Monday, January 11, 2010

Գաղտնի ռազմական համագործակցություն Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև

Panam.am 11-1-2010- Ադրբեջանական musavat.com-ին հայտնի է դարձել, որ 2001 թ-ից մինչ օրս Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև առկա բավականին լուրջ գաղտնի ռազմական համագործակցության արդյունքում «Ադրբեջանում ցանկացած պայմանում մարտական գործողություններ իրագործելու, ամբողջությամբ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ, հատուկ նշանակության երկու զորամաս է ձևավորվել»: Բաքվի շրջակայքում տեղակայված այդ զորամասերն ամբողջությամբ դուրս են Ադրբեջանի պաշտպանության նախարարության համակարգից: Դրանցից մեկը բաղկացած է արհեստավարժ զինվորականներից և ցածրաստիճան սպաներից: Այդ հատուկ նշանակության փակ զորամասի մարտիկները վարժվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան: Ժամանակ առ ժամանակ նրանք պատրաստություն են անցնում Թուրքիայի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի ու այլ երկրների նմանատիպ զորամասերում` հատուկ պայմաններում, լեռնային շրջաններում, ինչպես նաեւ խիստ եղանակային պայմաններում կռվելու համար: Երկրորդ զինվորական մասում Պենտագոնի հրահանգիչների կողմից պատրաստվող հատուկ նշանակության ծովային հետևակն է տեղակայված: «Ծովային կատուներ» կոչված հետևակը ստեղծվել և վարժվում է Պենտագոնի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հատուկ ծրագրի իրագործման շրջանակում` ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության` Ալ Ղաիդայի դեմ գաղտնի գործողությունների մասնակից Blackwater անվտանգության մասնավոր կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն: Կասկած չկա, որ Պենտագոնը Ադրբեջանի համար «ծովային կատուներ» է պատրաստել Կասպից ծովում Իրանից ուղղված սպառնալիքներին դիմակայելու համար: «Ռազմական փորձագետները գտնում են, որ Ղարաբաղում հնարավոր լոկալ ռազմական գործողություններին այդ զորամասերի մասնակցությունը չի բացառվում: Ընդսմին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց այդ զորամասերի վրա է հույսը դնում»,- համոզմունք է հայտնել musavat.com-ը:

No comments: