Thursday, December 1, 2011

«Համբալը», «դեբիլը», «հայվանը»

«Լրագիր» 30-11-2011- Երբ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը Նաիրիտի բանվորներին «համբալ» անվանեց, թվում էր, թե իշխանությունը դրան այնպիսի հստակ արձագանք կտա, որ պետական պաշտոնյաների բառապաշարային նորմատիվները էապես կփոխվեն եւ այլեւս բացարձակ հարգանք կպարունակեն շարքային քաղաքացու հանդեպ:
Չէ որ Սերժ Սարգսյանն է իր կուսակից հանրապետականներին խորհուրդ տալիս փոխվել, անձամբ փոխվել:
Բայց, Հայաստանի քաղաքացիների անվտանգության երաշխավոր Սերժ Սարգսյանը ոչինչ չասաց: Մինչդեռ, քաղաքացու անվտանգություն երաշխավորելը չի նշանակում երաշխավորել միայն ֆիզիկական անվտանգությունը, կամ երաշխավորել այսպես ասած արտաքին ու ներքին թշնամիներից:
Քաղաքացու անվտանգությունը պետք է երաշխավորել ֆիզիկական, բայց նաեւ բարոյական իմաստով, ու ոչ միայն «օտար մշակույթներից», ինչով զբաղված էր էմոների վրա գրոհող Ալիկ Սարգսյանը, այլ հենց պետական պաշտոնյաներից, որ քաղաքացին պաշտպանված լինի ասենք «համբալ» պիտակավորումից:
Կարեն Կարապետյանին ներեցին «համբալը»: Դրանից ոգեւորվեց Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանը, երեւի մտածելով, որ «համբալ» բառը նորաձեւ է իշխանական համակարգում եւ պետք չէ հետ մնալ դրանից, առավել եւս, որ գալիս է նախագահի նստավայրից, հնչում է նախագահի նստավայրի դիմաց:
Հետո Գոհար Քյալյանը հրաժեշտ տվեց բժշկականի ռեկտորի պաշտոնին, բայց իհարկե ոչ թե «համբալ» բառի համար, այլ որովհետեւ իշխանությունը երեւի թե պարզապես չէր ուզում, որ նա այլեւս լինի ռեկտոր:
Բայց, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեւի թե ապահովության համար որոշեց արդեն «համբալ» բառը չօգտագործել շարքային քաղաքացիների հետ շփումներում, այլ օգտագործել «դեբիլ» բառը: Ոստիկանապետին պաշտոնանկ արեցին, բայց տարան նախագահի խորհրդական: Երեւի հասկացնելով, որ «դեբիլ» պետք չէ, «համբալը» բավական է:
Սակայն, խորհրդարանի որոշ պատգամավորներ էլ երեւի մտածեցին, որ ոչ «համբալն» է պետք, ոչ էլ «դեբիլը»: Դրա համար էլ պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Ժառանգության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին «հայվան» է անվանել, դրսեւորելով «նորարարություն»:
Կամ էլ, իշխանության մեջ ընդունված է շարքային քաղաքացիներին «համբալ» անվանել, իսկ գործընկերներին՝ «հայվան»:
Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե չվերաբերեր մարդկանց, որոնք իրենց դասում են օրենքից վեր եւ անպատիժ խոսքեր ենյ շռայլում աջ ու ձախ: Ավելին, այդ ամենը գուցե մի քանի տարի առաջ էր ծիծաղելի, բայց այսօր արդեն պետական ողբերգություն է: Օրինակ, քաղաքացուն՝ տվյալ դեպքում կարեւոր չէ, թե որ երկրի, կարող են ձերբակալել Սերժ Սարգսյանի նկարը գետին գցելու համար, իսկ ահա Շմայսը բնականաբար ոչ մի պատասխան չի տա պատգամավորին «հայվան» ասելու համար, ինչպես որ Կարեն Կարապետյանն ու մյուսները պատասխան չտվեցին ու չեն տալիս իրենց խոսքերի համար:
Իսկ քաղաքացիներն էլ բնականաբար դատարան չեն դիմի, որովհետեւ այնտեղ բավարարում են երեւի թե միայն օլիգարխների դիմումները:
Այդպես է «փոխվում» իշխանությունն ամբողջությամբ, եւ մեկ առ մեկ:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: