News.am. 14-12-2009- Թուրքիայում կրկին կուսակցություն փակվեց: Դեպի Եվրամիություն ձգտող եւ իրեն ժողովրդավարական արժեքների կրող համարող Թուրքիան շարունակում է զարմացնել աշխարհին: Թուրքիայում իշխանությունների կողմից հայտարարված քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը դեռ հունի մեջ չմտած` լուծարեցին քրդական շահերը ներկայացնող, քուրդ ընտրազանգվածի ձայները թուրքական խորհրդարան փոխանցող «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը: Թուրքիայի գլխավոր դատախազությունը երկու տարի առաջ դիմել էր Սահմանադրական դատարան հայցով` փակելու քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցությունը:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը նշյալ հայցը 2009 թվականի դեկտեմբերի 8-ին վերցնելով քննարկման` 4 օր անց հրապարակեց վճիռը: Դեկտեմբերի 11-ի երեկոյան Սահմադրական դատարանը ավարտեց քննարկումները եւ կայացրեց որոշում: Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քլըչը 8 ժամյա քննարկումից հետո դուրս եկավ եւ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացրել փակել «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը, քանի որ վերջինս կապեր ունի PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) հետ եւ վնասներ է հասցնում Թուրքիայի տարածքային անբաժանելիության սկզբունքին: Բացի այդ, Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել տվյալ կուսակցության 37 անդամի 5 տարով արգելել` զբաղվելու քաղաքականությամբ: Այդ թվում` կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքին եւ կին պատգամավոր Այսել Թուղլուկին: Ինչպես նաեւ, պետությունը կբռնագրավի կուսակցության ֆինանսական միջոցներն ու գույքը։
Թուրքիայի հանրապետության գլխավոր դատախազությունը քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հայցով Թուրքիայի Սահմանադրական դատարան էր դիմել 2007 թվականի նոյեմբերի 16-ին: Հայցադիմումում հիշյալ կուսակցությունը մեղադրվում էր Թուրքիայի մասնատմանը միտված գործողությունների եւ PKK-ի հետ կապեր ունենալու մեջ: Հայցով պահանջվում էր 5 տարով քաղաքական գործունեության իրավունքից զրկել կուսակցության 221 անդամների: Գլխավոր դատախազությունը այս ամենի համար ներկայացրել էր 141 փաստարկ:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան, երբ հայտարարվեց քրդական կուսակցության փակման մասին, կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը հայտարարեց, որ անպայման ժողովրդավարության եւ խաղաղության հաղթանակին հասնելու են։ Որքան էլ արգելեն, միեւնույնն է խաղաղությունը եւ ժողովրդավարությունն է ապագան: Ահմեդ Թուրքը նշեց, որ իրենք իրենց ասած խոսքերի տերն են (ավելի վաղ հիշյալ կուսակցության պատգամավորները հայտարարել էին, որ իրենց հրաժարականները իրենց գրպաններում են) եւ իր ու ընկերների քաղաքական գործունեության արգելումով՝ ժողովրդավարության համար իրենց պայքարը չի ավարտվի:
Դեկտեմբերի 12-ին արդեն լրագրողների առջեւ քրդական կուսակցության ղեկավարը նշեց, որ Սահմադրական դատարանի որոշումը ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում էր: «Խաղաղության համար պայքարողներին` ահաբեկիչներ հռչակեցին: Պատմությունը ձեզ կդատապարտի: Մի տարեք Թուրքիան հակամարտության եւ ներքին հակամարտության ու քաոսի ուղիով: Մտածեք այսօրվա, վաղվա եւ ապագայի մասին»,-ասել էր Ահմեդ Թուրքը:
Ահմեդ Թուրքը նաեւ հայտնել է, որ իրենք կսպասեն, մինչեւ իրենց կուսակցության լուծարման մասին հայտարարվի պաշտոնապես, եւ այնուհետ կդիմեն Եվրոպայի մարդու իրավունքների դատարան:
«Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ, Մուշից ընտրված պատգամավոր Նուրի Յամանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը, ասաց, որ այն արտահայտում է պետական տեսակետը, իսկ Ահմեդ Թուրքը քաղաքականության մեջ ամենաժողովրդավար անձն էր, մինչդեռ նրան արգելեցին քաղաքականությամբ զբաղվել:
Քրդական կուսակցության անդամ, Շանլըուրֆայից ընտրված պատգամավոր Իբրահիմ Բիլիջին նշեց, որ իրենք չէին եկել խորհրդարան ինչ որ առեւտրի համար, այլ եկել էին լուծելու քրդական հարցի պես մեծ խնդիր:
Իսկ Բաթմանից ընտրված քուրդ պատգամավոր Բենգի Յլդըզը Սահմանադրական դատարանի որոշումը նմանեցրեց հեղաշրջման հետ: «Որոշումը համաձայնեցված էր: Սա ցույց տվեց, թե ինչպես է պետությունը նայում քրդերին: Որոշումը հեղաշրջմանը հավասար որոշում էր: Բայց մենք մեր պայքարը շարունակելու ենք»,-նշել է Բենգի Յլդըզը:
Այսպես, Թուրքիայի Սահմանադրական դատարանը քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության 37 անդամի 5 տարով զրկեց քաղաքական գործունեության իրավունքից: 37 հոգու մեջ են թուրքական խորհրդարանի 21 հոգանոց խմբակցությունից երկու հոգի` կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը եւ կին պատգամավոր Այսել Թուղլուկը:
Ահմեդ Թուրքը ծնվել է 1942 թվականի հուլիսի 2-ին Թուրքիայի Մարդին նահանգում: 1974 թվականին «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունից ընտրվել է պատգամավոր: Հետագա տարիներին եղել է տարբեր ձախ կուսակցությունների մեջ: 1990 թվականի եղել է «Ժողովրդի աշխատավորական կուսակցության» (HEP) հիմնադիրներից: Այնուհետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ստեղծումից հետո` Այսել Թուղլուկի հետ դարձել է այդ կուսակցության համանախագահ: Այնուհետ, 2006 թվականին կուսակցությունը վերացնում է համանախագահությունը եւ 2007 թվականին կրկին կուսակցության նախագահ է ընտրվում Ահմեդ Թուրքը: Վերջինս խորհրդարանական 5 շրջան պատգամավոր է եղել: Եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովի նախագահ: «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավարի պապը, ըստ «Էրգենեկոնի» գործով ձերբակալված նախկին հատուկջոկատային Իբրահիմ Շահինի, եղել է հայ, ով 1925 թվականին հալածանքներից խուսափելու համար փոխել է ազգանունը։
Ահմեդ Թուրքի դեմ հարուցված 23 գործ կա, որոնք նրա պատգամավորական անձեռնմխելիության պատճառով կանգնեցված են եղել: Այժմ հավանական է, որ դրանք կվերականգնվեն: Այդ դատական գործերի վճռի կայացման արդյունքում Ահմեդ Թուրքին սպասում է կալանք:
Աննախանձելի է նաեւ Այսել Թուղլուկի վիճակը, ում եւս արգելվեց քաղաքական գործունեությամբ զբաղվել: Նրա դեմ եւս հարուցված են եղել բազմաթիվ քրեական գործեր: Այդ թվում կա դատարանի որոշում` 1 տարի եւ 6 ամիս կալանքի մասին: Այս դատական որոշման մեջ նշվում է, որ Այսել Թուղլուկը ահաբեկչական կառույց համարվող PKK-ի օգտին քարոզչություն է արել: Սակայն պատգամավորական անձեռնմխելիության պատճառով ձերբակալությունը չի իրագործվել: Այժմ Այսելը եւս կանգնած է կալանվելու վտանգի առաջ:
Այսել Թուղլուկը ծնվել է 1965 թվականին Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում: Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Մարդու իրավունքների միության անդամ է, ստեղծել է «Հայրենասեր կանանց միությունը»: Իմրալի կղզում ցմահ դատապարտված, PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի նախկին դատապաշտպանն է:
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորները երբեմն հանդես են եկել Թուրքիայում ընդունված տաբուների դեմ: Այսպես, 2008 թվականին մի խումբ թուրք մտավորականների կողմից իրականացված «Ներեցեք հայեր» ակցիայի ժամանակ հիշյալ կուսակցության պատգամավորը խորհրդարանում հայտարարել է, որ հայերից ներողություն խնդրելը մեծ քայլ կլինի: Բացի այդ նա նշել է, որ դարասկզբին իրականացվածի համար ինքը ներողություն է խնդրում հայերից, որից հետո խորհրդարանում սկսվել է վիճաբանություն:
Հիշյալ կուսակցության երիտասարդ պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը 2009 թվականի հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների քննարկումների ժամանակ Թուրքիայի իշխանություններին մեղադրեց հայերի կոտորածների մասին դասագրքերում չգրելու եւ դրա փոխարեն սխալ տեղեկություններ տալու մեջ։
Վերջին 20 տարում քրդական հարցի լուծման համար ստեղծված HEP, DEP եւ HADEP կուսակցությունները եւս փակվել են Թուրքիայի Սահմադրական դատարանի կողմից: Իսկ OZEP, OZDEP եւ DEHAP կուսակցությունները ինքնալուծարվել են` չսպասելով դատարանի վճռին:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը իր ստեղծումից` 1963-ից այս կողմ փակել է 25 կուսակցություն` ներառյալ դեկտեմբերի 11-ին փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը (DTP): Սահմանադրական դատարանի ստեղծումից առաջ փակվել են եւս 2 կուսակցություններ: 1950 թվականին ստեղծված «Ազգային» կուակցությունը (Millet partisi) փակվել է 1954 թվականին` Անկարայի քրեական դատարանի կողմից: Իսկ 1960 թվականին Անկարայի հիմնական իրավական դատարանի կողմից փակվում է իշխանությունից մի քանի ամիս առաջ հեռացված «Դեմոկրատական» կուսակցությունը:
«Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության արգելումից հետո, երբ պարզ դարձավ, որ երկու պատգամավոր է վայր դնելու մանդատները, սկսեցին շրջանառվել լուրեր, թե Թուրքիայի խորհրդարանում 21 հոգուց 19 դարձած քուրդ պատգամավորներին անհրաժեշտ է մեկ հոգի, որպեսզի նոր պատգամավորական խմբակցություն կազմավորեն: Նույնիսկ խոսակցություններ կային, որ քրդական խմբակցությանը կանդամակցի Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Ուֆուկ Ուրուսը: Սակայն «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը տարածեց գրավոր հայտարարություն, որ թեկուզ մեկ պատգամավորի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում ամբողջ խմբակցությունը մանդատները վայր է դնելու, եւ նոր կուսակցություն կամ պատգամավորական խմբակցության մասին խոսք չկա: Հայտարարության մեջ ասվում է, որ ամեն ինչ այնպես կլինի ինչպես նախօրոք հայտարարել են, իսկ կուսակցության հետագա քայլերը կորոշվեն առաջիկա օրերին, Դիարբեքիրում, որտեղ կհավաքվեն իրենց կուսակիցները:
Թուրքիայում քրդական կուսակցության փակումը ԱՄՆ-ը այնքան էլ ծանր չտարավ: Եվրամիությունը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Մինչ կուսակցության փակումը իր անհանգստությունն էր հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Վերջինս նշել էր, որ հիշյալ կուսակցության փակումը լուրջ հարված կլինի Թուրքիայի ժողովրդավարությանը:
Լրիվ սպասելի կերպով այս ամենին արձագանքեց Թուրքիայի քուրդ ազգաբնակչությունը: Դեռեւս օրեր առաջ Աբդուլահ Օջալանի բանտային պայմանների բարելավման համար բողոքողների բանակը խիստ ստվարացավ: Թուրքիայի տարբեր շրջաններում սկսվեցին բողոքի գործողություններ: Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգների որոշ քաղաքներ մարտի դաշտ են հիշեցնում: Բողոքողները հենց փողոցներում կառուցում են բարիկադներ, հարձակվում ոստիկանատների, զինվորական պահակակետերի վրա: Ի նշան բողոքի՝ փակված են առեւտրական տաղավարները:
Թուրքիայի իշխանությունների գլխին կրկին սեւ ամպեր են կուտակվում: Իշխանությունները, ուշացնելով իրենց իսկ կողմից հայտարարած քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը, բախվեցին նմանօրինակ տհաճ զարգացումների: Քրդական ակտիվ բնակչությանը զսպող «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակումով եւ նրա պատգմավորների հրաժարականով լուրջ մարտահրավերներ են առաջանում Թուրքիայում: Աննախանձելի վիճակում կարող է հայտնվել իշխող կուսակցությունը: Երկրում տիրող անկարգությունները եւս մեկ առիթ են ընդդիմության համար՝ մեղադրելու իշխանություններին` նման զարգացումների համար: Իշխանությունը կփորձի խորհրդարանում չընդունել «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության 19 պատգամավորի հրաժարականները: Նրանց հրաժարականները պետք է ընդունի խորհրդարանը: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, խորհրդարանում լինելով մեծամասնություն, հավանաբար չի քվեարկի քրդական կուսակցության պատգամավորների հրաժարականների օգտին, սակայն սա եւս լուծում չէ, քանի որ նրանք չեն հաճախի խորհրդարան եւ նրանց բացակայությունը հիմք կհանդիսանա նրանց զրկելու պատգամավորական մանդատից:
Ի դեպ, Թուրքիայի գլխավոր դատախազը թուրքական Milliyet թերթին տված հարցազրույցում նշել էր, որ նախապատրաստում են համապատասխան փաստաթղթեր՝ սկսելու իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության փակման գործընթացը: Դրա պատճառը վերջին շրջանում Թուրքիայում աղմուկ հանած հեռախոսային գաղտնալսումներն են: Ըստ գլխավոր դատախազի՝ իշխող կուսակցությունը իրավունք չուներ գաղտնի լսելու հեռախոսազրույցները:
Եւ ինչպես նշեց թուրքական Yeni Safak թերթի թղթակիցը` Թուրքիայի Սահմանադրական դատարանը քրդական կուսակցության փակումով` Թուրքիայում քաոսի համար կանաչ լույս վառեց:
Monday, December 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment