Monday, January 18, 2010

ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՆՈՐ ՀՌՉԱԿԱԳԻ՞Ր

«Լրագիր» 18.1.2010- Հայ-թուրքական գործընթացին “զուգահեռ” ընթացող ղարաբաղյան կարգավորման մեջ նկատվում է ակտիվության նոր բռնկում: Նախ, ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի առանձին այցը Ստեփանակերտ, որտեղ նա հատկանշական հայտարարություն արեց. “Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս նոր տարում ԱՄՆ-ն կներդնի իր բոլոր ջանքերը, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդն ապագայում ունենա խաղաղ, բարգավաճ եւ լավ կյանք”: Այստեղ հատկանշականը, թերեւս, “այս տարի” բառակապակցությունն է. Երեւում է, ամերիկացի գործիչը նկատի ուներ, որ ԱՄՆ ստիպված է ինչ որ բան անել` Ռուսաստանն է չափազանց ակտիվացել: Իսկ մոսկվան իսկապես ինչ որ բան է պատրաստում, ինչպես վերլուծաբաններն են ենթադրում` նոր հռչակագիր: Ամենայն հավանականությամբ, դրանում կլինի Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության մասին կետ: Մինչ այժմ հայկական կողմին չէր հաջողվում հասնել Ադրբեջանի ստորագրությանը նման փաստաթղթի տակ: Այս անգամ, հնարավոր է, դա տեղի կունենա, ամենայն հավանականությամբ Հայաստանի կողմից ինչ որ զիջումների դիմաց: Համենայն դեպս, Երեւանում Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը նշեց, որ Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը հաշվի կառնվի: Ի տարբերություն մեզ, Լավրովը գիտե ապագա հռչակագրի տեքստի մասին, այդ պատճառով էլ հանգիստ հայտարարում է կամարտահայտման մասին: Ցանկացած համատեղ հռչակագիր, բանավոր կամ գրավոր տեսքով, որը ձեռք կբերվի Ռուսաստանի հանդիպումից հետո եւ որը հստակ ցույց կտա, որ հայկական ու ադրբեջանական կողմերը համաձայն են մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին, կդառնա կարեւոր շրջադարձ: Դա Թուրքիային կտա գործողությունների ազատություն Հարավային Կովկասում իրավիճակը նորմալացնելու ջանքերի շրջանակում, ասել է բարձրաստիճան թուրք դիվանագետը: Այն, որ Հայաստանին կհամոզեն ինչ որ քայլ անել, ակնհայտ է բոլորի համար: CNN-Turk-ը գրում է, թե Թուրքիան համաձայն է նույնիսկ Ադրբեջանին մեկ վերադարձված շրջանին: Ակնհայտ է նաեւ այն, որ Ռուսաստանը պատրաստ է կիրառել ավելի գործնական քայլեր, չսահմանափակվելով հռչակագրերով: Հատկանշական է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի վերջերս արած հայտարարությունը, ըստ որի ՀԱՊԿ կարող է մասնակցել խաղաղարար գործողությունների ինչպես ինքնուրույն, այնպես էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով: ՀԱՊԿ այս կամ այն ձեւով միջամտությունը ղարաբաղյան կարգավորմանը ենթադրություն է, ասել է Բաքվում Ռուսաստանի դեսպանը: Սակայն, ինչպես գտնում է Ճգնաժամերի միջազգային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեզերը, Ռուսաստանը բավարար լծակներ չունի ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար: Մոսկովյան հռչակագիրը, որ ընդունվել է 2008-ի նոյեմբերին, դարձավ Ռուսաստանի ոչ բավարար ազդեցության օրինակ: Ռուսաստանն իսկապես հաջողության հասավ այն բանում, որ ստացավ երկու նախագահների ստորագրությունը, սակայն իրականում դա ոչինչ չտվեց եւ կողմերին չմոտեցրեց համընդհանուր համաձայնության, ասել է Ֆրեզերը: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: