Saturday, November 7, 2009

Հայաստանի ԱԳՆ. Ինքնորոշումն ինքնորոշում է, տարածքային ամբողջականությունը` տարածքային ամբողջականություն

News.am. 6-11-2009- Կան մարդիկ, որոնք երեւակայում են, թե ավելի շատ բան գիտեն բանակցություններից, քան դրանց մասնակիցներն ու վարողները: Դրանց թվում է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը, որի բազմաթիվ հայտարարություններից ակնհայտ է, որ նա բավականին աղոտ տեղեկություններ ունի բանակցությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Փոլուխովի՝ նոյեմբերի 6-ին արած հայտարարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մանրամասներին քաջատեղյակ ՀՀ արտգործնախարարը գիտի, որ Ադրբեջանը ինքնորոշման իրավունքն ընկալում է տարածքային ամբողջականության համատեքստում: «Մեկ երկրի ընկալմամբ չեն մեկնաբանում միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, այլ այնպես, ինչպես միջազգային հանրությունն է դրանք ընդունում: Ինքնորոշումը նշանակում է ինքնորոշում, տարածքային ամբողջականությունը` տարածքային ամբողջականություն, եւ եթե այդպես չլիներ, մենք այսօր չէինք ունենա ՄԱԿ-ի անդամ 192 պետություն»,- հայտարարել է Տիգրան Բալայանը:

No comments: