Wednesday, December 2, 2009

Սարգիս Հացպանյանին մերժել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակել

News.am. 2-12-2009- Նոյեմբերի 30-ին Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովը քննարկել է քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը եւ մերժել: Այս կապակցությամբ Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ իշխանությունը բռնազավթած իշխանավորները նոյեմբերի 30-ին մեկ անգամ եւս հնարավորություն ունեցան ի ցույց դնելու իրենց չարակամությունը: Նրանք մերժեցին քաղբանտարկյալ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանին պայմանական — վաղաժամկետ ազատ արձակելու քրեակատարողական հիմնարկի հայտը: Մերժման հիմքերն այս դեպքում այնքան էլ էական չեն: Էականն այն է, որ Հացպանյանը քաղբանտարկյալ է եւ, որ ազատ արձակելու վճիռ կայացնողներին համապատասխան հրահանգ դեռեւս ամենավերին օղակներից իջեցված չէ: Իրենց այս քայլով ՀՀ իշխանությունները մեկ անգամ եւս ի ցույց են դնում քաղբանտարկյալներին հնարավորինս երկար բանտերում պահելու իրենց երազանքը: Մեկ անգամ եւս ապացուցուցում են, որ մինչ այս քաղբանտարկյալների համաներման կիրառմամբ ազատ արձակումը ոչ թե իշխանությունների կողմից բարի կամքի դրսեւորում էր, ինչպես իրենք են փորձում ներկայացնել Հայաստանում եւ Հայաստանից դուրս, այլ իրենց վրա կիրառված ճնշման արդյունք, ինչին դիմակայել այլեւս անկարող էին»: Հիշեցնենք, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը կալանքի տակ է նոյեմբերի 10-ից: Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով (սուտ մատնություն): Ի դեպ, թեեւ նրա վրա համաներումը տարածվում էր, որպես Արցախյան պատերազմի մասնակից, սակայն ոչ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ոչ էլ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկանք չտվեցին, որ նա պատերազմի մասնակից է եւ համաներումը նրա վրա չկիրառվեց: Այդ ընթացքում բազմաթիվ ազատամարտիկներ, գեներալներ եւ անգամ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ հայտարարեցին, որ Ս. Հացպանյանը մասնակցել է արցախյան պատերազմին, սակայն դա որեւէ օգուտ չտվեց:

No comments: