Tuesday, January 19, 2010

«Ակոսի» խմբագիր. Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում շատ բան է փոխվել

News.am. 19-1-2010- Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից երեք տարի անց Թուրքիայում շատ բան է փոխվել դրական ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը եւ հավելեց. «Եւ կկարծեմ, որ դեպի ժողովրդավարություն, դեպի թափանցիկություն շատ բան փոխված է, եւ Հրանտից առաջ չասված բաներն այսօր կխոսվեն Թուրքիայում: Փոխված է, որովհետեւ վաղը հայտնի կդառնա, որ ժողովուրդն էլ սկսած է շատ բաներ պահանջել»: Անդրադառնալով Դինքի սպանության գործով դատավարություններին՝ Սերոբյանը նշեց. «Դատավարությունները կշարունակվեն, բայց արդեն դատավարության ընթացքից գոհ չեն Հրանտի բարեկամները, ընտանիքը, հիմնարկը: Կաշխատենք, որ դատավարությունը լինի Էրգենեկոնի դատի հետ, որ ավելի առաջընթաց լինի»,- նշեց խմբագիրը: Վերջինս նաեւ հայտնեց, որ հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության օրը, ցույց է լինելու «Ակոսի» առջեւ: «Ժամը 3-ին, այնտեղ, ուր երեք տարի առաջ Հրանտին սպանեցին, պիտի տեսնենք, թե վաղն ինչ պիտի կատարվի»,- նշեց Սարգիս Սերոբյանը: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով հրատարակվող «Ակոս» թերթի խմբագրապետը: Նա սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առջև: Սպանությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվեց 17-ամյա Օգյուն Սամաստը, որը սպանությունը կատարել էր Յանին Հայալի դրդմամբ: Հրանտ Դինքի թաղման օրը տասնյակ հազարավոր մարդիկ Թուրքիայում դուրս էին եկել փողոց «Ես Հրանտն եմ» պաստառներով:

No comments: