Friday, December 4, 2009

«ԱԹԵՆՔՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ»

Հայտարարել է Դավութօղլունՙ գնահատելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր հանդիպումները«ԱԶԳ», 04-12-2009- Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 1-2-ը Աթենքում հրավիրվեց ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկկողմ հանդիպումներ ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի, Ղազախստանի, Սլովակիայի, Լիտվայի, Ավստրիայի, Հունաստանի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի հետ: Հանդիպումների ավարտին Դավութօղլուն նախաճաշի սեղանին ճեպազրույց է ունեցել թուրք լրագրողների հետՙ տալով նրանց պարզաբանումներ: Նա ընդգծել է, որ բոլոր հանդիպումներն անցել են «շատ դրական մթնոլորտում», դրանցից առանձնացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները եւ դրանք որակելով որպես «առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլեր», համարել է «գոհացուցիչ»: Դավութօղլուն շեշտել է երկկողմ հանդիպումների իրականացման առումով ԵԱՀԿ նստաշրջանների կարեւորությունը եւ «կարեւորագույն» հանդիպումների շարքին է դասել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո կայացած աթենքյան հանդիպումները: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել են այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, արձանագրություններիՙ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում հաստատման գործընթացին առնչվող խնդիրներ եւ մտքեր են փոխանակել Ղարաբաղի հիմնահարցի շուրջը: Դավութօղլուն գոհունակությամբ է արձանագրել Ղարաբաղի հիմնահարցում առաջընթաց ապահովելու փաստը եւ ընդգծել է համագործակցության կարեւորությունը Կովկասում մնայուն կարգավորմանը հասնելու գործում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը, ապա Դավութօղլուն ասել է, որ դա կայացավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Միացյալ Նահանգներ ուղեւորվելու նախօրյակին, իրենք քննարկել են հետագա քայլերը Կովկասում, Ղարաբաղի հիմնահարցում առաջընթացի ձեռքբերումն ընդունում է նաեւ Ադրբեջանը, Մինսկի խմբի աշխատանքային հանդիպումը եղել է բարենպաստ եւ, իր համոզմամբ, վերին աստիճանի օգտակար են եղել երկկողմ հանդիպումներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը: Վերջում Դավութօղլուն ավելացրել է, որ մարդկանց մեջ ձեւավորվում է «հաշտությանը մոտենալու» հոգեբանությունը, իսկ դա հաշտեցման աշխատանքների արագացմանը նպաստող զարգացում է, եւ այս ամենի լույսի տակ ինքը հավատում է, որ Աթենքում արձանագրվել է առաջընթաց (Ղարաբաղի հիմնահարցում): Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: