Wednesday, December 2, 2009

«Ժառանգություն» կուսակցության ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 20 տարի առաջ` 2009թ. դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պատմական որոշում ընդունեցին Հայկական ԽՍՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Ժողովուրդների ինքնորոշման համամարդկային սկզբունքով առաջնորդված և վաղուց ի վեր ինքնորոշված արցախահայության օրինական պահանջի հիման վրա հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորումն այդ բախտորոշ փաստաթղթով ամրագրվեց իբրև խնդրի խաղաղ ու քաղաքական լուծման վերջնահանգրվան: Չնայած Արցախի ու Հայաստանի դեմ 1988-ից Ադրբեջանի սանձազերծած ոստիկանական, իսկ 1991-ից` նաև ռազմական ագրեսիային, հայությանը հաջողվեց մինչ օրս փաստացի պաշտպանել այդ որոշումը: 1991թ. դեկտեմբերի 10-ից Արցախը թևակոխեց հայոց անկախ պետականության կայացման ուղին: Այդ դրամատիկ պատմափուլի հիմնական ուղերձը, որն այսօր պետք է հստակ ըմբռնենք, քաղաքական ու պետական ինստիտուների կողմից սեփական ժողովրդի օրինական պահանջները բավարարելն ու այդ որոշման համար միահամուռ պայքարելն է: Ճակատագրի հեգնանքով այսօր էլ Ադրբեջանից լսվում են նոր պատերազմի կոչեր` ընդդեմ նույն այդ որոշման ու նրա պահապանների: Համայն հայությանն ու մասնավորապես արցախահայությանը շնորհավորելով այս հոբելյանական տարեդարձի կապակցությամբ` մաղթում ենք կորով և վճռականություն` սկսած գործը ավարտին հասցնելու համար: Այսօր պատմական այս որոշումը ոչ միայն միահամուռ պաշտպանելու խնդիրն ունենք, ինչպես վաղ 90-ականներին, այլև դրա կետերից մեկը` փաստացի անկախությունն ու միավորումը միջազգային ու ազգային մակարդակներով իրավականի վերածելու հրամայականը:

No comments: