Wednesday, December 2, 2009

Մահմուդ Ահմադինեջադ. Ռուսաստանը սխալ է թույլ տվել, Մոսկվայի հաշվարկները ճշգրիտ չեն եղել

News.am. 2-12-2009- «Ռուսաստանը սխալ է թույլ տվել՝ հավանություն տալով հակաիրանական բանաձեւին։ Մեր կարծիքով, Մոսկվայի հաշվարկներն այս առումով ճշգրիտ չեն եղել»,- իրանական հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Իրանի նախագահն անմիտ է համարել իր երկիրը մեկուսացնելու փորձերը, եւ ՄԱԳԱՏԷ-ին սատարելու համար սուր քննադատության է արժանացրել Մոսկվային։ Ահմադինեջադը հայտարարել է նաեւ, որ «Արեւմուտքը վախենում է ոչ թե իրանական ռումբերից, այլ Իսլամական հանրապետության գիտատեխնիկական առաջընթացից»։ Նրա խոսքով, Իրանի գիտատեխնիկական ձեռքբերումները լրջորեն անհանգստացնում են Արեւմուտքին, եւ հենց դրանով է պայմանավորված արեմտյան աղբյուրների կողմից Իսլամական հանրապետության մասին տարածվող սուտն ու հերյուրանքները։ «Մեկուսացնել Իրանն անհնար է, դա նույնիսկ ծիծաղելի է»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Ահմադինեջադը։ «Մեր տարածաշրջանում են կենտրոնացված աշխարհի էներգետիկ ռեսուրսները, եւ Իրանի դերն այդ տարածաշրջանում չի կարելի հերքել»,- շեշտել է նա։ Նրա խոսքով, ոչ ոք չի կարող ասպարեզից հեռացնել Իրանին։ Նրանք, ովքեր կփորձեն անել դա, «հզոր են, սակայն առողջ բանականություն չունեն, հետեւաբար դատապարտված են անհաջողության»։ «Հինգ-վեց երկրներ իրենց ամենաուժեղն են կարծում։ Նրանք սպասում են, որ մնացած 200 պետությունները պետք է կատարեն իրենց հրամանները։ Բայց իրավիճակն աշխարհում փոխվել է»,- ընդգծել է Ահմադինեջադը։ Նա նաեւ ավելացրել է, որ Թեհրանը պարտավոր չէ տեղեկացնել ՄԱԳԱՏԷ-ին՝ ուրանի հարստացման գործարանների կառուցման մասին։

No comments: