Wednesday, January 20, 2010

Ղարաբաղյան քաղաքական ուժերը միջազգային հանրությունից պահանջում են պատժել Ադրբեջանին

Tert.am. 20-1-2010- Հունվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը` ի դեմս «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերի կապակցությամբ: Ստորև ներկայացվում է հայտարարության ամբողջական տեքստը: «Քսան տարի առաջ պաշտոնապես դեռևս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետականորեն կազմակերպվեց և սառնասրտորեն ի կատար ածվեց հայ բնակչության զանգվածային սպանդը: Առանձնակի դաժանությամբ սպանվեցին հազարավոր անմեղ մարդիկ` կանայք, երեխաներ ու ծերունիներ, իսկ տասնյակ հազարավորները, մարմնական ծանր վնասվածքներ ու հոգեկան ցնցումներ կրելով, հայրենազրկվեցին և բռնատեղահանվեցին: Բաքվի հունվարյան ջարդերը, փաստորեն, Արևելյան Անդրկովկասի բնիկ և իրավամբ պետականակիր հայ ժողովրդի նկատմամբ 1905-1906, 1918-1920 և 1988-1990թթ. իրագործված բռնությունների ու տեղահանությունների վերջին ակորդը հանդիսացան: Դա Ադրբեջանի իշխանությունների յուրօրինակ պատասխանն էր հայրենի բնօրրանում արժանապատիվ ապրելու` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, արդարացի և օրինական իրավունքի, որն իրականացվեց ԽՍՀՄ իշխանությունների հանցավոր թողտվությամբ: Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, վերստին դատապարտելով քսաներորդ դարի ողջ ընթացքում Ադրբեջանում կազմակերպված հակահայ բռնությունները, որոնց հետևանքով տեղաբնիկ հայ բնակչությունը զրկվել է պետականորեն ինքնակազմակերպվելու անօտարելի իրավունքից և, մասնավորապես, 1990թ. հունվարի 13-ից Բաքվում սկիզբ առած ջարդերը, դրանք գնահատում ենք որպես. -մարդու իրավունքների և ազատությունների, առաջին հերթին` ապրելու իրավունքի զանգվածային խախտման փաստ, -այլատյացության և ազգային անհանդուրժողականության, էթնիկ զտումների` Ադրբեջանի պետական քաղաքականության ակնհայտ դրսևորում, -մարդկության դեմ պետականորեն կատարված ծանրագույն հանցագործություն` Ցեղասպանություն, որի համար պատասխանատվությունը, միջազգային իրավունքի համաձայն, վաղեմության ժամկետ չունի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում իրագործված հակահայ բոլոր բռնությունները, տեղահանություններն ու էթնիկ զտումներն ստանան իրավական գնահատական, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվեն պատասխանատվության` անկախ նրանց քաղաքական ու հասարակական ներկա դիրքից կամ կեցության վայրից: Ի դրսևորումն այդ օրինական և արդարացի նպատակադրման,մենք դիմում ենք ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարաններին. - անցկացնել 1990թ. հունվարի 13-ից մինչև 20-ը Բաքվի հայ բնակչության դեմ իրագործված բռնությունների անաչառ հետաքննություն և իրավական գնահատական տալ ոճրագործության կազմակերպիչների և իրականացնողների գործողություններին, - հավասարության նշան չդնել խաղաղ պայմաններում պետականորեն կազմակերպված հանցագործությունների և այն զրկանքների միջև, որ տարածաշրջանի ժողովուրդները կրել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով: Հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու համար պահանջում ենք դատապարտել և պատժամիջոցներ կիրառել հանցավոր պետության նկատմամբ: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլև միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ»:

No comments: