Saturday, December 19, 2009

Քրդական կուսակցության պատգամավորները մանդատներից չեն հրաժարվի

News.am. 19-12-2009- Թուրքիայի Սահմադրական դատարանի որոշմամբ փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորները չեն հրաժարվի իրենց մանդատներից եւ իրենց աշխատանքը կշարունակեն «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության հարկի տակ: Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ փակված քրդական կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը հայտնել է, որ իրենց կուսակցության անդամները քաղաքական գործունեությունը կշարունակեն «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության մեջ: «Թուրքիայի ժողովրդավարական ուժերը, մտավորականները, գրողները, կարեւոր համարեցին, որ այս շրջանում մեր պատգամավորները լինեն խորհրդարանում: Ինչպես նաեւ մանդատներց հրաժարվելը սխալ է համարել Իմրալի կղզու բանտում գտնվող Աբդուլա Օջալանը` այդ մասին կիսվելով իր փաստաբանների հետ»,- նշել է փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեդ Թուրքը: Ինչպես եւ ենթադրվում էր, Ահմեդ Թուրքին եւ Այսել Թուղլուկին քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկելուց հետո քրդական կուսակցության մնացած 19 պատգամավորներին միանալու հայտարարությամբ հանդես է եկել Ուֆուք Ուրասը, եւ այս կերպ հնարավորություն է ստեղծվել նոր խմբակցություն ձեւավորել: NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 11-ին որոշում էր կայացրել, որ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը պետք է փակվի։ Թուրքիայի ՍԴ նախագահ Հաշիմ Քըլըչը հայտնել էր, որ կուսակցության փակման որոշումը պայմանավորված է այդ կուսակցության՝ PKK-ի հետ կապեր ունենալու եւ Թուրքիայի անբաժանելիության սկզբունքին վնասներ հասցնելու հանգամանքներով։ Հիշենք, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը տվյալ կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել էր դեռեւս 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ Հայցադիմումում ներկայացվել էին 141 պատճառներ, թե ինչու է անհրաժեշտ փակել քրդական կուսակցությունը։

No comments: