Saturday, December 12, 2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղի չի ունենա առաջիկա երկու տարիների ընթացքում. փորձագետ

Tert.am. 11-12-2009- Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից երևում է, որ նրանց մոտ առկա է մի տեսակ հոգնածություն, որ բանակցությունները վարվում են բավական երկար, իսկ առաջընթաց դեռևս չկա, 1news.az-ին հայտնել է Ռուսաստանի Քաղաքական փորձաքննությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն: Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում չկա, իսկ ռազմական ճանապարհով լուծումը լուծում չէ: «Ես, անկեղծ ասած, ենթադրում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղի չի ունենա առաջիկա երկու տարիների ընթացքում: Էրդողանի և Օբամայի հանդիպումները հանգուցային և ռազմավարական չեն: Ինչպես ես արդեն ասել եմ, գոյություն ունի ռազմավարական օբյեկտների անվտանգության հարց, այդ թվում՝ այն օբյեկտների, որոնցում շահագրգռված է ԱՄՆ-ը. դա Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն է: Այսօր այդ օբյեկտների անվտանգության հարցը ռազմական հակամարտության դեպքում որոշակի զսպող տարր է դառնում այն հանգամանքի դեմ, որ ռազմական գործողություններ սկսվեն»,- նշել է փորձագետը: Միջազգային ինստիտուտի տնօրենը կարծում է, որ հակամարտության դեպքում Ռուսաստանը կփորձի բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի թույլ չտա դրա ռազմական զարգացումը: «Ռուսաստանը կարևոր, բայց ոչ հանգուցային տարր է: Չի կարելի գերագնահատել Ռուսաստանի հնարավորությունները հենց նույն Հայաստանի դիրքորոշման վրա ունեցած ազդեցության հարցում: Նախ, այդ հակամարտությունը պետք է լուծեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունն ու ժողովուրդները: Դա, առաջին հերթին, նրանց կամքն է, իսկ նույնիսկ այնպիսի լուրջ խաղորդների ազդեցությունը, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, երկրորդական են»,- եզրափակել է վերլուծաբանը:

No comments: