Thursday, December 31, 2009

Հայոց պատմության թերևս ամենամեծ սխալներից մեկը

Լևոն Մարաշլյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գլենդել Քոլեջ, Կալիֆորնիա Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը բնական և անհրաժեշտ նպատակ է, սակայն դեպի այդ լավ նպատակը տանող ուղին, որ նախագահ Սերժ Սարգսյանը բռնեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, կխարխլի Հայաստանի ազգային շահերը, նույնիսկ Հայաստանի անկախ գոյատևելու կարողությունը, և կխոչընդոտի ջանքերին, որոնք կարող էին Թուրքիային ավելի մոտեցնել իր պատասխանատվությունը ճանաչելուն: Այդ ուղիով նաև ոտնահարվում է Սփյուռքի` հայկական հարցի ժառանգությանը վերաբերող դիրքորոշումների ձևավորմանը մասնակցելու անքակտելի իրավունքը: Արձանագրությունների ուշադիր ընթերցումից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի վրա ճնշում է գործադրվում չափից շատ բաներ զոհաբերելու համար`ստիպելով սարսափելի բարձր գին վճարել բաց սահմանի դիմաց: Եվ սա այն ժամանակ է, երբ Թուրքիան, Ամերիկան, Եվրոպան և Ռուսաստանը սահմանի բացման կարիքը զգում են այնքան, որքան Հայաստանը, եթե ոչ ավելի շատ: Արձանագրությունների կողմնակիցները փչացած ձայնապնակի պես կրկնում են, թե նախապայմաններ չկան: «Ոչ, և կրկին ոչ»,- բացականչեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին Ազգային Ժողովում: Սակայն Նալբանդյանի արտասանած բառերը բացահայտորեն հակասում են արձանագրություններում տպագրված բառերին: Եթե բացառենք Նալբանդյանի և մյուս կողմնակիցների ստելու տարբերակը, ուրեմն նրանց անհավատալի հերքումը հասկանալու համար միակ ուղին կլինի սույն աղճատված տրամաբանության կիրառումը- մեկի կողմից մյուսի նախապայմանները ընդունելու պահից կարող ենք ձևացնել, թե նախապայմաններ այլևս չկան, և որ այժմ դրանք երկկողմ ընդունված համաձայնագրի պայմաններ են: Սա պարզունակ մի խաղ է, սակայն վերջնական արդյունքը նույնն է- մի կողմն իրականում ընդունել է մյուսի նախապայմանները: Արձանագրությունները պարունակում են թուրքական` նվազագույնը երկու մեծ, երկարաժամկետ նախապայման. պատմական հարցերի հանձնախմբի ստեղծումը և 1921 թվականի Կարսի պայմանագրի սահմանի վերահաստատումը: Փաստաթղթերի լեզվի մեղմացված ձևակերպումը անկարող է թաքցնել պարզ իրականությունը: Նախապայմաններ չլինելու մասին պնդումները վիրավորում են այս խնդրով մտահոգ յուրաքանչյուրի ինտելեկտը: Նախապայման. պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով Ի պատասխան այն մեղադրանքների, թե «մենք հարցականի տակ ենք դնում Հայոց Ցեղասպանության փաստը, և որ մենք խոչընդոտում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը», Նալբանդյանը հայտարարեց, «ոչ, և կրկին ոչ»: Նալբանդյանը չի հասկանում, որ արձանագրություններով մեկնարկելիք գործընթացը, անգամ պատմական հարցերի հանձնաժողովի գոյությունը միայն, որը պիտի իրականացնի «պատմական տվյալների և արխիվների անկողմնակալ և գիտական հետազոտությունը», ինչպես նաև արձանագրությունների ընդհանուր տոնը, աշխարհի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե Հայաստանի կառավարության համար ընդունելի է պաշտոնական մի ուսումնասիրություն կազմակերպելը և դրան մասնակցելը, որի ընթացքում մյուս կողմը հարցականի տակ է դնելու Հայոց Ցեղասպանության իրողությունը: Այս ստեղծված տպավորությունը կշահարկվի: Արդյունքներից մեկը կլինի այն, որ անկախ գիտնականների և Սփյուռքի կազմակերպությունների գործն ավելի կդժվարանա, երբ նրանք շարունակեն ջանքերը Ցեղասպանության թեմայով տարվող կրթության և նրա`միջազգային ճանաչման ուղղությամբ: Պատճառը`Թուրքիայի կառավարությունը և այլ 3-րդ կողմեր, օրինակ, ԱՄՆ որոշ կոնգրեսականներ, ոմանք խաբուսիկ փաստարկներով զինված, ոմանք էլ թյուրիմացության մեջ ընկնելով, թե առաջընթաց է տեղի ունենում, առիթ կունենան ասելու, թե Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի կարիք այժմ չկա, քանի որ Հայաստանը և Թուրքիան իրենք են աշխատում խնդրի լուծման ուղղությամբ: Դիվանագիտության և հասարակական կարծիքի ոլորտում հաճախ տպավորությունը իրականությունից ավելի կարևոր է: Երևանի կողմից ենթահանձնաժողովում նշանակված պատմաբանները և մյուս փորձագետները կցանկանան քննարկել Ցեղասպանության հետևանքները և կփորձեն հակահարված տալ «թուրքական կողմի»` Ցեղասպանության իրողությունը հերքելու ջանքերին: Եվ եթե ենթահանձնաժողովը նման վիճաբանության ծուղակն ընկնի, «հայկական կողմը», հավանաբար, հաղթի քննարկումների սենյակում: Այնուամենայնիվ, գործընթացը սենյակից դուրս կարող է հաղթանակ դառնալ Թուրքիայի համար այնքան ժամանակ, որքան որ գործընթացը շարունակվի, քանի որ Թուրքիայի հիմնական նպատակը, երևի թե, ոչ թե համաձայնության գալն է հանձնաժողովում, թե դա Ցեղասպանություն չէր, այլ պարզապես ջուրն ավելի պղտորելն է` 2015-ի շեմին խոչընդոտելով Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հետագա քայլերին: Թուրքիան կարող է փորձել «հաղթել» ենթահանձնաժողովի ակադեմիական բանավեճում, բայց առանց հաղթանակի ակնկալիքի: Ի վերջո, Թուրքիան կարող է հասարակական կարծիքի ոլորտում փոքր ետընթաց ունենալ, եթե իր ոչ անկեղծ լինելը բացահայտվի: Սակայն Թուրքիան կշահի խոչընդոտելու հարցում, ինչը, հավանաբար, տարիներ կտևի, և դեպի հաջողություն տանող ուժգնացող շարժումը, որն առաջացել է տասնամյակների նվիրումի, զոհաբերության, գիտական լուրջ աշխատությունների և հանրային քարոզչության արդյունքում, կխամրի: Օսմանյան կայսերական կառավարությունը սովամահ անելով և սրի քաշելով սպանեց հայ ժողովրդին: Թուրքիայի հանրապետական կառավարությունը ցանկանում է դանդաղեցնելով և «ուսումնասիրելով»` Ցեղասպանության պատմությունը սպանել: Արձանագրությունների գործընթացը շահարկելով` Ցեղասպանության ճանաչումը հետաձգելը ոչ թե կարող է պատահել, այլ արդեն տեղի է ունեցել: Այս տարի բոլոր նախադրյալներն առկա էին, որպեսզի նախագահ Բարաք Օբաման ճանաչեր Հայոց Ցեղասպանությունը: Հարվածը եղավ ապրիլի 6-ին Թուրքիայում: «Ուզում եմ լինել հնարավորինս քաջալերող այս բանակցություններում, որոնք առաջ են ընթանում և կարող են շատ արագ պտուղ տալ: Հետևաբար, այն, ինչ ուզում եմ անել այս պահին, ոչ թե իմ, այլ թուրք և հայ ժողովուրդների տեսակետների վրա կենտրոնանալն է: Եթե նրանք կարող են առաջ ընթանալ և գործ ունենալ դժվար ու ողբերգական պատմության հետ, ուրեմն, իմ կարծիքով, ողջ աշխարհը պիտի քաջալերի իրենց»: Այժմ մենք հասկանում ենք, որ արձանագրություններն էին, որ նախագահ Օբամային հնարավորություն տվեցին ետ կանգնել ընտրարշավին տված իր խոստումից: Դանակը վերքի մեջ էլ ավելի խորը մտցնելով, ԱՄՆ Պետքարտուղարությունը Երևանի վրա ճնշում գործադրեց համաձայնելու ընդունել արձանագրություններին նախորդող «ճանապարհային քարտեզի» մասին արված հայտարարությունը` ապրիլի 24-ից ընդամենը 2 օր առաջ: Հայերի շրջանում լայնամասշտաբ վրդովմունքը պատասխան եղավ Վաշինգտոնի կատարած այս դաժան նվաստացմանը և Երևանի խայտառակ կապիտուլյացիային: Նախապայման. Կարսի «Սահմանի» Հաստատումը «Անձամբ ես գնում եմ խնդիրներ լուծելու»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին Հայաստանի քաղաքական կուսակցություններին ուղղված իր ելույթի ոչ համոզիչ բացման խոսքում: Հետո հարցրեց. «Եթե որևէ խնդրի լուծման համար մենք որևէ դուռ ենք փակել` խնդրում եմ մատնացույց անել»: Դռները, որոնք ամենայն հավանականությամբ փակվում են արձանագրություններով, ճիշտ իր դիմացն են: «Հաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով» – սա արձանագրություններում եղած հիմնական նախադասություններից մեկն է: Ակնհայտ է, ինչպես Անկարան և հետաքրքրված կողմերի մեծ մասը կմեկնաբանեն այս նախադասությունը: Յուսուֆ Քանլին սեպտեմբերի 15-ին «Հյուրիեթ»-ում գրեց, թե «ետ-խորհրդային ժամանակաշրջանում առաջին անգամ Հայաստանը համաձայնեց ճանաչել Թուրքիայի հետ իր սահմանը այնպիսին, ինչպիսին սահմանվել է Կարսի պայմանագրով, չնայած որ արձանագրություններում Կարսի պայմանագրի մասին վկայակոչում չկա»: «Հայաստանի կողմից նման ճանաչումը ոչ այլ ինչ է, քան հայտարարել, թե իրենք Թուրքիայից տարածքային պահանջներ չունեն», և որ «Հայաստանը մեջքով է շրջվել» Սփյուռքի`«Թուրքիայից հողային պահանջներին»: Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում արձանագրությունները ներկայացնելիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նույնպես Կարսի (և Մոսկվայի պայմանագրի) մասին այդ նույն նախադասությունը հնչեցրեց: Չնայած որ սա համընդհանուր ըմբռնման ձև կարող է դառնալ, կան արձանագրությունների նախադասությունը մեկնաբանելու այլընտրանքային տարբերակներ: Ցյուրիխում կայանալիք ստորագրման արարողությունից առաջ հայ ժողովրդին ուղղված իր ելույթում նախագահ Սարգսյանն`ակնհայտորեն ազդվելով Հայաստանում և Սփյուռքում տեղ գտած բողոքի լայնածավալ ցույցերից, առաջին անգամ մի մեկնաբանություն արեց, որն այնպիսի տպավորություն է ստեղծում, թե, իր կարծիքով, այդ դուռը դեռ աննշան բաց է: «Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»: Սարգսյանն առաջարկեց մեկնաբանման այս տարբերակը, քանի որ հավատո՞ւմ է դրան, թե՞ դա արեց իր քննադատների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար: Երկու դեպքում էլ, ինչպիսին էլ որ լինի նրա ռազմավարությունը, այնպես, ինչպես Սարգսյանն է վարվում, վտանգավորության աստիճանի ռիսկ կա: Սա առաջ է քաշում արդարացիությունը ընդդեմ հնարավորինության խնդիրը: Վստահորեն կարելի է ասել, որ գրեթե բոլոր հայերը ցանկանում են Ցեղասպանության ճանաչում միջազգային հանրության և Թուրքիայի կողմից, և հավատացած են, որ, սկզբունքորեն, պահանջատիրությունը պատմականորեն արդար է: Սակայն, ոմանց կարծիքով, երազների մեջ սավառնել է նշանակում Թուրքիայից որևէ նյութական բան, հատկապես տարածք, ակնկալելը, չնայած ճանաչումը անհրաժեշտ և իրագործելի է: Ոմանք էլ հավատում են, թե հնարավոր է առավելագույնը: Միջին տեսակետի համաձայն, այլևս իրատեսական չէ Թուրքիայից ակնկալել ստանալ այն ամենը, ինչ նա զավթել է- կարևոր չէ, թե որքան արդարացի է պահանջատիրությունը: Այնուամենայնիվ, փոխզիջման այլընտրանքային, հնարամիտ, ստեղծագործական, ճկուն, աննախադեպ տարբերակներ կան, որոնք ապագայում, թերևս Թուրքիայի համար որոշակի պայմաններում ընդունելի լինեն, երբ մի բան զիջելով, Թուրքիան կարողանա փոխարենն արժեքավոր այլ բաներ ձեռք բերել: Ինչ տեսանկյուն էլ որ հայերն ունենան, այսօր հաստատ է մի բան`պահանջատիրության արդարացի լինելը հակադրվում է արտաքնապես անհնարին թվացող իրականությանը, չնայած որ կարևոր հարցեր կան: 1. Եթե ճիշտ է, որ նյութական որևէ փոխհատուցում ստանալը երբեք հնարավոր չի լինելու, ինչու՞ 2005-ին Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհուրդը հրամայեց սահմանափակել Օսմանյան ժամանակաշրջանի անշարժ գույքի պետական ռեգիստրների մատչելիությունը`վախենալով, որ այդ փաստաթղթերը կարող են «էթնիկ կամ քաղաքական շահարկման առարկա» դառնալ: 2. Ինչու՞ 1991-ին, երբ Հայաստանն անկախացավ, Թուրքիայի ամենաառաջին քայլերից մեկը եղավ Երևանից Կարսի կամ Մոսկվայի պայամանագրերի ընդունման պահանջը: 3. Ինչու՞ Թուրքիան ցանկացավ, որպեսզի այս արձանագրություններում անուղղակիորեն ակնարկվի Կարսի պայմանագրի մասին: 4. Ինչու՞ Թուրքիան չի բավարարվում գոյություն ունեցող սահմանի պարզ ճանաչմամբ, որը Հայաստանն արդեն արել է ՄԱԿ-ին միանալիս` վերջինիս կանոնակարգի համաձայն: 5. Ինչու՞ է Թուրքիան հրաժարվում Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալուց` միաժամանակ թույլ տալով, որպեսզի տարածքային անհամաձայնությունը մնա հեռու, փոշոտ մի սենյակի հին թղթապանակում, սարդոստայնով պատված- ճիշտ այնպես, ինչպես ՄԱԿ-ի ավելի քան 100 անդամ երկրներ են վարվել, որոնք նորմալ հարաբերություններ և բաց սահման ունենալով հանդերձ շարունակում են իրենց տարածքային անհամաձայնություններն ունենալ: Ծաղր է պարզապես, որ Աբդուլլա Գյուլը, Ռեջեբ Թայիբ Էրդողանը և Ահմեդ Դավութօղլուն, կարծես, ավելի են հասկանում հայերի պահանջատիրության պատմական արդարացիությունը, քան Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը: Փակվող դռները, որոնց մասին հարցնում էր Սերժ Սարգսյանը, Հայաստանի բոլոր հնարավորություններն են` ապագայում Ցեղասպանության համար արդարություն ապահովելու – ինչն, անտարակույս, դժվար գործ է: Ակնհայտ է, որ նա այդ դռները չի տեսնում, որովհետև «իրատեսության» տեսանկյունից նման հնարավորությունները իրականանալուց հեռու են թվում: Հետևաբար, քանի որ երբեք հնարավոր չի լինելու սահմանի որևէ փոփոխություն կատարել, Սարգսյանը, երևի, կարծում է, թե ավելի լավ է անմիջապես ընդունել Կարսի սահմանը, որպեսզի այսօր հնարավոր լինի օգտվել բաց սահմանից: Մյուս կողմից, ինչ վերաբերում է ունեցվածքին, ապրիլի 23-ին Wall Street Journal-ին տված հարցազրույցի ժամանակ Սարգսյանը նշեց հազարավոր «հայկական պատմական հուշարձանների» հարցը սեղանին դնելու գաղափարը: Բայց նա չի տեսնում, որ տարածքային խնդրին միացած դուռն ամրացած է նաև այլ դռների, որոնք կախված են Ցեղասպանության ճանաչման և ունեցվածքի պահանջներին, այդ թվում նաև իրեն հետաքրքրող եկեղեցիներին և մշակութային այլ գանձերին: Հիմք կա ենթադրելու, թե Թուրքիայի կողմից Ցեղասպանության ուրացման պատճառը միայն ազգային հպարտությունը և թուրք ինքնությունը չեն, այլ նաև վախը` մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություններից մեկի ճանաչումից հետո`թեկուզ նվազագույն նյութական հետևանքների հավանականության հանդեպ: Կարսը թեկուզ անուղղակիորեն վերահաստատելը կարող է թուլացնել Հայաստանի դիրքը այլ (ոչ տարածքային) հարցերում ևս, որոնք նույնպես կենսական կարևորություն ունեն հայ ժողովրդի համար: Ճանաչումը և արդարությունն ուղղակիորեն կապված են Հայաստանի ապագայի հետ Արձանագրությունների կողմնակիցները սիրում են շեշտել, թե չմոռանալով Ցեղասպանությունը, մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի ներկայի և ապագայի վրա: Կարծես, նրանք համամիտ չեն այն կարծիքի հետ, թե Ցեղասպանության ճանաչումն արդարությամբ ամրագրելն ուղղակիորեն կապված է Հայաստանի ներկայի և ապագայի հետ: Ցեղասպանությունն է հիմնական պատճառն այն վտանգավոր իրավիճակի, որի մեջ այսօր Հայաստանն է: 1991-ից ի վեր վատ կառավարումը, ագահությունը և կաշառակերությունը նույնպես պատճառ են, իհարկե, սակայն հիմնական գործոնը Ցեղասպանության հետևանքով տեղ գտած մարդկային, մշակութային, տարածքային և նյութական վիթխարի կորուստներն են: Տեղահանումների և կոտորածների, 1920 թվականին Հայաստան ներխուժելու, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի կործանիչ պայմանագրերի պարտադրման հիմնական նպատակն էր Հայաստանը և հայերին բնաջնջելը, կամ էլ երկիրը փոքրացնելն ու ժողովրդին պակասեցնելը` հասցնելով ինքնուրույն գոյատևելու անկարող մակարդակի, որպեսզի հայ ժողովուրդը տարածաշրջանում զրկվի իր կշռից: Արդյունքն այսօր այն է, որ եթե Հայաստանը սահմանափակված մնա իր այժմյան պաշարներով, պահպանի իր բնակչության չափը և աշխարհա-քաղաքական դիրքը, երկիրը, հավանաբար, կշարունակի վտանգավորության աստիճան խոցելի մնալ և կախման մեջ լինել արտաքին օժանդակությունից ու Սփյուռքի դրամական փոխանցումներից: Դա, հավանաբար, բավարար չի լինի անհրաժեշտ բարեկեցության և անվտանգության հասնելու համար, որպեսզի ընթացք տրվի դեմոգրաֆիկ տագնապալի միտմանը և երաշխավորվի երկրի ազգային անվտանգությունը: Բաց սահմանը, թերևս, ընդհանուր առմամբ օգտակար լինի տնտեսության համար, սակայն կբավարարի± արդյոք երկիրն այն աստիճան բարեկեցության և ապահովության հասցնելու համար, որպեսզի այն ազատի միայն անունով անկախ լինելուց: Ամեն մի հայ պիտի հուսա, որ վերոհիշյալ նախադրյալները բավարար կլինեն լավ ապագայի համար, սակայն այսօր եղած տվյալները վկայում են այն մասին, որ նման հույսի վրա հիմնվելը մշուշապատ վիճակ է: Առանց ինքնապահպանման հնարավորություններն ընդլայնելու, Հայաստանը որոշ ժամանակ կարող է գոյատևել արտաքին օժանդակություններով, սակայն երկրի ապագան պայծառ չի թվում: Այս իրականությունը հաղթահարելու համար, որը, կրկին, 1915-1923թթ թուրքական քաղաքականության գլխավոր հետևանքն է, և Հայաստանի` որպես կենսունակ պետություն գոյությունը պահպանելու հնարավորությունները մեծացնելու համար չափազանց կարևոր է Ցեղասպանության հարցին արդար լուծում տալը: Բոլոր դեպքերում, նույնիսկ եթե արդարության ձեռքբերումն անհնար է, դա չի հերքում այն փաստը, որ արդարության ձեռքբերումն անհրաժեշտություն է Հայաստանի գոյությունը արժանապատվությամբ և անվտանգ պահպանելու կարողությունը խթանելու համար: Այս հարցն առնչվում է նաև միլիոնավոր, անձամբ անմեղ թուրքերի հետ, ում անարդար ձևով իրենց անազնիվ կառավարությունը ստիպում է ուրացման անպատվաբեր բեռը կրել: Թուրք ժողովուրդն իր կառավարության կողմից Ցեղասպանության մեղքերի իմաստալից «թողության» է արժանի: Պարզ ներողությունը, սակայն, կլինի ոչ բավարար մի քայլ, որն աննշան անկեղծություն կպարունակի և ոչ իրական հաշտեցման ոգի, մինչդեռ Թուրքիայի կողմից փոխհատուցելի արդարությունը ճանաչելու մերժումը պահպանելու է հանցագործության հետևանքները` Հայաստանի աղքատությունը և անապահովությունն անվերջանալի դարձնելով: Միջազգային ճնշում և ազգային պատիվ Նախագահ Սարգսյանն արժանի է որոշ կարեկցանքի արտաքին ճնշման տակ գտնվելու համար: Սակայն դիվանագիտական ճնշմանը և միմյանց շաղկապված ֆիզիկական վտանգներին (հատկապես Հայաստանին խեղդելու, սառեցնելու, կամ սովամահ անելու Ռուսաստանի ունակությանը) պատասխանելու համար Սարգսյանը, Նալբանդյանը կամ նախկին քաղաքական գործիչներն արդյո՞ք զինված էին ամենաարդյունավետ փաստարկներով: Ամերիկան, Եվրոպան և Ռուսաստանն ակնկալում են մեծապես օգտվել բաց սահմանից – փոքրիկ հայկական մի գորգ, որը ձեռք են բերում գրեթե անվճար, որի վրայով բեռներ և էներգիա կարող են տեղափոխել: Թուրքիան հատկապես կշահի դրանից շատ առումներով: Սակայն գործարքին մատուցած Թուրքիայի միակ իրական ներդրումը լինելու է սահմանի բացումը, որը հենց Թուրքիան է փակել 1993-ին, ինչը Թուրքիայից արդեն պահանջվելու էր`որպես Եվրամիությանն անդամակցելու պայմանի մի մաս: Մինչդեռ Հայաստանից պահանջում են հրաժարվել իր ապագայի հնարավոր տարբերակներից, որոնք մեծացնելու էին երկրի գոյատևելու հնարավորությունները: Հայաստանից պահանջում են հրաժարվել պատվից ու արժանապատվությունից, հնարավորությունից` արդարության իր իրավունքը պահանջելու այն հսկայամասշտաբ գազանությունների դիմաց, որոնք ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդը 1919-ին անվանեց «մարդկության ողջ պատմության ամենավիթխարի ոճրագործությունը»: Առավել հմուտ դիվանագիտությամբ, որը համաձայնեցված լիներ Սփյուռքի`այսօր ոչ բավարար օգտագործվող հնարավորությունների հետ, հայաստանյան բանակցողները կկարողանային Հայաստանի այժմյան առավելությունները որպես լծակ գործածելով բանակցությունների ընթացքում ավելի լավ պայմաններ ձեռք բերել: Պատմության այս պահին գոնե, Հայաստանն ունի պատմականորեն բարոյական վիթխարի մի հարց, որը հարգված է ողջ աշխարհում, և հայ ժողովուրդն այսօր տերն է մի հողակտորի, որն արժեքավոր է արևմուտքի և արևելքի ուժերի շահերի համար: Հայաստանի կառավարությունները, սակայն, ձախողեցին`սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, շարունակելով Ռաբերտ Քոչարյանով, և հիմա Սերժ Սարգսյանի օրոք (ում ես 2008-ի ընտրություններին նախընտրեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, չիմանալով, որ ինքը Թուրքիայի հարցում Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը պիտի ձգտի): Երևանն, օրինակ, չկարողացավ ամենահամոզիչ փաստարկները մշակել, որոնք պաշտպանելու էին Հայաստանի համընդհանուր ազգային շահերը և Ղարաբաղի հակամարտության հարցը հատկապես: Միաժամանակ մինչ օրս կառավարության կեցվածքը զանգվածային լրատվամիջոցներում և հասարակական կապերի ոլորտում միջակից էլ ցածր է եղել: Հիմա հայ ժողովուրդը հայտնվել է ամոթալի պարտության շեմին, և արձանագրությունների ընդունումը կարող է հիշվել որպես հայոց ողջ պատմության ամենամեծ սխալներից մեկը: «Հրավիրելով Թուրքիայի Նախագահին Հայաստան և նախաձեռնելով այս ողջ գործընթացը,- հայտարարեց Սարգսյանը,- ես նպատակ եմ հետապնդել բացել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը Հայաստանի և Թուրքիայի համար, ցույց տալ, որ Ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդը, և Հայաստան երկիրը, որ կանգուն է և տեր է իր ժողովրդի ցավին, իրականում բավարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու և աշխարհի զարգացման ընթացքին հակընդդեմ շարժվելու անիմաստությունը մատնացույց անելու»: Ինչ ցավալի է: Պատկերացրեք երկու ընտանիք միևնույն թաղամասում: Այնքան նվաստացուցիչ է, երբ սպանությունների, բռնաբարությունների, խոշտանգումների և իրենց ընտանեկան հողերի, ժառանգության, ունեցվածքի, ընտանեկան թանկարժեք մասունքների թալան և նույնիսկ իրենց անթիվ-անհամար երեխաների առևանգում տեսած զոհերի սերունդների ղեկավարները ցանկանում են «առաջինը» ձեռք մեկնել մարդասպանների, բռնաբարողների, խոշտանգողների, առևանգողների և թալանողների սերունդների առաջնորդներին, ովքեր շարունակում են հերքել իրենց նախնիների ոճիրը, և ովքեր նույնիսկ ասում են, թե դա տուժած ընտանիքի մեղքն էր, ովքեր շարունակում են ապրել հարաբերական շքեղության մեջ`վայելելով թալանված ունեցվածքի պտուղները, մինչդեռ զոհերի սերունդները չարքաշ կյանք են վարում այդ նույն թաղամասի փոքր անկյունում`հարաբերական աղքատության մեջ և զրկված թաղամասի լավագույն ճանապարհից: Եվ սա դեռ ամենը չէ: Թուրք պաշտոնյաները, որ, կարծես, արձանագրություններից բավարար օգուտ չէին քաղել, վերքին վիրավորանք ավելացրին անթաքույց սպառնալիքներ հնչեցնելով, թե սահմանը չեն բացի, մինչև հայկական ուժերը դուրս չբերվեն ռազմավարական կարևորություն ունեցող տարածքներից, և մինչև Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորվի: Իսկ Սարգսյանը շարունակում է պնդել, թե հարաբերությունների կարգավորման հարցում Ղարաբաղը նախապայման չէ: Հոկտեմբերի 7-ին Wall Street Journal-ում վարչապետ Էրդողանը հակասել է Սարգսյանին, վերջինիս անհարմար վիճակի մեջ դնելով, և հայտարարել, թե «չնայած հայերը երբեմն ասում են, թե այդ համաձայնագիրն ադրբեջանցիների հետ որևէ կապ չունի, իրականում կապ կա»: Էրդողանը նույնիսկ միջամտեց Հայաստանի ներքին գործերին`Հայաստանի նախագահին խորհուրդ տալով, թե նա ինչպես պետք է վերաբերվի իր իսկ ժողովրդին. «Հայաստանը չպետք է թույլ տա, որպեսզի իր քաղաքականությունը գերի դառնա հայկական Սփյուռքին»: Վերքին մեկ հատ ևս վիրավորանք ավելացվեց. հենց ստորագրման արարողսւթյունից առաջ հայտնի դարձավ, որ Դավութօղլուի արտասանելիք ելույթում նախապայմանների հիշատակում կար: Կարծես, չկշտանալով արձանագրությունների պայմաններով, Թուրքիան ցանկացավ նախապայմաններ հիշատակել, դրանով աղ լցնելով Հայաստանի վիրավորված ինքնասիրության բաց վերքերին: Նախապայմաններ պարունակող փակման խոսքը Սարգսյանի աչքի մեջ մտցնող Դավութօղլուի այս անամոթ կեցվածքը չափազանց էր անգամ Հայաստանի անհամարձակ կառավարության համար: Նալբանդյանը ճիշտ վարվեց, որ հրաժարվեց ստորագրելուց: Երեք ժամ շարունակ տիկին Հիլարի Քլինթոնը համոզելով շողոքորթեց Նալբանդյանին, որպեսզի վերջինս տեղի տա փոխզիջմանը: Այնուհետև Քլինթոնը Նալբանդյանին իր ավտոմեքենայով տարավ ստորագրման վայր, ուր ոչ մի կողմը փակման խոսքով այլևս հանդես չեկավ: Մինչ թանաքը կչորանար թղթի վրա, դեմքի արտահայտություններից պարզ դարձավ, թե ով է հաղթել և ով` պարտվել: Սեղանի ետևում կանգնած դիվանագետների դեմքի բավարարված ժպիտները, քմծիծաղն ու հրճվանքը որևէ կարեկցանք չցուցաբերեցին իրենց խեղճ հայ գործընկերոջ անհանգստության հանդեպ, որի դեմքը բացարձակ կոնտրաստով արտահայտում էր վրդովմունքի, լարվածության, տխրության և զսպված բարկության մի խառնուրդ: Նալբանդյանը նման էր պարտված մի մարդու, որ ստորագրում էր քաղաքական հարկադրանքի տակ: Մինչդեռ Դավութօղլուի շողշողուն ժպիտը հաղթանակի երջանկություն էր արտացոլում իր կառավարության հմուտ և ագրեսիվ դիվանագիտության ձեռք բերած գրեթե առավելագույն հաջողության կապակցությամբ: Եվ սա այն գոռոզ և չզղջացող հանրապետական կառավարությունն է, կայսերական այն կառավարության ժառանգորդը, որը հայ ժողովրդի ջախջախումը և կողոպուտն է իրականացրել, և որին Հայաստանի կառավարությունը ցանկանում է «առաջինը» ձեռք մեկնել: «Բավարար ուժի» փոխարեն Հայաստանի կառավարությունը չափից դուրս թուլություն է դրսևորում: Երևանը նվաստանում է համաշխարհային բեմի վրա, մինչդեռ Անկարան նախապայմաններ և պայմաններ է պարտադրում, որոնք դիվանագիտական համարժեքն են Հայաստանի`ևս մեկ անգամ բռնաբարվելուն և նրա կառավարության դեմքը ցեխի մեջ տրորելուն: Սա ազգային պատվազրկում է: Այսօրվա քաղաքականության հետևանքները Հայաստանի ղեկավարները, երևում է, դեռ տրամադրված են վավերացնելու արձանագրությունները, և նման են դեպի ժայռի բերանը սուրացող գնացքի: Երանի~ թե Հայաստանին դեպի այս պատմական անդունդը տարած բանակցությունների ընթացքում նախագահ Սարգսյանը գործեր այն մարդու ոգով, որին ես հանդիպեցի 1994-ի մայիսյան ավելի երջանիկ օրերին: Թերևս տակավին չնչին հույս կա, սակայն այժմ, բախտորոշ ստորագրումից հետո, ավելի դժվար կլինի շարունակել առաջ քաշել այն դիրքորոշումը, թե Երևանը հավատարիմ մնաց իր վաղեմի քաղաքականությանը, որով ողջունում է հարաբերությունների նորմալացումը և սահմանի բացումն առանց Հայաստանի կողմից նախապայմանների, և որ թուրքական կողմն է պարտադրում նախապայմաններ և պայմաններ, որոնք անարգում են Ցեղասպանության ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակը: Թուրքիայի պարտադրած նախապայմաններն ու պայմաններն են, որ հետագայում կխարխլեն փոքր և աղքատության հասցված Հայաստանի անկախ գոյատևումը, մինչդեռ Թուրքիան է մեծ, հզոր և հարուստ պետությունը, որն ի վիճակի է ավելի շատ ճկունություն դրսևորել բանակցություններում: Վերջում, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Տիգրան Սարգսյանը, Գագիկ Հարությունյանը, Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, Արսեն Ղազարյանը, Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Վազգեն Մանուկյանը, Ազգային Ժողովի մյուս անդամները և բոլոր այն հայերը, ովքեր կողմ են հայ-թուրքական արձանագրություններին, պետք է խորհեն, թե ինչպիսի հետք են թողնելու պատմության մեջ: Իրենց կհիշեն որպես ուժե՞ղ, թե թույլ, խելացի՞, թե անխելք, հպա՞րտ, թե խղճալի, հայրենասե՞ր, թե հաշվենկատ: Իրենց երեխաները և թոռները կհպարտանա՞ն իրենց անուններով, թե՞ կամաչեն դրանցից: Հատկապես նախագահը հարկ ունի ինքն իրեն հարցնելու, ինչպիսի՞ն է լինելու իր ժառանգությունը 5, 10, 50 կամ 100 տարի հետո: Հայերի ապագա սերունդները Սերժ Սարգսյանին պիտի մեծարե՞ն, թե՞ նզովեն:

No comments: