Saturday, November 21, 2009

Լիդա Նանյանին քիչ է հետաքրքրում, որ Գյումրիի քաղաքապետի անունը մշտպես կապվում է քրեական պատմությունների հետ

NEWS.am 2011.2009 - Տիկին Նանյան, արդյո՞ք Ձեզ բավարարում են 2010 թվականի բյուջեով աղետի գոտու վերականգնման համար հատկացվելիք գումարները: -Ես այս պահին չեմ կարող ասել, թե որքան գումար է հատկացվել աղետի գոտու համար, քանի որ դա հատկացվում է քաղաքաշինության նախարարությանը, սակայն եթե չեմ սխալվում դա կազմելու մոտ 23 միլիարդ դրամ: -Դա բավականին գումար է եւ դրանք ծախսելու համար արդեն կա ժամանակացույց: -Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը Շիրակի մարզի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի հետ ճանապարհը անցնում է հենց Ձեր մարզով: -Իհարկե, մենք եւ մեր մարզի բնակչությունն ակնկալում է սահմանի բացում, նաեւ սպասում է դրան, որովհետեւ կոմունիկացիոն ճանապարհն, իրոք, շատ կարեւոր է եւ կբերի տնտեսական ապրանքների շարժի: Ժողովուրդը, հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքների բնակիչները, ցանկանում է, որպեսզի սահմանը բացվի, որպեսզի իրենք տնտեսական առումով որոշակի զարգացում ապրեն: -Այսինքն Դուք ուզում եք ասել, որ Շիրակի մարզի բնակչությունը նախապայմանների հետ կապված մտավախություն չունի՞ եւ միայն տնտեսական շահավետության խնդիրն է կարեւորում: -Մեր ժողովուրդը գիտի, որ եթե կառավարությունը վստահեցնում է, որ նախապայմաններ չկան, ուրեմն որեւիցե մեկը կասկած չի կարող ունենալ, որ դրանք կան: Մարդիկ վստահում են պետությանը եւ չեն մտածում, թե իշխանության ներկայացուցիչները կարող են ինչ որ բան սխալ մեկնաբանել կամ ճիշտ չասել: Կառավարությունն ավելի զգոն է մտածում, քան մեր ժողովուրդը, որ կանգնում ասում է, թե կան նախապայմաններ կամ արձնագրությունները լավը չեն: -Իսկ ավելի կոնկրետ կարող եք նշել, թե ի՞նչ է տալու սահմանի բացումը Շիրակի մարզի սովորական բնակչին: -Ես մի օրինակ կարող եմ բերել: Տեսեք, թե խոշոր եղջերավոր անասունի միսն ինչ արժե Հայաստանում` մասնավորապես Շիրակի մարզում, եւ ինչ արժե Թուրքիայում: Կտեսնեք, որ Թուրքիայում այն կրկնակի-եռակի թանկ է եւ դա էր պատճառը, որ անասնագողություններ էին լինում: Դրանից բացի, մենք ունենք նաեւ բրդի, կաշվի, գյուղատնտեսական մաքուր ապրանքների` կարտոֆիլ, կաղամբ, իրացման խնդիրներ: Այնպես որ մեր ժողովուրդն ակնկալում է, որ սահմանի բացման հետ միասին տնտեսապես կզարգանա ամբողջ մարզը: -Արդեն երկար ժամանակ է խոսակցություններ են շրջում, որ Շիրակի մարզպետի պաշտոնում պետք է նշանակվի նախկին ծանրամարտիկ, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը: Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերում: -Ճիշտն ասած, այդ հարցում ես որեւէ մտավախություն չունեմ, որովհետեւ երբ ինձ մարզպետ են նշանակել, ինձ չեն հարցրել: Եթե պետությունը գտնի նպատակահարմար որեւէ այլ մարդու նշանակել մարզպետ, ուրեմն այդպես է ճիշտ համարում: Ես նման հարցերով չեմ զբաղվում: Առայժմ աշխատում եմ եւ քանի դեռ կառավարությունը գտնում է, որ ես պետք է աշխատեմ, ես կաշխատեմ: Դա իրենց որոշելիք խնդիրն է: -Տիկին Նանյան, ինչպես եք կարողանում «յոլա գնալ» Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ՝ հաշվի առնելով նրա էքսցենտրիկ բնավորությունը: Խնդիրներ չե՞ն առաջանում: -Ոչ, մենք որեւէ տարաձայնություն չենք ունեցել եւ նորմալ ու համերաշխ աշխատում ենք: Որեւէ արտառոց դեպք երեւի Դուք էլ չեք լսել: Իհարկե մենք տարբեր բնավորության գծեր ունենք, բայց այդպես էլ պետք է լինի: Եթե երկուսս էլ նույն բնավորությունն ունենայինք, գուցե չհամակերպվեինք, բայց հիմա իրար շատ լավ հասկանում ենք: Նա ժողովրդի ընտրյալն է եւ բոլոր աշխատանքները նորմալ ու բարեխղճորեն կատարում է: Ես գոհ եմ մեր քաղաքի զարգացման աշխատանքներից: -Բայց Վարդան Ղուկասյանի, նրա որդու կամ այլ ազգականների անունները պարբերաբար կապվում են ինչ-որ քրեական պատմությունների հետ: -Խոսելը միշտ էլ խոսում են, պետք է կոնկրետ օրինակներ բերել, որ պատասխանեմ: -Դե նրա որդին երկար ժամանակ թաքնվում էր իրավապահներից, հետո վերադարձավ ու հանձնվեց իրավապահներին: -Դա իրավապահներին վերաբերող հարց է եւ տիկին Նանյանին քիչ է հետաքրքրում: Ամեն մեկս մեր գործով պետք է զբաղվենք: Որպես քաղաքապետ եւ որպես մարդ ինքը շատ դրական կողմեր ունի եւ լավ աշխատում է:

No comments: