Tuesday, January 19, 2010

Հայաստանում 11 լրագրող ֆիզիկական բռնության է ենթարկվել 2009թ.

Tert.am. 19-1-2010- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ իր տարեկան հաշվետվությունը ։ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով` 2009թ. առաջին 6 ամիսներին շարունակվել են 2008թ. բացասական միտումները։ Այդ թվում նա նշեց Գագիկ Շամշյանին, Արգիշտի Կիվիրյանին և Նվեր Մնացականյանին ծեծի ենթարկելու դեպքերը։ Մելիքյանը նշեց, որ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում իրավիճակն ավելի հանգիստ էր. ֆիզիկական բռնության դեպքեր չեն արձանագրվել, նվազել է նաև լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի քանակը։ «Ընդհանուր առմամբ, եթե համեմատենք 2008թ. հետ, քանակական առումով 2009թ. խախտումներն ավելի քիչ են եղել», – ասաց նա։ Այսպես, 2009թ. արձանագրվել է ֆիզիկական բռնության 11 դեպք, ճնշումների գործադրման 14 դեպք, տեղեկություն ստանալուն խոչընդոտելու 13 դեպք, այն դեպքում, երբ 2008թ. արձանագրվել է ֆիզիկական բռնության 18 դեպք, ճնշումների գործադրման 16 դեպք և տեղեկություն ստանալուն խոչընդոտելու 14 դեպք։ «Չնայած, որ դեպքերի քանակը կրճատվել է, իրավիճակը չի կարելի համարել բարվոք, այն մնում է տագնապալի», – նշեց նա։ Կոմիտեի նախագահը նաև կոչ արեց լրագրողներին հարկ եղած դեպքում զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով՝ 093–10–70–85, 53–38–95:

No comments: