Tuesday, January 19, 2010

Հայ հրատարակիչ. Հրանտ Դինքին սպանեցին լռությունն ու Թուրքիայի իրավապահների կանխամտածված անգործությունը

News.am. 19-1-2010- Լրագրողը Թուրքիայում ամենավտանգավոր մասնագիտություններից է, իսկ ամենամեծ «վտանգը» լրագրողների համար գալիս է Թուրքիայի իրավապահ համակարգից, որը թույլ չի տալիս երբեմն անկախ հետաքննություններ անցկացնել եւ սահմանափակում է խոսքի ազատությունը: Այդ մասին turkishnews.ru կայքին տված հարցազրույցում հայտնել է հայ-թուրքական «Ակոս» թերթի լրագրող, հրատարակիչ եւ երեք տարի առաջ սպանված Հրանտ Դինքի մտերիմ ընկեր Ռոբեր Քոփթաշը: Հիշեցնելով այդ երկրում լրագրողների համար բազմաթիվ «տաբու»-ների գոյության մասին՝ Քոփթաշը նկատել է, որ գործող քաղաքական համակարգի ցանկացած քննադատություն այստեղ ցանկության դեպքում կարող է գնահատվել որպես «թուրքական ազգին հասցված վիրավորանք»: Նրա խոսքով, եթե լրագրողն ընկնում է այդ հոդվածների տակ, հանրության աչքում նա պառակտիչ, հակապետական գործիչ է դառնում: «Հրանտ Դինքի մասին ասում էին՝ նա վիրավորել է թուրք ազգին: Իսկ ի՞նչ էր իրականում կանգնած այդ տարածված եւ բերնեբերան անցնող արտահայտության տակ»,- հարց է տալիս լրագրողը: Այս կամ այն լրագրողի նկատմամբ մամուլի եւ հանրային կարծիքի սրած հիստերիան հանգեցնում է նրան, որ հայտնվում են առանձին մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք իրենց առջեւ նպատակ են դնում ահաբեկել կամ մահափորձ կատարել նրա կյանքի նկատմամբ: «Այդ իմաստով ազգայնական թուրք երիտասարդությունը, որ հասարակության ամենահեշտ ներշնչվող հատվածն է, պետական մեքենայի ձեռքում զենք է դառնում»,- ասել է Քոփթաշը: Նա նշել է այն հազարավոր նամակների մասին, որ ստանում էր Դինքը՝ սպանությունից առաջ: «Նա մահից առաջ ինձ խոստովանեց, որ 2007թ. իր համար բարդ է լինելու»: Ըստ Քոփթաշի, 2004թ. Դինքին սկսեցին հետեւել պետանվտանգության մարմինները. «Յասին Հայալը, որի դրդմամբ էլ կատարվել է սպանությունը, նույնպես գտնվում էր հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում»: Քոփթաշը հայտնել է, որ 2006թ. սկսած Հայալը բազմիցս հայտնել է Դինքին սպանելու իր մտադրության մասին: «Հրանտ Դինքին սպանեցին լռությունն ու Թուրքիայի իրավապահների կանխամտածված անգործությունը, Օգյուն Սամասթը միայն սպանության գործիք էր»,- հայտարարել է նա: Ինչ վերաբերում է Դինքի հուղարկավորությանը, երբ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահելով «Մենք բոլորս հայեր ենք» պաստառներ, Քոփթաշը նշել է, որ դա մտավորականության պատասխանն էր Հրանտ Դինքին սպանողներին: "2007 թվականից մենք ապրում ենք Թուրքիայում, որտեղ մարդիկ չեն վախենում ասել. «Ես հայ եմ»,- ասել է Քոփթաշը:

No comments: