Monday, December 14, 2009

Հայ-թուրքական արձանագրությունները կարող են վավերացվել 2010 թվականի մարտ-ապրիլ ամիսներին

/PanARMENIAN.Net/ 14.12.2009 - Այս պահին Թուրքիան բավարար ռեսուրսներ չունի Արձանագրությունների վավերացման գործընթացը ձգձգելու համար: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը «Այսօր Թուրքիայի համար քիչ հավանական եւ գործնականում անհնար է Հայաստանի հետ հարաբերությունների ձգձգումը»,-ասել է հայ փորձագետը: Ելնելով դրանից` Կ. Բեքարյանը կանխատեսում է, որ 2010 հունվար-փետրվարին որոշակի առաջխաղացում կլինի Թուրքիայի մեջլիսում, իսկ մարտ-ապրիլին արդեն Արձանագրությունները կվավերացվեն: Ինչպես նշել է Կ.Բեքարյանը, Անկարային միշտ հաջողվել է իմիտացիայի քաղաքականություն վարել ինչպես հայ-թուրքական երկխոսության, այնպես էլ Կիպրոսի հակամարտության եւ քրդկան խնդրի լուծման հարցում, եւ երբ թուրքական կողմին չէր հաջողում լուծել երեք խնդրից երկուսը, նա փորձում էր ցույց տալ միջազգային հանրությանը, որ կառուցողական է գոնե երեք գործընթացներից մեկում: Բացի այդ, փորձագետն ընդգծել է, որ Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգման դեպքում միջազգային հանրությունը բացահայտ հակաքայլեր կձեռնարկի Անկարայի դեմ: Անդրադառնալով պաշտոնական Երեւանի քաղաքականությանն Անկարայի հարցում` Կարեն Բեքարյանը նշել է, որ Հայաստանը հստակ նշել է այն սահմանները, որոնց շրջանակներում նա բանակցելու է Թուրքիայի հետ: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նա հանձնարարել է ուղղումներ կատարել ՀՀ օրենսդրության մեջ միջազգային պայմանագրերի վավերացման կամ չեղյալ հայտարարելու մասով, կարելի է գնահատել որպես Թուրքիայի հետ գործընթացում ռիսկերի նվազեցմանը»,-ասել է փորձագետը:

No comments: