Saturday, December 19, 2009

Թուրք լրագրողները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

News.am. 19-12-2009- Երեւան այցելած թուրք լրագրողները դեկտեմբերի 19-ի առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, եւ ծաղիկներ դրել հավերժական կրակի մոտ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: Ապա նրանք այցելել են Ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են թանգարանի ստեղծման պատմությանը, նպատակներին ու ծրագրերին: Ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրել է, որ լրագրողներին հետաքրքրել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր, նաեւ հայկական կողմի մասնակցությունը՝ ստեղծվելիք հայ-թուրքական պատմական ենթահանձնաժողովին: Դեմոյանը հայտնել է, որ խնդիր չի տեսնում ցանկացած ձեւաչափով ազատ արտահայտվելու մեջ, բայց սկզբունքային դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության փաստի քննարկման անթույլատրելիության մասին: Նա ընգծել է, որ Հայաստանում ավելի ազատ են արտահայտում իրենց դիրքորոշումները, մինչդեռ Թուրքիայի ներկայացուցիչները՝ 301 հոդվածի սպառնալիքի տակ չեն կարողանում ազատ արտահայտվել: Դեմոյանը նշել է նաեւ, որ 2008թ. սեպտեմբերից ավելացել են Ցեղասպանության թանգարանի վիրտուալ եւ իրական այցելուները: Նրա խոսքով, օրական կայք են այցելում մոտ 200 հոգի, ընդ որում առաջին տեղում ԱՄՆ-ն է, 2-րդում՝ Թուրքիան: Մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան են այցելել Թուրքիայի 3 հազար ներկայացուցիչներ:

No comments: