Friday, January 29, 2010

ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ` ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

«ԱԶԳ», 29-01-2010- Հայ-թուրքական Արձանագրությունների եւ ԼՂՀ խնդրի հետ կապված զարգացումները շարունակում են իրարամերժ դրսեւորումներ ունենալ, ինչը ցույց է տալիս երկու խնդիրների շուրջն էլ ստեղծված, կարելի է ասել, նյարդային մթնոլորտը ոչ միայն կողմ երկրներում, այլեւ միջազգային կառույցների մակարդակում, եւ անգամ` անսպասելի դրսեւորումների տեսքով, որին հայկական կողմի քայլերը դեռեւս, հասկանալի չէ, համարժե՞ք են, թե՞ ոչ: Այսպես, Դավոսում համաշխարհային համաժողովին մասնակցող Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, The Wall Street Journal-ի հաղորդմամբ, ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն ու Թուրքիան մոտենում են այնպիսի փուլի, երբ հարցը գնալով բարդանում է: Վիգեն Սարգսյանը պարբերականին իրազեկել է, որ Հայաստանի կառավարությունը Արձանագրություններն ուղարկելու է Ազգային ժողով` վավերացման, միաժամանակ այժմ պատրաստվում են այնպիսի փաստաթղթեր, որոնք Հայաստանի նախագահին թույլ կտան Արձանագրությունների տակ դրված ստորագրությունը հետ կանչել: Ըստ Սարգսյանի` եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու այս հնարավորությունը բաց թողնվի, այդ հարցում, տարածաշրջանը հետ կշպրտվի ոչ թե այնտեղ, որտեղից սկսել ենք, այլ շատ ավելի հեռու, իսկ երկու կողմերի` միմյանց հանդեպ վստահությունն ընդհանրապես կանէանա: Սա` Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո թուրքական մի շարք մերժողական հայտարարություններից հետո` որպես այս պահի վերջին շեշտադրում: Այս ֆոնին մեկ օր առաջ ԵԽԽՎ նորընտիր նախագահ, ազգությամբ թուրք Մովլութ Չավուշօղլուի` ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի հետ կապված` Հայաստանի Ազգային ժողովի կոալիցիոն կուսակցությունների պահանջած բացատրությանը հետեւել են զարգացումներ: Ու թեեւ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամներին հանդիպած Չավուշօղլուն ասել է, թե գործակալությունը մեկնաբանել է իր խոսքերը, խեղաթյուրվել է իր ասածի իմաստը, ինքն ընդամենը խոսել է տարածաշրջանի խնդիրների, այդ թվում` ՌԴ-Վրաստան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, որոնք պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով, իսկ ԼՂ հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում է, ԵԽԽՎ-ն էլ կարող է աջակցել հակամարտությունների լուծմանը: Մի խոսքով` Չավուշօղլուն չքմեղացել է, եւ նրա բացատրությունները համադրելով` կարելի է ենթադրություն անել, թե ԱԺ կոալիցիայի երեկվա հայտարարությունը մի փոքր շտապողականության դրսեւորում է, եթե , իհարկե, մեր խորհրդարանականները չեն տիրապետել այնպիսի տեղեկատվության, որը դեռեւս լրատվամիջոցներին անհայտ է: Եթե Չավուշօղլուն այդպիսի հայտարարություներ էր արել ինչ-որ ադրբեջանական գործակալության, արժեր նախ բացատրություն պահանջել նրանից` մինչեւ կոալիցիայի հայտարարությունը, եւ դեռ մեր լրագրողներից մեկն էլ կարող է հարցազրույց վերցնել Չավուշօղլուից նույն թեմաներով հենց ` գուցե հենց այդտե՛ղ կպարզվեր, որ ադրբեջանական աղբյուրներն, ինչպես միշտ, ապատեղեկատվությամբ են զբաղված, ու նրանց կարգի կհրավիրեին մեր` հայկական լրատվամիջոցների մակարդակով: Սակայն զարմանալիորեն մեր օրենսդիր բարձր ատյանը, մինչեւ այդ բոլորը ճշտելն է քաղաքական հայտարարություն արել, թե ԵԽԽՎ նոր նախագահը կանխակալ տեսակետներ ունի ԼՂ հարցում եւ նրա որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը ԼՂ հիմնահարցի ընկալման հարցում: Որ ազգությամբ թուրք Չավուշօղլուն երկիմաստ կամ կես-կես կարծիքների իրավիճակում կարող է այնպիսի «դվիժենի» անել, որ մեր դեմ որոշումներ կայացվեն, դա հասկանալի է, եւ մինչեւ հիմայի համեմատ` ԵԽԽՎ մեր պատվիրակությունից տասնապատիկ ավելի պրոֆեսիոնալ ու զգոն աշխատանք է պահանջվելու այսուհետեւ դիմակայելու հնարավոր կանխակալությունը, բայց նա առայժմ իր պաշտոնի բերումով չպիտի որ կարողանար կողմնակալ (ասել է թե` ի վնաս իր պաշտոնի) մեկնաբանություններ անել: Ու դրա համար է, որ նախ հարկավոր էր ճշտել իրողությունները, հետո հորդորել ԱԺ նախագահին` «ԵԽԽՎ նախագահից ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ` արդյո՞ք նրա խոսքերը կարելի է համարել ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում եւ հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Մովլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը»: Ուզում ենք ասել` նախ պետք էր ճշտել հարցազրույցի իսկությունը, հետո հայտարարություն անել, եւ ոչ թե ընդհակառակը, իսկ անդամություն սառեցնելն ամենահեշտ եւ ամենավերջին միջոցն է: Համենայնդեպս, կարծում ենք Չավուշօղլուն էլ այս բոլորից իրեն հասնող բաժինն ստացավ. հաջորդ անգամ նա ավելի զգույշ կլինի... Այս բոլորից հետո ԼՂ խնդրում մի նոր շեշտադրում էլ արել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը, Հայաստանին ու Ադրբեջանին երեկ կոչ ուղղելով` շուտափույթ համաձայնեցնել ղարաբաղյան կարգավորման սկզբունքները, որոնց բանակցությունների ձգձգումը կարող է վնասել հակամարտության կարգավորմանը: Նա ասել է, թե հիմնախնդրի կարգավորման մեջ գլխավոր դերը Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Մինսկի խմբի ջանքերն են. «Հիմնարար սկզբունքների բանակցությունների ձգձգումը կարող է բացասաբար ազդել նրա հետագա ընթացքի վրա եւ վերջնականապես խաթարել կողմերի վստահությունը միմյանց նկատմամբ», ասել է ԵԱՀԿ գործող նախագահը` չմոռանալով հիշեցնել, որ իր երկիրը (Ղազախստանը) պատրաստ է օգնել հիմնարար սկզբունքների համաձայնությունների ձեռքբերման եւ գործընթացում անմիջական մասնակցություն ունենալ. ինչպես տեսնում եք` կենացները քաղցրանում են, ահա եւս մեկ երկիր, որ ուզում է մասնակցել ԼՂ հարցի կարգավորմանը: Ապա ԵԱՀԿ գործող նախագահն ավելացրել է, թե խնդիրը հնարավոր է լուծել բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերով, իսկ ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն, ընդհանուր նպատակներ ունենալով` հակամարտության կարգավորման առումով որոշակի հաջողությունների կարող են հասնել սերտորեն համագործակցելով: Մի խոսքով` կարգավորման մասնակիցների կազմն ընդլայնելու նախկին խոսակցությունը, ինչպես տեսնում եք, նորից բարձրացնողներ կան, իսկ թե ի՞նչ դուրս կգա դրանից` չգիտենք: Առայժմ հասկանալի է, որ հայ-թուրքական եւ ԼՂ զույգ գործընթացները վերջին ամիսներից ավելի ակտիվ են հիմա, եւ երեւում էՙ երկուսի դեպքում էլ հանգուցալուծումը` բացասական կամ դրական, նորությունները չեն ուշանա: ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: