Monday, December 14, 2009

Լույս է տեսել «Մռավի ղողանջների» 150-րդ համարը

Aysor.am. 14-12-2009- Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ԼՂՀ Շահումյանի շրջանային «Մռավի ղողանջներ» հասարակական թերթի 150-րդ համարի լույս տեսնելու առթիվ, ինչպես նաև` Հյուսիսային Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկում-միջոցառում: Միջոցառմանը ժամանակ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մլքոնյանը շնորհակալական խոսքեր ուղղեց «Մռավի ղողանջներ» թերթի խմբագրակազմին, խմբագիր Կիմ Ղահրամանյանին թերթը երկար տարիներ լույս ընծայելու համար: Ա. Մելքոնայնը նշեց, որ «Մռավի ղողանջներ» թերթի անվանումը հիշեցնում է, որ Մռավից հյուսիս հայրենիք ունենք: «Մենք երբևէ չէինք պատկերացնում Արցախը ազատագրված առանց Շահումյանի` նրա հյուսիսային դարպասի, և պատահական չէ, որ 1992 թ.-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանային համատեղ նստաշրջանը հռչակեց ԼՂՀ հանրապետույթուն Շահումյանով հանդերձ»,- իր խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և հավելեց, որ Արցախի հյուսիսային դարպասը հայտնվեց թշնամու ձեռքին: Պատմաբանը հիշեցրեց, որ, երբ Շահումյանով հանդերձ, այսօրվա Արցախի քարտեզը համադրելու լինենք 18-րդ դարում Նադիր շահի կողմից ճանաչված Խամսայի մելիքության սահմանների հետ, ապա տեսնում ենք, որ սահմանները ուղղակիորեն համընկնում են: «Ադրբեջանցիները քարոզչությամբ հասան նրան, որ իրենց փախստականների վերաբերյալ կեղծ մեկ մլն թիվը մշտապես շրջանառվեց միջազգային արենաներում, մենք մոռացանք մեր շահումյանցիներին և ընդհանրապես հյուսիսային Արցախի հարցը»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը: Միջոցառմանը ներկա էին պատմաբաններ, «Մռավի ղողանջներ» թերթի աշխատակիցներ, շահումյանցիներ:

No comments: