Wednesday, January 20, 2010

Ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման առնչությամբ Թուրքիայի քաղաքականությունը փոխվել է

/PanARMENIAN.Net/ 19.01.2010 - «Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման առնչությամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ են նշմարվում: Մասնավորապես, թուրքական կողմը մինչ այդ խոսում էր սահմանի բացման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծման մասին, իսկ այժմ` կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի մասին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նկատեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Սարգսյանի խոսքով, արցախյան հիմնախնդրի լուծման մեջ թուրքական կողմի համար որպես այդ որոշակի առաջընթաց կարող է ծառայել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում որեւէ հռչակագրի ստորագրումը: «Դա Մայնդորֆյան հռչակագրի նմանությամբ մտադրությունների մասին հռչակագիր կլինի, այլ ոչ թե հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիր»,- ընդգծեց Արամ Սարգսյանը: Նա նկատեց նաեւ, որ ներկա փուլում անհնար է ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման հանսել: «Հակամարտության լուծման համար առաջին հերթին ԼՂՀ-ն պետք է անմիջականորեն մասնակցի խաղաղ կարգավորման գործընթացին, ինչը կփոխի բանակցությունների բնույթը: Բանակցային գործընթաց վերադառնալուց հետո ԼՂՀ-ն առաջին հերթին պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից, որոնք մեզ համար անընդունելի են»,- ընդգծեց Դեմոկրատական կուսակցության նախագահը: Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը 1991թ. հիմնված քաղաքական կուսակցություն է: ՀԴԿ հիմնադիր-նախագահը Արամ Գասպարի Սարգսյանն է: 1998-1999թթ. եղել է Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանի խորհրդատուն, 2003-2007 թվականներին` Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր: Դեմոկրատական կուսակցության գաղափարախոսության հիմքում դեմոկրատական սոցիալիզմի մասին ուսմունքն է: Կուսակցությունը դեմոկրատական, ազգային արժեքների պահպանման եւ սոցիալական արդարության հաստատման կողմնակիցն է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: «Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն: Մայնդորֆի հռչակագիր: 2008 թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները մերձմոսկովյան Մայնդորֆում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հռչակագիրը: Փաստաթղթում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հայտարարեցին, որ մտադիր են «նպաստել իրավիճակի առողջացմանը Հարավային Կովկասում եւ ապահովել կայունության ու անվտանգության հաստատումը տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով` միջազգային սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»: Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական միջնորդական ջանքերի կարեւորությունը` հաշվի առնելով 2007թ. նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթուղթը եւ հետագա բանավեճերը: Կողմերը համաձայնության եկան, որ «խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով նրա բոլոր ասպեկտներում ու փուլերում»:

No comments: