Saturday, January 9, 2010

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին

/PanARMENIAN.Net/ 08.01.2010 - Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը ի պաշտպանություն ազատազրկման մեջ գտնվող եւ ՀՀ ԱԺ պատգամավոր առաջադրված «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի: Հանրահավաքի ժամանակ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Արթուր Սարդարյանը, որը հայտարարեց «Ժողովրդի իշխանություն» նոր հասարակական քաղաքական նախաձեռնության ձեւավորման մասին, որը կհամալրի ընդդիմության շարքերը: Ընդ որում, նա նշել է, որ սահմանադիրների հավաքը որոշում է կայացրել ՀԱԿ-ի կազմում ընդգրկվելու մասին: Վերջում ելույթ ունեցած ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն աննորմալ է համարել այն, որ քարոզչական հանրահավքին բացակայում է Ն.Փաշինյանը: «Դա օրենքի կոպիտ խախտում է»,-ասել է Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ այն օրը, երբ Փաշինյանը գրանցվեց որպես պատգամավորության թեկնածու, նա պետք է ազատ արձակվեր: Ըստ նրա, Փաշինյանը կարող էր ձերբակալվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, ինչը պաշտոնապես չի արվել: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է նաեւ, որ գլխավոր հաղթանակը համարում է այն, որ ՀՀ նախագահի կեղծված ընտրություններից եւ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո ժողովուրդը չդադարեցրեց իր պայքարը: ՀԱԿ-ի առաջնորդը հաղորդել է նաեւ, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին: Հանրահավաքն ավարտվեց ավանդական երթով: Հայ ազգային կոնգրես: 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ, նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորվեց նախընտրական դաշինք, որն ոչ պաշտոնապես սկսեց կոչվել համաժողովրդական շարժում, որի կազմում ընդգրկվեցին շուրջ 20 քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին հանրահավաքի ժամանակ հիմնվեց Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ի հիմնական պահանջներն են քաղբանտարկյալների ազատ արձակումը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

No comments: