Friday, December 4, 2009

Երևանը հետևողական չէ «առանց նախապայմանների» հարաբերություններում

Aysor.am.3-12-2009- Հայաստանը հետևողական չէ Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» հարաբերությունների հաստատման գործում: Նման տեսակետ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հնչեցրեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը` այսօր տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ: Բանախոսը գտնում է, որ թուրքական կողմը շարունակում է խոսել նախապայմանների լեզվով` կապելով հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ: «Արվեցին քայլեր, որոնք հնարավորություն տվեցին Թուրքիային մեկ ուրիշ հարթության վրա դնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հայաստանը կարող էր թույլ չտալ, որ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բան խառնվեր»,- գտնում է բանախոսը: Նա նաև նկատեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում թուրքական իշխանական շրջանակների ներկայացուցիչները խուսափում են խոսել Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, իսկ եթե այդ խնդրի վերաբերյալ հայտարարություններ են անում, ապա անհամեմատ ավելի զուսպ, քան ամիսներ առաջ: Կապելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների հետ, փորձագետը նշեց, որ ստեղծվել է մի բացառիկ իրավիճակ, երբ Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ շահերը համընկնում են, ինչը կարող է բերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական արդյունքների, եթե Երևանը տեղիք չտա Անկարայի ճնշումներին: «Խնդիրը ոչ թե սահմանի բացման կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մեջ է, այլ այն քաղաքականության, որը վարում է թուրքական իշխող էլիտան»,- նշեց փորձագետը` հավելելով, որ Թուրքիան կարող է գնալ իր և իր հարևանների հետ ունեցած այլ խնդիրների լուծման փոխանակմանը` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիմաց:

No comments: