Thursday, December 10, 2009

ԾԻՍԱԿԱՆ ՔԱՅԼ, ԾՆՆԴՅԱՆ ՕՐԵՐԻՆ

Հարցազրույց “Երիտասարդություն հանուն ժողովրդավարության” ՀԿ նախագահ Իզաբելլա Սարգսյանի հետ -Դուք ակտիվ մասնակցում եք մարդու իրավունքների պաշտպանության գործընթացին: Ի՞նչ առաջընթաց ունենք այս ոլորտում և առհասարակ ունե՞նք: -Նախ, տարընթերցումներից և շփոթությունից խուսափելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ենք հասկանում “Մարդու իրավունքներ” ասելով: “Մարդու իրավունքները”, անկախ սեռից, տարիքից, ռասայական, ազգային կամ կրոնական պատկանելությունից` ի ծնե մարդուն տրված անօտարելի իրավունքներն են` կյանքի, արժանապատվության, ազատ ընտրության և այլ: Այս միտքը արտացոլված է ԱՄՆ անկախության հռչակագրում, ֆրանսիական մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում և ի վերջո ամփոփ կերպով ձևակերպված է ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: Դրանք միշտ պետք է դիտարկել անհատի և պետության հարաբերությունների դաշտում, քանի որ մի կողմից պետություններն են մարդու և անհատի իրավունքների միակ ոտնահարողները, իսկ մյուս կողմից, հենց պետություներն են կոչված ապահովելու մարդու պաշտպանությունը ամենատարատեսակ ճնշումներից, ամենաթողությունից և իրավազանցությունից: Անկախանալով` Հայաստանը միացավ արդեն գոյություն ունեցող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, վավերացրեց ՄԱԿ-ի` մարդու իրավունքներին վերաբերող կոնվենցիաներ, միացավ նաև Հելսինյան խարտիային և, ի վերջո, անդամակցելով Եվրոպայի խորհրդին` նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Այդ ամենով Հայաստանի իշխանությունները միջազգային պարտավորություններ են ստանձնել՝ ապահովելու իր քաղաքացիների անքակտելի և անօտարելի իրավունքները: Հիմա առաջընթացի մասին: Այստեղ էլ մի փոքր պարզաբանում անեմ: Չկա աշխարհում մի որևէ պետություն, որտեղ Մարդու իրավունքները չեն ոտնահարվում: Իդեալական պետություն գոյություն չունի և գոյություն ունենալ չի կարող բազմաթիվ պատճառներով: Նախ, որովհետև ցանկացած պետություն, սիստեմ, կարգ միշտ անհատի հանդեպ որոշակի թելադրանք, ճնշում և բռնություն է ենթադրում: Սակայն, անգամ մի կողմ դնելով փիլիսոփայական քննարկումը` հասկանալի է, որ միշտ, բոլոր ժամանակներում և բոլոր պետություններում գոյություն ունի իդեոլոգիական, կարծրատիպային մտածողություն, չինովնիկական, զինվորական ամենաթողություն, պաշտոնական դիրքի չարաշահում, ազգային և կրոնական ատելություն, հազար ու մի նախապաշարմունքներ և այլն: Այդ է պատճառը, որ Եվրոպական դատարանը հեղեղված է ամենատարբեր բողոքներով Եվրոպայի բոլոր անկյուններից: Սակայն այստեղ էական են Մարդու իրավունքների ոտնահարման մասշտաբները և ուսումնասիրությունը, թե որ իրավունքներն են խախտվում: Մի բան է, երբ ոտնահարվում է մարդու վճարվող արձակուրդ գնալու իրավունքը, այլ բան, երբ 10 հոգի զրկվում են կյանքից` իրենց կարծիքը արտահայտելու համար, հազարավոր մարդիկ հետապնդվում և հարյուրավորները բանտարկվում այլ քաղաքական գաղափարներ դավանելու համար: Այս տեսակետից Հայաստանում առաջադիմություն չկա, կա միայն հետընթաց: Եզակի մարդկանց, նաև խմբերի (Եհովայի վկաների կամ միասեռականների) իրավունքները խախտվել են միշտ, սակայն այսպիսի մասշտաբների և որակի (քաղաքական սպանություններ, հալածանքներ, դատավարություններ, կալանքներ, հետապնդումներ, ճնշումներ) մարդու իրավունքների ոտնահարումները Հայաստանում երբեք չեն հասել: Առահասարակ, 1998-ից այս կողմ թե հայաստանյան և թե միջազգային կազմակարպությունները տարի առ տարի հետընթաց են արձանագրում: Եվ, վերադառնալով Ձեր հարցին, պաշտպանության ոլորտում ևս մեծ առաջընթաց չի գրանցվել, մենք անզոր ենք եղել լուրջ դիմակայելու այս բոլոր մարտահրավերներին: Ցավով եմ ասում: -Ձեր կարծիքով, որքանո՞վ է կայացել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մեզանում: -Կարծում եմ` դա լավ ինստիտուտ է, բայց մեզանում կայացած ինստիտուտ չէ, որովհետև բավական փոքր աշխատակազմ ունի, և իրենք չեն հասցնում այդ ամբողջ գործերի ծավալը մշակել, իրենք էլ են բողոքում, որ շատ ցածր աշխատավարձ են ստանում և այլն: Կարծում եմ, Մարդու իրավունքների պաշտպանը չի էլ պատկերացնում իր բուն պարտականությունները։ Նա նշանակված մեկն է, և թե որպես անհատ, թե որպես պաշտոնյա շատ մեծ ճնշումների տակ է: Մինչև հիմա չի հրապարակվել խոստացված զեկույցը քաղաքական դատավարությունների մոնիտորինգի արդյունքների մասին, գնահատական չի տրվել այդ դատավարություններին այն դեպքում, երբ բոլորին արդեն ամեն ինչ պարզ է։ Նա ամեն կերպ խուսափում է քաղբանտարկյալ եզրից, կարծում եմ սա լավ չէ: Սա մեծ քաջություն պահանջող աշխատանք է: Դրա համար էլ իրականում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հարյուրավոր ՀԿ-ներից միայն 10-15-ն են իսկապես զբաղվում իրական մարդու իրավունքներով: Ինչու են քիչ, որովհետև բոլորն էլ շատ մեծ ճնշման տակ են, սա շատ բարդ աշխատանք է, հավատացնում եմ Ձեզ: -Մարդու իրավունքների համար պայքարողնե՞րն են քիչ, դրա համար էլ մենք այսօր ունեք քաղբանտարկյալնե՞ր: -Դրանք մեկը մյուսի հետ կապված խնդիրներ են, այսինքն` միգուցե եթե մենք ապրեին ավելի նորմալ երկրում, ապա իրավապաշտպանների թիվն ավելի մեծ կլիներ, այսօր դա շատ դժվար, շատ ռիսկային և անգամ վտանգավոր գործունեություն է: Օրինակ` եթե դու դիմում ես դատախազություն որոշակի բողոքով կամ գործ հարուցելու հայտարարությամբ, գործ կարող է հարուցվել քո դեմ, ինչը տեղի ունեցավ Մարիամ Սուխուդյանի հետ: Քեզ վրա կարող են հարձակվել, քեզ կարող են բանտարկել, արտաքսել երկրից, վերջապես… Ես կարծում եմ, որ քաղբանտարկյալների հարցը հիմա ամենաառաջնայինն է ոչ միայն այն պատճառով, որ այդ 15 հոգին վատառողջ են, բավական տարիքով և իրենց քաղաքական հայացքների համար այնտեղ հայտնված, այլ նաև այն պատճառով, որ քաղբատարկյալների առկայությունը միջազգային ճնշման լծակ է Հայաստանի վրա: -Քաղբանտարկյալների մի մասին ազատ արձակեցին, Նիկոլ Փաշինյանին գրանցեցին պատգամավորի թեկնածու և այլն, իշխանությունն ի՞նչ է ուզում է ցույց տալ, որ ինչ-որ բա՞ն է ուզում փոխել: -Կարծում եմ` եթե ուզենար առհասարակ մի բան փոխել, այդ մարդկանց ազատ կարձակեր… վերջացավ: Նիկոլ Փաշինյանին գրացելը չեմ կարծում, թե բարի կամքի դրսևորում է: Այն պարզապես իրենց իսկ իրավական անգրագիտության արդյունք է, որ մի պետական հիմնարկ մի բան է ասում, մյուսը` այլ բան: Ոստիկանությունը տեղեկանք է տալիս, որ փետրվարի 26-ից նա Հայաստանում չի բնակվում, մյուս կողմից դատախազությունը մեղադրում է մարտի 1-ին կատարած արարքների համար: Աբսուրդ է սա: -Ձեր կարծիքով, ինչո՞ւ մյուսների հետ բաց չթողեցին նաև 15 քաղբանտարկյալներին, նրանք “վտանգավո՞ր” են երկրի համար: -Ես չեմ կարող ասել, ես ոչ ոքի մեջ որևէ խտրականություն չեմ դնում: Երևի ցանկացած ազնիվ մարդ էլ վտանգ է այս իշխանությունների համար, եթե հետևես իրենց տրամաբանությանը: Մի բան փաստ է, այդ 15 հոգուց շատերը բանտարկված են մեկ ոստիկանի կամ միայն ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ինչը Եվրոպական կոնվենցիայի խախտում է և ԵԽԽՎ բանաձևերի մեջ մատնանշված, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում: Ոչ մի փաստ և ոչ մի ապացույց չկա նրանց գործած “հանցանքի”: Եվ ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ, թե ինչ իմաստ ունի այդ մարդկանց բանտերում պահելը և Ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններում Ադրբեջանին և միջնորդներին հնարավորություն տալը այդ փաստը Հայաստանի դեմ օգտագործել: Սա առողջ բանականություն և առողջ վարքագիծ չէ: -Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կարո՞ղ է Հայաստանի ներքաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել: -Օբյեկտիվորեն Նիկոլ Փաշինյանը այդտեղ մրցակից չունի, և եթե մարդիկ գիտակցեն իրենց անձնական պատասխանատվութունը և ուղղակի գան ընտրության, Նիկոլը կհաղթի: Իմ կարծիքով` Նիկոլի պարտվելու ամենամեծ հավանականությունն այն չէ, որ կկեղծեն, լցոնումներ կանեն (ինչը, իհարկե, ոչ մի կերպ չի կարել բացառել), այլ այն, որ մարդիկ անտարբեր կմնան, չեն գնա ընտրության տոնական օրը, և հենց այդ չգալով Նիկոլը կմնա բանտում: Եվ դրանում մեղավոր կլինենք մենք` 10-րդ ընտրատարածքի բնակիչներս: Ինչ կստանա Նիկոլը. նա կստանա ցանկացած մարդու համար ամենակարևորն ու ամենակենսականը` ազատություն: Եվ նախևառաջ Նիկոլը տուն կվերադառնա իր ընտանիքի և իր երեք փոքր երեխաների մոտ: Մեզ համար էլ, ամեն մեկիս անհատապես և բոլորիս, որպես համայնք (անկախ քաղաքական հայացքներից և համոզմունքներից) սա շանս է մի լավ գործ միասին անելու: Շատ կարևոր, ես անգամ կասեի ծիսական մի արարք, Սուրբ Ծնունդի օրերին: Այս փոքր հաղթանակը իրականում մի ամբողջ երկրի համար հսկայական նշանակություն կարող է ունենալ, հավատ ներշնչել սեփական ուժերին և գոնե մասամբ վերականգնել արդարության հասնելու մեր հավատը: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ «Լրագիր» 10-12-2009

No comments: