Wednesday, December 2, 2009

Թուրքիան վերացնում է հայկական եկեղեցիները, ու բողոքում, որ Շվեյցարիայում արգելում են մզկիթ կառուցել

Panorama.am. 1-12-2009- Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի էլ-կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել Շվեյցարիայում տեղի ունեցածի մասին: «Մինարեթի կառուցմանն արգելք սահմանող քվեարկությունը, որը կազմակերպվել էր նոյեմբերի 29-ին Շվեյցարիայում, խորը հիասթափություն է առաջացրել Թուրքիայում»,- ասված է հաղորդագրության մեջ: Պարզաբանենք, որ մինարեթը մզկիթի աշտարակն է, որտեղից մունետիկը մահմեդական հավատացյալների կանչում է աղոթքի օրը հինգ անգամ: Ըստ «Hurriyet»-ի` հիշյալ պաշտոնական հաղորդագրությունում նաև նշված է, որ այդ քվեարկության արդյունքում ընդունված որոշումը վտանգում է մարդու հիմնարար ազատությունները: «ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինք նախաձեռնության համահեղինակներից մեկը հանդիսացող Թուրքիան մեծ ջանք է գործադրում տարբեր մշակույթների և դավանանքների միջև փոխըմբռնման և հանդուրժողականության միջավայրն ամրապնդելու համար: Շվեյցարացի ժողովրդի այդ որոշումը մեր երկրին մեծ վիշտ է պատճառել»: Նույն աղբյուրի հաղորդմամբ` Թուրքիայի նախագահը ևս հայտարարություն է արել այդ թեմայով: Աբդուլլահ Գյուլն այդ քվեարկությունը համարել է մարդու իրավուքններին ու ազատություններին հակասող և ընդգծել, որ դա շվեյցարացիների համար ուղղակի ամոթ է: Հիշեցնենք, որ օրերս Շվեյցարիայում անցկացված քվեարկության արդյունքում արգելվեց մինարեի կառուցումն այդ երկրում: Շվեյցարիայի քաղաքացիների գրեթե 57 տոկոսը դեմ էր քվեարկել իրենց երկրում ևս մեկ մզկիթի կառուցմանը: Այս փաստը բանավեճի տեղիք տվեց Եվրոպայի և Միջին Արևելքի միջև: Շվեյցարիայում գործում է շուրջ 150 մզկիթ, բնակվում է 7 միլիոն մարդ, որոնց 5 տոկոսը կազմում են մահմեդականները: Շվեյցարիայում բնակվող մուսուլմանների մեծամասնությունն էլ թուրքեր են, և մինչ ողջ Միջին Արևելքը քննադատում է Շվեյցարիային, ոչ ոք և նույնիսկ ինքը` Եվրոպան, չի ակնարկում այն մասին, որ քրիստոնեական եկեղեցիները Թուրքիայում սարսափելի վատ վիճակում են: Այս խնդրին հանգամանորեն անդրադարձել է Huliq.com ամերիկյան հեղինակավոր կայքը` իր «Թուրքիան ցավ է ապրում Շվեյցարիայում մզկիթի կառուցումն արգելելու կապակցությամբ» վերնագրով հոդվածում. http://www.huliq.com/1/89248/turkey-feels-pain-swiss-minaret-ban Huliq.com տեղեկատվական կայքի խմբագիր-հրատարակիչ Արմեն Հարեյանը հոդվածում գրում է. «Բյուզանդական կայսրությունից և հույներից ժառանգություն մնացած քրիստոնեական ուղղափառ եկեղեցիները Թուրքիայում կամ փակվում են, կամ վերածվում թանգարանների: Այսպես օրինակ` 1971թ.-ին Թուրքիայում փակվել է Կոստանդնուպոլսի Արևելյան ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարքարանը, իսկ 1935թ.-ին ուղղափառ քրիստոնեության ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը` Սուրբ Սոֆիան, որը կառուցվել է դեռ 13-րդ դարում հույն ճարտարապետի կողմից, թուրքերը վերածեցին մզկիթի: Հիմա այն դարձել է Ստամբուլի թանգարաններից մեկը: Նման ճակատագրի են արժանացել նաև Արևմտյան Հայաստանի (Արևելյան Անատոլիա) եկեղեցիները»: Իր հոդվածում Արմեն Հարեյանը հիշեցնում է նաև Աղթամար եկեղեցու մասին, որը թուրքերը վերականգնեցին, սակայն, թույլ չտվեցին եկեղեցու գմբեթին խաչ ամրացնել: «Եթե Թուրքիայում չլիներ նման ժխտողական վերաբերմունք քրիստոնեական կրոնի և մշակույթի հանդեպ, գուցե Շվեյցարիայում` Եվրոպայի կենտրոնում, մզկիթի կառուցումը նման խնդիրներ չառաջացներ»,- գրում է Արմեն Հարեյանը:

No comments: