Monday, January 18, 2010

Ռուս փորձագետ. Ադրբեջանը կամ կհամաձայնի ԼՂՀ անկախությանը, կամ կճանաչվի ագրեսոր

Panorama.am. 18-1-2010- Եթե Ադրբեջանը շարունակի իր ապակառուցողական դիրքորոշումը` խուսափի փոխզիջումների գնալուց, ապա մեկ-երկու տարուց հնարավոր է, որ ամեն ինչ կորցնի: Նման եզրահանգման է եկել ռուս փորձագետ Իվան Պրեոբրաժենսկին` վերլուծելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: Փորձագետը, վերլուծելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօր Մոսկվա կատարած այցելությունն ու ռուս գործընկրեների հետ բանակցությունների հնարավոր օրակարգը, հիշեցնում է, որ դրանից անմիջապես առաջ տարածաշրջանային խնդիրները քննարկվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մոսկովյան և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվի` երևանյան այցելությունների ընթացքում: Հեղինակն ընդգծում է, որ այդ օրերին մասնավոր անձի կարգավիճակով Մոսկվա է այցելել և համապատասխան հանդիպումներ է ունեցել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հակիրճ հիշեցնելով Էրդողանի` նախապայմաններ առաջադրելու մասին, և Վլադիմիր Պուտինի` այդ նախապայմանները կատեգորիկ ժխտելու մասին հայտարարությունները, Իվան Պրեոբրաժենսկին գալիս է եզրահանգման, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Գնալով ավելի շատ վերլուծաբաններ են հանգում այն մտքին, որ Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման հարցում մնացել է «հպարտ մենության» մեջ: Իլհամ Ալիևի` և 7 գրավյալ շրջանները, և բուն Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու պահանջներն, իրական աջակցություն չեն ստանում: Հաշվի առնելով ուժերի առկա դասավորությունը` Ադրբեջանն ակնհայտորեն պետք է զիջումներ անի Հայաստանին, որպեսզի չկորցնի ամեն ինչ: Անկարայի ու Երևանի հարաբերությունների բարելավմանը զուգընթաց Իլհամ Ալիևի դիրքերը թուլանալու են: Այնպես որ` նա, գոնե առերևույթ պետք է համաձայնի հայկական ամենաշռայլ առաջարկի հետ` գոնե հրաժարվի բուն Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջաններից երկուսի նկատմամբ հավակնություններից: Փոխարենը ստանալով հինգ շրջանները և խոստում առ այն, որ «հեռավոր ապագայում» մյուսների մասին կմտածեն: Այդ որոշումից, դատելով ամենայնից, Ալիևին հետ է պահում հույսը, թե Թուրքիայի խորհրդարանը կհրաժարվի վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Նամն հույսեր արտահայտում են թե արձանագրությունների վավերացմանն ու Ղարաբաղի հարցում փոխզիջումներին դեմ հանդես եկող հայերը, թե ադրբեջանից վերլուծաբանները: Սակայն եթե Թուրքիան մոտ օրերս հասկացնի, որ այդ հույսերն անհիմն են, Ալիևն այլևս փախչելու տեղ չի ունենա: Եթե նա որոշումը ձգձգի, ապա մեկ-երկու տարուց ընդհանրապես ոչինչ չի ստանա, ավելին` միջազգային հանրության կողմից կարող է ճանաչվել որպես ագրեսոր: Ըստ ամենայնի, այս օրերին Մոսկվան ու Անկարան ոչ պաշտոնական ուղիներով ադրբեջանցի նախագահին հենց դա են բացատրում: Եվ եթե այդ փաստարկները նա չլսի, իսկ թուրքական խորհրդարանը «բարի կամք» դրսևորի, ապա ղարաբաղի հարցով համաձայնությունը կարող է ի հայտ գալ այս տարվա հունվարին: Եթե, իհարկե, Ալիևին չկանգնեցնեն Ղարաբաղին անկախություն տրամադրելուն դեմ ադրբեջանցիների վերջին փաստարկը` ռազմական հեղաշրջման սպառնալիքը»:

No comments: