Monday, December 14, 2009

Բեքարյան. Էրդողանի դիմաց Հայաստանի նախագահը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը, Հայաստանի արտգործնախարարը կանգնած չէին, որ պատասխանեին

Panorama.am. 14-12-2009- Թուրքիային մինչև օրս չի հաջողվել արձանագրել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը փոխկապակցված են իրար` չնայած մշտապես արվող հայտարարություններին: Արդյունքի արձանագրման միակ փաստը կլիներ ստորագրված որևէ նոր փաստաթուղթ, որտեղ կարելի էր նկատել ինչ-որ զիջողակաություն հայկական կողմից: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հետաքրքիր զարգացումներ են արձանագրվել Աթենքում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում, հնգակողմ հայտարարությունից հետո: Կ. Բեքարյանը նշեց, որ վաղուց արդեն ժամանակն է դուրս գալ մտածելակերպի այն տեսակից, որ ցանկացած գործընթացը չափվում է «0-1, այո-ոչ, հաղթանակ-պարտություն համակարգով»: Նրա խոսքերով, դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը նման բաշխման ենթակա չեն, այլ հարկավոր է ամենօրյա աշխատանք` մարտահրավերները նվազեցնելու համար: Բանախոսն ասաց, որ այսօր իրավիճակը տարածաշրջանում փոխված է, բայց այն երկար ժամանակ այդպես չի մնա, ու պետք է օգտվել այդ հնարավորությունից: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի` ԱՄՆ-ում արած հայտարարությանը, թե ամեն դեպքում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարցերն իրար հետ կապված են, որին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որևէ կերպ չի արձագանքել, նա ասաց. «Եկեք մեր ակնկալիքները մեզանից դուրս եղածների նկատմամբ մի փոքր ավելի չափավորենք ու ճիշտ պատկերացնենք. Էրդողանի դիմաց Հայաստանի նախագահը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը, Հայաստանի արտգործնախարարը կանգնած չէին, որ պատասխանեին, այլ կանգնած էր գերտերության նախագահ, ով չէր դառնալու հայկական կողմի պաշտպանը ու սկսելու հակաճառել Էրդողանին»: Կ. Բեքարյանը նշեց, որ Օբամայից ակնկալիքներ ունենալու փոխարեն պետք է հայաստանյան իշխանություններից, բանակցություններ վարողից պահանջել առավելագույնը: Նա ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը միաժամանակ իրականացնելը շատ ծանր է Հայաստանի համար, քանի որ հանրությունը գործընթացը «մարսելու» խնդրի ունի: «Հայ-թուրքական խնդիրը մեր հասարակության մեջ դեռևս լիակատար ընկալման հասած չէ, հետևաբար արագ տեմպերով այդ երկու հարցը միաժամանակ տանելը կարող է լինել նաև վտանգավոր: Սա պատկերացնում է նաև միջազգային հանրությունը»,- ասաց Կարեն Բեքարյանը:

No comments: