Tuesday, December 1, 2009

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ որեւէ տարաձայնություն չկա

News.am. 30-11-2009- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ հանրապետական կուսակցության միջեւ բացարձակապես որեւէ հակասություն չկա, անգամ կառավարության մի շարք անդամների՝ վարչապետի գլխավորությամբ, հանրապետական դառնալուց հետո: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եթե կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ որոշել են, որ իրենց հանրապետական դառնալը կօգնի առավել արդյունավետ իրականացնել ծրագրերը, ես դա թողնում եմ առանց մեկնաբանության, դա իրենց խնդիրն է, մենք դա ընդամենը ընդունում ենք ի գիտություն»,- նշեց պատգամավորը: Անդրադառնալով ՀՀԿ համագումարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայության փաստին, որը լուրջ կասկածների տեղիք էր տվել, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե Գագիկ Ծառուկյանը աշխատանքային եւ անձնական այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում, «իր այցը ծրագրված էր նախապես, եւ հանրապետության նախագահը տեղյակ էր, որ ԲՀԿ-ի նախագահը հանրապետությունում չէ: Գագիկ Ծառուկյանը լիազորել էր, որ համագումարին մասնակցենք ես, Արեւիկ Պետրոսյանը եւ Արամ Սաֆարյանը, որն էլ ընթերցեց Գագիկ Ծառուկյանի ուղերձը»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ չի բացառում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ հանրապետական կուսակցության համագործակցությունը: «Չեմ բացառում որեւէ կուսակցության հետ որեւէ կուսակցության համագործակցություն: Քանի որ քաղաքականությունը դինամիկ պրոցես է, որեւէ գործակցություն ես չեմ կարող բացառել: Համենայն դեպս ԲՀԿ-ն միշտ հանդես է եկել քաղաքական ուժերի հետ նորմալ գործակցության դիքերից: Չկան եւ չեն կարող լինել այնպիսի հարցեր, որոնց շուրջ ընդդիմախոսները չեն կարող նստել եւ երկխոսություն սկսել»,- նշեց պատգամավորը, իսկ հարցին, թե Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն էլ կարո՞ղ են համագործակցել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չեն կարող: Ի վերջո, ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ մենք այսօր իրավունք չունենք ունենալ պառակտված հասարակություն»:

No comments: