Wednesday, January 20, 2010

Ալեքսանդր Կանանյան. Մադրիդյան սկզբունքների անգամ մեկ կետի կատարումն աղետալի է

/PanARMENIAN.Net/ 19.01.2010 - «Ես չեմ բացառում, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագիր արդեն գոյություն ունի, որը ստորագրվել է Հայաստանի նախագահի կողմից լիազորված անձի կողմից: Իսկ դրա հրապարակման ժամկետներն արդեն երկրորդական հարց է»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնողական խմբի անդամ Ալեքսանդր Կանանյանը: Կանանյանի խոսքով, նման եզրակացությունն ինքը կարող է իրեն թույլ տալ հայ-թուրքական Արձանագրությունների հրապարակման նախադեպից հետո: «Սկզբում մեզ ասում էին, որ ստորագրված հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» բավական ամորֆ փաստաթուղթ է: Հետո Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ հայ-թուրքական Արձանագրությունների բոլոր կետերը վերջնականապես համաձայնեցվել են դեռեւս 2009 թվականի փետրվարին»,- նկատեց նա: Ալեքսանդր Կանանյանն ընդգծեց, որ վերը ասվածի արդյունքում ոչ մի երաշխիք չկա, որ որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնագիր հիմա արդեն գոյություն չունի: «Մեր հասարակայնությունը պետք է հասկանա, որ Մադրիդյան սկզբունքների անգամ մեկ կետի կատարումն աղետալի հետեւանքների կհանգեցնի ԼՂՀ համար»,- հայտնեց նա: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: «Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն:

No comments: