Tuesday, December 1, 2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ 95 ՏՈԿՈՍԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ

«ԱԶԳ», 01-12-2009 - Ստամբուլահայ Ալի Օզունօղլուն շուրջ 5 ամիս զրուցել է Թուրքիայում հայ միգրանտների հետ` բացահայտելու նրանց կարգավիճակը Թուրքիայում, խնդիրները, նպատակներն ու աշխատանքը: «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի պատվերով եւ Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացված վերլուծությամբ պարզվել է, որ Թուրքիայում հայ միգրանտների մեծ մասը` ավելի քան 95 տոկոս, կանայք են: Դա պարզաբանվում է նրանով, որ աշխատանքային պրոֆիլը հիմնականում կանացի է` դայակություն, տնային տնտեսուհիներ, հավաքարարներ, դերձակներ եւ այլն: Համաձայն հրապարակված հարցազրույցների, թուրք տղամարդիկ տարբեր վերաբերմունք ունեն հայ եւ ռուս կանանց նկատմամբ: Նրանք վստահ են, որ հայերի եւ թուրքերի բարոյական արժեքները հավասար են, հետեւաբար հայ կանայք ունեն բարոյական արժեքներ եւ կարող են աշխատել տանըՙ իրենց երեխաների հետ: «Երբ հայ կանանց հարցնում էին, թե այդ նույն աշխատանքը կկատարե՞ս Հայաստանում, պատասխանում էին` ոչ, որովհետեւ Թուրքիայում ոչ ոք չէր իմանա, որ բարձրագույն ավարտած կինը զբաղվում է հավաքարարությամբ, իսկ Հայաստանում այդ աշխատանքն անպատվաբեր է»: «Ազգի» առանձնազրույցում վերլուծության արդյունքներն է ներկայացնում «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի հայ-թուրքական ծրագրերի ղեկավար, թուրքագետ Արտակ Շաքարյանը : Վերլուծություններով պարզվել է, որ հայ միգրանտների ամսական եկամուտը կազմում է 100-600 դոլար: Շաքարյանը նկատում է, որ հայերը նախընտրում են գնալ Թուրքիա, որովհետեւ ավելի մոտ է եւ էժան` 15 ԱՄՆ դոլար վիզայի համար, 80 ԱՄՆ դոլար ավտոբուսի տոմս գնելու համար: Հայ միգրանտները նկատում են, որ իրենց վերադարձը Հայաստան մեծապես կախված է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումից: Շաքարյանը պատմում է, որ հայաստանցիների ու ստամբուլահայերի միջեւ հարաբերությունները բարդ են: «Ստամբուլահայերն ապահովում են հայաստանցիներին միջին աշխատանքով, բայց խնդիրներ կան, որովհետեւ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողները ցածր կրթություն ունեցող խավից են, իսկ ստամբուլահայերը հիմնականում բարձր կրթության եւ ինտելեկտի տեր մարդիկ են: Հաճախ հայ միգրատներն ասում են, որ նախընտրում են աշխատել թուրքի մոտ, քան ստամբուլահայի: Իրենց ասածը նրանք հիմնավորում են հետեւյալ կերպ. «Եթե թուրքը վատ վերաբերվի, կասեմ` թուրք է, բայց երբ հայն է վատ վերաբերվում` անհասկանալի է», պատմում է թուրքագետը: Այն թուրքերը, ովքեր քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, բավական լավ հարաբերություններ ունեն հայերի հետ, մինչդեռ ազգայնական ու քաղաքական անցուդարձին հետեւող թուրքերի հետ հարաբերությունները սարսափելի են: «Հայ-թուրքական հարաբերություններում յուրաքանչյուր փոփոխություն անդրադառնում է հայ էմիգրանտների վրա: Թուրք ազգայնականներն ասում են, թե մենք ձեզ աշխատանք ենք տալիս, վարձատրում, իսկ դուք խոսում եք ցեղասպանության մասին: Այս դեպքում հայ էմիգրանտները կանգնում են երկընտրանքի առջեւ: Մի կողմից բարեկեցիկ կյանք, մյուս կողմից` արժանապատվություն ու վիրավորանք»: Շաքարյանը որպես գլխավոր խնդիր ներկայացնում է նաեւ հայ միգրանտների Թուրքիայում ծնված հայ երեխաների կարգավիճակը: Նրանք օրինական հիմքերի վրա չեն գտնվում, իրավունք չունեն հաճախելու հանրային դպրոցներ եւ օրվա մեծ մասն անցկացնում են փողոցում: Նրանք չունեն օրինական փաստաթուղթ, հետեւաբար որեւէ ապագա Թուրքիայում չեն կարող ունենալ: Նրանց հնարավոր չէ նաեւ բերել Հայաստան, որովհետեւ փաստաթղթի բացակայության դեպքում հնարավոր չէ սահմանը հատել: Շաքարյանը նկատում է, որ վերլուծության արդյունքները կծառայեն նախ երկու հասարակությունների խնդիրները ճանաչելուն: «Տեղյակ լինենք Թուրքիայում հայ միգրանտների ապագայի վերաբերյալ: Բացի այդ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո ստեղծվելու են հայ-թուրքական հանձնաժողովներ, որոնք քննարկելու են բազմաթիվ հարցեր»: Շաքարյանը կարծում է, որ այս խնդիրն էլ կարող է դառնալ քննարկման նյութ, որպեսզի երկու կառավարությունները միասին կարողանան այս խնդրի լուծումը գտնել: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: