Wednesday, December 2, 2009

14 կուսակցություններ ՀՀ ՍԴ-ին կոչ են անում Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչել

/PanARMENIAN.Net/ 01.12.2009 - 14 քաղաքական կուսակցություններ, որոնց թվում` ՀՅԴ-ն, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցությունը (ՀԺԿ), «Ժառանգություն» կուսակցությունը, Հայաստանի «Ռամկավար-Ազատական» կուսակցությունը եւ ավելի քան 60 հասարակական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների դեմ, Երեւանում հավաք են անցկացրել: «Մենք հայտարարում ենք, որ կկիրառենք բոլոր միջոցները, որպեսզի թույլ չտանք Արձանագրությունների վավերացումը, քանի որ այդ փաստաթղթերը Հայաստանի Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին հակասող կետեր են պարունակում»,- բացելով հավաքը` հայտարարեց ՀԺԿ ղեկավար Արամ Սարգսյանը: Հավաքի վերջում նրա մասնակիցները համատեղ հայտարարություն ընդունեցին, որում Հայաստանի Սահմանադրական դատարանին կոչ են անում Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչել: «Մենք վճռական ենք Արձանագրությունների վավերացման դեմ մեր միասնական պայքարում եւ այդ նպատակին հասնելու համար կդիմենք բոլոր անհրաժեշտ քայլերին: Մենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ Արձանագրությունների վավերացման դեմ ստորագրահավաքին ու մեր հետագա գործողություններին»,- ասվում է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

No comments: