ ընդդիմադիրի նշած հայհոյանքը հնչել է այն ժամանակ, երբ «Ազգայնական կուսակցության» ղեկավար Դեւլեթ Բահչելին մեղադրել է Էրդողանին իսլամիզմի եւ ռասիզմի մեջ։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խիստ քննադատության է ենթարկում ազգայնական կուսակցության ղեկավար Դեւելեթ Բահչելին, ով բազմիցս մեղադրել է Էրդողանին՝ երկիրը իսլամականացնելու եւ քրդական հարցի կարգավորմամբ Թուրքիան մասնատելու մեջ։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը մի քանի տարբեր դատական հայցեր է ներկայացրել Բահչելիի դեմ՝ իր անձը վիրավորելու համար։ Իսկ Բահչելին մի քանի օր առաջ պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել է. «Պարոն վարչապետը թող հիմիկվանից վերցնի իմ խորհրդարանից ստանալիք աշխատավարձերը, իրեն հալալ լինի»։ Թուրքիայի վարչապետ Էրդողանն էլ՝ անդրադառնալով իրեն երկիրը մասնատող անվանողներին, խորհուրդ տվեց, որ առավոտյան արթնանալուց հետո նայեն հայելու մեջ եւ տեսնեն երկրի իրական մասնատողներին։ Դեւլեթ Բահչելին հայտնի է նաեւ իր հակահայ կեցվածքով։ Մասնավորապես, քննադատելով ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները՝ նա հարցրել է Էրդողանին, թե ստեղծվելիք պատմական հանձնաժողովը որոշելու է թե Արարատ լեռը ո՞ւմն է, թե՞ արեւելյան Թուրքիան՝ Արեւմտյան Հայաստանն է, թե` ոչ:

No comments: